«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2011-11-16 | #207, 2011-11-17 | #208, 2011-11-18


ՈՒՐԱԽ ԱԿՈՐԴՆԵՐ

Դահլիճը ընկղմվում է մթության մեջ, մանկական հետաքրքրությամբ փայլող աչքերը սպասում են արտահայտում:

- Տո՛ւր ձեռքդ, փոքրի՛կ,- հրավիրում են ուրախ գլխապտույտ ռիթմերը գույների ու լույսերի աշխարհից:

Հեքիաթների աշխարհում իրականության մեկ այլ` երգիծական ու ալեգորիկ ընկալում է, ուր ազատորեն տրվում են երեւակայությանն ու սլանում մարդկային անիրականանալի ցանկությունների իրագործման ետեւից:

Պատանի հանդիսատեսի թատրոնը մշակութային այն գլխավոր օջախներից է, որը ներազդում ու ամրապնդում է ապագա սերնդի բարոյագեղագիտական նկարագրի ձեւավորմանը, նպաստում վեհ արժանիքների գիտակցմանը: Թատրոնի բազմաժանր խաղացանկում տեղ են գտել թե՛ հայ եւ թե՛ արտասահմանյան դասական պիեսները, որոնցից յուրաքանչյուրն իր բարոյակողմնորոշող ներդրումով է ներկայանում:

Թատրոնը իր 82-րդ թատերաշրջանը բացեց Գրիմմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտները» ներկայացմամբ, որը մի ինքնատիպ ամբողջություն է` կազմված մուլտֆիլմի եւ հեքիաթի հայտնի դրվագներից, սյուժետային հաջողված զարգացումներով եւ համեմված հետաքրքիր այլ մտահղացումներով:

Մանկությանդ հուշերից ասես վեր են հառնում ընկերասեր ազատատենչների` բրեմենյան երաժիշտների ուրախ կերպարները, ովքեր Գրիմմ եղբայրների այլ հերոսների պես ասես կառք նստած գնում են գտնելու լույսի, հավատի, սիրո ու ազատության հաղթանակը:

Ի տարբերություն գրական ու էկրանային տարբերակի ներկայացումը փոքրիկներին առաջարկում է անմիջական շփում, նպաստում նրանց ակտիվ ու բուռն մասնակցությանը` ներգրավելով հերոսների ուրախ ու զարմանահրաշ աշխարհ:

Մանկական ներկայացումներում փոքրիկի կողմից առաջնային ընկալումը դա զգեստներն են: Նա զննում է հերոսին, ապա սկսում հետեւել նրա գործողություններին: Հետեւաբար` հավաստի վարքագծին օգնության են հասնում ներկայացման կերպարին համահունչ, թատերային վառ երեւակայությամբ ստեղծված զգեստները: Ռեժիսորը (Հակոբ Ղազանչյան) անհատականացրել է երաժիշտների կերպարները, բնավորության որոշակի չափազանցված գծերով առանձնացրել նրանց: Ավանակը (Վ. Թադեւոսյան) ներկայանում է իր նեղացկոտ բնավորությամբ, Փիսիկը (Ն. Բաղդասարյան)` մեղմ ու դիվանագիտական, Աքլորը (Գ. Հակոբյան)` հալածվածի ու իր մազապուրծ փետուրները փրկելու մտահոգությամբ, Շնիկը (Ա. Բայաթյան)` իր վճռական բնավորությամբ, Տրուբադուրը (Ի. Ղարիբյան)` մեղմ ու թախծոտ, լիրիկական տրամադրությամբ: Այլ է պատկերը պալատականների մոտ: Ինչպես միշտ այնտեղ թախծում են ձանձրույթից ու զվարճալիքներ փնտրում: Արքայադուստր-Մարիամ Ղազանչյանը քմահաճ է, չարաճճի, նախաձեռնող ու համարձակ, սեփական զգացմունքների համար մարտնչող: Նրան ուղեկցում է ակտիվ կեցվածքով, կենսուրախ ու գաղափարակից նաժիշտը (Դ. Խերանյան): Արքա-Արայիկ Մաթեւոսյանը բանաստեղծական ներշնչումով է ներկայանում, անվճռական է: Արքայի գլխավոր «հավատարմատարը» (Արման Միրիջանյան) գունեղ ու թատերային է իր մեծ թիթեռնիկ վզկապով, սեփական շահին անդավաճան վարքագծով, յուրահատուկ լրջությամբ եւ արժանապատվության յուրօրինակ զգացումով: Չմոռանանք Ավազակներին (Ք. Հակոբյան, Ա. Գեւորգյան), ովքեր հայտնվում են հեքիաթային ավազակի դասական կերպարով. մոտալուտ ավարի հափշտակման տենչով ու միշտ ձախողակի կեցվածքով: Այլ է նրանց պարագլխի` Բոբոյի (Շ. Ղազարյան) զավեշտալի կերպարային նկարագիրը` հագուստը ծայրահեղ լուծումներով է, մազերն էլ վերեւում հարդարված ու կարմիր, սրտաձեւ խաղաքարտի պատկերով զարդարված:

Գործողությունները զարգանում են հեքիաթային մի միջավայրում, որը համատեղում է պալատ-անտառ-խրճիթ վայրերը, (բեմանկարիչ եւ զգեստ. ձեւավորող` Ն. Քեշիշյան), որոնք երբեմն գործածության մեջ են մտնում միաժամանակ: Ներկայացման ընդհանուր մտահղացման մեջ ռեժիսորն ասես որոշ տեսարաններում կոմպրոմիսի է գնում ու փոխադրության միջոցով գոծողությունները զարգացնում հայկական միջավայրում: Կատակների ու նետվող ապարտների միջոցով ներկայացվում է մեր ներկան, իսկ թարգմանված երգերի միջոցով հայ փոքրիկներին ընկալելի է դառնում դրանց գաղափարական նշանակությունը: Գործածության մեջ են բոլոր երաժշտական գործիքները եւ դրանցից ամեն մեկը ազատության իր ընկալումը փոխանցում է, կարծես թե, միայն երեխային հասկանալի լեզվով:

Կատակերգական տեսարաններից անմոռանալի տպավորություն են թողնում կատվի փառահեղ պոչի խաղարկման, բջջային հեռախոսներով միաժամանակ խոսող ու բեմառաջքում հուզված դեգերող Գլխավորի, ծեծված ու ցավատանջ Իշուկի ականջը շոյելու տեսարանները: Նշանակալի է նաեւ ավազակապետ Բոբոյի ու թագավորի հարսանեկան շքերթի տեսարանը, որտեղ ռեժիսորը պարկ-քողի տակ ծվարած «սիրահարներին» է պատկերում, ասես, եկեղեցի մեկնելիս: Արքան երանությամբ շորորվում է, իսկ Բոբոն մտորում է նրանից ստանալիք ոսկիների մասին: Հեգնանքի այսպիսի համադրությունները բնորոշ են ներկայացման շատ տեսարանների: Առանցքային ու գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում երաժիշտների համախմբման տեսարաններում, որին ականատես պատանի հանդիսատեսը նույնպես ցանկանում է մասնակից դառնալ ներկայացվող իրադարձություններին ու գործող անձանց պես պատրաստվում մարտնչել նվիրական նպատակների համար: Ռեժիսորական երեւակայությամբ քարտեզը կառքի է վերածվում, ընդգրկում կախարդների վրանային տեսարանը, գնում սահմանափակվելու ստվերային լուծումներով ու գույների, լույսի խաղարկման ձեւերով:

Երաժշտական հեքիաթ-ներկայացման մեջ կարեւորվում է նաեւ երաժշտության դերը (Վահե Հայրապետյան): Այն ներկայանում է որպես ինքնուրույն կերպար, գործում է ըստ դրամատիկ իրավիճակների, սլացիկ ու խենթացնող ռիթմերով արձագանքում հերոսների ապրումներին, հավատով լի ելեւէջներով թեւածում թեթեւորեն ու հավատ ներշնչում:

Ներկայացման եզրափակիչ ակորդները կարծես ասում են` եկե՛ք ընկերանանք, գնա՛նք ազատության ետեւից, այնտեղ լույսեր են, այնտեղ սերը միավորում է, այնտեղ մարդիկ ժպտում են:

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԵԹԿՊԻ թատերագիտական ֆակ. 4 կուրս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4