Մի քանի օր առաջ Լոս Անջելեսի Գլենդեյլ եւ Բըրբանկ քաղաքների սահմանին (Վերդյուգո Սփրինգ Լեյն ճանապարհահատվածի վրա), ցերեկվա մոտավորապես ժամը 2.50-ին հսկա ու շքեղ կատվառյուծն անվրդով զբոսնում էր իր համար: Բըրբանկ քաղաքի ոստիկանության հաղորդագրության համաձայն, բլրալանջի զառիվայրից իջնելուց հետո լեռնային առյուծը մի քիչ էլ ճեմեց տներից մեկի հետնաբակում եւ անհետացավ: Մինչ այս, վերջին անգամ լեռնային առյուծը սարից քաղաք էր իջել օգոստոսին, եւ մարդիկ նրան տեսել էին մեքենաների կայանատեղերից մեկում:
Հենց հաջորդ օրը, նոյեմբերի 10-ի կեսգիշերին, այս անգամ էլ հսկա սեւ արջը հայտնվեց, դարձյալ կայանատեղերից մեկում, որը գտնվում է քաղաքի գործարար ու աղմկոտ հատվածներից մեկում` Ֆրանկլին փողոցում: Մինչ այդ, սեպտեմբերին մարդկանց վրդովել էին շնագայլերը, որոնք որոշել էին ժամանակավոր բնակություն հաստատել հրդեհի ճարակ դարձած մի տան ավերակներում Բրոկմոնթ Դրայվ հատվածի վրա:
Աշխարհագրականորեն Գլենդեյլը տեղադրված է Սան Ֆերնանդո հովտի արեւելյան եզրին, անմիջապես հպված Վերդյուգո լեռներին: Այս լեռնաշղթան վայրի ֆաունայի փոքրիկ կղզյակ է` անմիջապես քաղաքային միջավայրի սրտի մեջ: Վերջին ժամանակներս վայրի կենդանիներն այնքան հաճախ են հայտնվում Գլենդեյլում եւ հարակից մյուս քաղաքներում, որ իշխանությունները ստիպված են լրջորեն նախազգուշացնել քաղաքացիներին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ասենք, կտրտել տնամերձ պարտեզների թփուտները, որպեսզի գազանները թաքնվելու տեղ չունենան, կամ երբեք մենակ չթողնել փոքր երեխաներին ու տնային կենդանիներին: Եվ կարեւորը` խուսափել մթնշաղին դանդաղ վազք կատարելու սովորույթից, որ այնքան տարածված է այստեղ եւ առողջ կենսակերպի կարեւոր բաղադրիչ է համարվում:
Լեռնային առյուծի վերջին այցն անսովոր էր այնքանով, որ այս կենդանիները սովորաբար ցերեկվա ժամերին չեն իջնում քաղաք, նրանց նախընտրած ժամանակը կիսամութն է, երբ լույսը դեռ չի զիջել խավարին: Քաղցած կենդանիները ջուր ու կերակուր են որոնում: Հավանաբար ամերիկյան տնտեսական ճգնաժամն ինչ-որ կերպ ազդել է նաեւ նրանց վրա:
Դ. Դ.