«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2011-11-16 | #207, 2011-11-17 | #208, 2011-11-18


«ՃԱՆԱՊԱՐՀԸ» ՈՒՂԵՑՈՒՅՑՙ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՑԱՎՆ ՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոր եւ որդու հուզիչ կապը հաստատող այս ֆիլմը, ըստ լրագրող Ֆլորենս Ավագյանի «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված հոդվածի, հոկտեմբեր ամսին ցուցադրվել է Ամերիկայով մեկ: Սցենարի հեղինակ եւ ռեժիսորն է Էմիլիո Էստեվեզը, դերասան Մարտին Շինի որդին, իսկ պրոդյուսերըՙ հայազգի Դավիթ Ալեքսանյանը եւ իր «Էլիքսիր ֆիլմզ» ընկերությունը:

Ֆիլմը ընդգծում է տարբերությունը մեզ պարտադրված ընթացիկ կյանքի եւ մեր ընտրած կյանքի միջեւ: Երբ Կալիֆոռնիայում լավ դիրքի հասած ակնաբույժը (Մարտին Շին) տեղեկանում է, որ իր միակ որդին (Էմիլիո Էստեվեզ) Պիրենյաններում փոթորկի հետեւանքով մահացել է, թողնելով ամեն ինչՙ շտապում է Ֆրանսիաՙ ավարտելու իր որդու դեպի «Կամինո դը Սանտյագո» ուղեւորություն ու ուխտագնացությունը եւ դրանով ավելի լավ հասկանալու ինքն իրեն ու իրենից օտարացած որդուն: Նա տարբեր մասնագիտությունների եւ ազգությունների ներկայացուցիչներից մի արշավախումբ է կազմում, ընդգրկելով դրանում մի ծանրքաշային հոլանդացու (Յորիկ վան Վագենինգեն), մռայլ տեսքով մոլի ծխող մի կանադացու (Դեբորա Կարա Ունգեր) եւ մի իռլանդացի գրողի (Ջեյմս Նեսբիտ), որոնք բոլորն ինչ-որ ձեւով ցանկանում են ձերբազատվել իրենց անձնական թերություններից կամ այն իրավիճակից, որում հայտնվել են:

Ճանապարհին նա շաղ է տալիս իր որդու մոխրացած աճյունը: Ճիշտ է, ըստ Ավագյանի, ֆիլմը շատ խոր չի թափանցում մարդկանց հոգեկանի մեջ, բայց որոշակի փոփոխություն հանդիսատեսը նկատում է ընկերական շփումների հետեւանքում: Վերջում նրանք հասնում են իրենց վերջնակետինՙ իսպանական այն վանքը, որտեղ ենթադրաբար թաղված է Ս. Ջեյմսը (Ս. Հակոբը):

Դավիթ Ալեքսանյանը մեծացել է Փենսիլվանիայում եւ ավելի քան 10 տարի զբաղվում է ֆիլմերի եւ պիեսների պրոդյուսերական աշխատանքով: Իր քրոջՙ Ալեքսիսի հետ նա հիմնել է «Էլիքսիր ֆիլմզ» ընկերությունը: «Ճանապարհը» ֆիլմով սկսել է զբաղվել 2008-ից, երբ Էստեվեզը նրա «Անկման երկար ճանապարհ» ֆիլմը դիտելուց հետո դիմել է նրան:

Դրանից առաջՙ 2001-ին նա ֆիլմի է վերածել Էրիկ Պողոսյանի «Վեր կաց եւ սուրճի հոտը առ» մենախոսությունը: Նաեւ «Լավ գողը» եւ «Որտեղ աճում է ձարխոտը» ֆիլմերը: Վերջերս Հարավային Աֆրիկայում համագործակցելով լեգենդար երգիչ Բոբ Մառլեյի որդիների հետՙ նա վավերագրական ֆիլմ է պատրաստել նրա մասին, որը շուտով կցուցադրվի էկրաններին:

Հ. Ծ.

Նկար 1. Սոֆիա Մգդեւսկի, Մարտին Շին, Էմիլիո Էստեվեզ եւ Դավիթ Ալեքսանյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4