Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաեւը երեկ երեկոյան Մոսկվայի` Մոսկով-սիթի մասում գտնվող «Ֆեդերացիա» աշտարակի 62-րդ հարկի Sixty ռեստորանում էին: Ամբողջ Մոսկվայի համայնապատկերը դիտելով` նախագահները շնորհավորել են միմյանց` երեք երկրների միջեւ երեկ կնքված Եվրասիական տնտեսական ինտեգրացման հռչակագրի ստորագրումը, որը ինչպես նախագահ Մեդվեդեւն է հայտարարել` «կհստակեցնի Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ապագան...»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր. «Այն, ինչ տեղի կունենա վաղը` մեծագույն իրադարձություն է»: Մեդվեդեւը նաեւ նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը «կարող է ստեղծվել մինչ 2015-ը, որը անդամ երկրների համար իրավահավասար կառույց կլինի: Հուսով եմ, որ արդյունավետ կաշխատի, իսկ աշխատանքի սկզբունքները կկառուցվեն ազատ շուկայական, ժողովրդավարական տարրերի վրա: Հուսով եմ նաեւ, որ հաշվի կառնվի միջազգային ինտեգրացիոն լավագույն փորձը», հայտարարել է Մեդվեդեւը: Իր հերթին վարչապետ Պուտինը, որի նախաձեռնությունն է Եվրասիական միությունը, հայտարարել է. «Մեզ պետք է, որ Եվրասիական տնտեսական միության համար բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերը պատրաստ լինեն մինչեւ 2013-ի հունիսի մեկը»: Իսկ մինչ այդ` երեք երկրների նախագահները, «ակնարկելով, որ իրենց դռները բաց են», նախատեսում են Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան տիրույթում արդեն հաջորդ տարվա հունվարի մեկից ստեղծել ընդհանուր տնտեսական գոտի:
Հ. Ա.