«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2011-11-16 | #207, 2011-11-17 | #208, 2011-11-18


ԻՐԱՆՈՒՄ ԳՐՔԻ ՇԱԲԱԹՎԱ ԱՌԻԹՈՎ

Պետական գնահատագրերՙ դոկտ. Լ. Մելքոնյանին եւ տկն. Ա. Բաբայանին

Նոյեմբերի 15-ի առավոտյան, Թեհրանի «Խանեյե քեթաբ» գրական կենտրոնում, Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարարության, մշակութային տեղակալության նախաձեռնությամբ եւ երկրում ընթացող «Գրքի շաբաթվա» ծրագրերի շարանում կայացավ հատուկ միջոցառումՙ «Միաստվածային կրոնների հետեւորդների մշակութային նիստ», որը կազմակերպվել էր նաեւ մեծարելու կրոնական փոքրամասնությունների որոշ գրողների եւ հետազոտողների:

Ծրագիրը վարում էր կրոնական փոքրամասնությունների գործերի գրասենյակի պատասխանատուՙ Սաիդ Թաղավին , որը ծրագրի սկզբում ներկաներին տեղեկացրեց Թեհրանի միակ հայկական «Նաիրի» հրատարակչության տնօրեն Սեպուհ Ամիրխանյանի վաղահաս մահվան մասին եւ խնդրեց մեկ րոպե հոտնկայս եւ լռությամբ հարգել նրա հիշատակը: Ապա բեմ հրավիրեց մշակութային աշխատանքների, հավաքականությունների գործերով գերատեսուչ դոկտ. Վասֆիին, բացման խոսքն ասելու:

Այնուհետ հերթաբար յուրաքանչյուր համայնքից մեկ հոգի բեմ հրավիրվեց ելույթի համար: Իրանահայ համայնքից ելույթով հանդես եկավ դոկտ. Լինա Մելքոնյանը , որը խոսեց հայ-իրանական մշակութային գործակցությանց եւ մերօրյա հարաբերությունների մասին:

Ապա օրվա առիթով իր խոսքն ասաց մշակույթի եւ իսլ. առաջնորդության նախարարության մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Բահման Դոռին : Նա ներկաներին փոխանցեց նախարարի ջերմ ողջույնները եւ ցավ հայտնեց, որ ընդամենը մեկ հայկական հրատարակչատուն կա Թեհրանում եւ խոստացավ իր հերթին օգնել, որպեսզի հայերը ունենան ավելի շատ հրատարակչություններ:

Վերջում նախարարի օգնականի կողմից հատուկ գնահատագրեր հանձնվեցին կրոնական փոքրամասնությունների մի քանի գրող հետազոտողների:

Գնահատվողների շարքում հանձինս դոկտ. Լինա Մելքոնյանի եւ տկն. Աստղիկ Բաբայանի իրենց արժանի տեղն ունեին նաեւ իրանահայերը:

Պրն. Թաղավին հիշատակեց նաեւ, որ վերջերս հայ համայնքը մեծ շուքով կազմակերպել էր տկն. Աստղիկ Բաբայանի «Գրքերի որբանոցը» գրքի շնորհանդեսը:

Հավելենք, որ հոկտեմբերի 28-ին, Թեհրանում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, ՀԲԸՄ-ի եւ «Արաքս» շաբաթաթերթի համատեղ նախաձեռնությամբ կայացավ Ա. Բաբայանի «Գրքերի որբանոցը» գրքի շնորհանդեսը, որին իրենց ուղերձներով հատուկ շուք տվին նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ՀՀ Սփյուռքի նախարարը :


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4