«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2011-11-17 | #208, 2011-11-18 | #209, 2011-11-19


ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ԵԽԽՎ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ

Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից ակնկալում է ստանձնած պարտավորությունների կատարում, նաեւ համագործակցություն լիազորված զեկուցողների հետ: Ակնհայտորեն եւ ուղղակիորեն Բունդեսթագի այս պահանջը, որ ձեւակերպված է նոյեմբերի 9-ին նշված հանձնաժողովի ընդունած բանաձեւում, ցցուն մատնանշում է Ադրբեջանի ուղղությամբ:

Բանաձեւին կողմ են քվեարկել Քրիստոնեա-ժողովրդավարական միությունը (CDU), Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (FDP), Գերմանիայի սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը (SPD), Կանաչները (Die GrՖnen), իսկ Ձախերը (Die Linke) ձեռնպահ են մնացել: Բանաձեւում նշվում է, որ Ադրբեջանը 2001-ից Եվրոպայի խորհրդի անդամ է, 2002-ի ապրիլին էլ ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, բայց չի կատարում ստանձնած պարտավորությունները:

«Այդ պարտավորությունները Ադրբեջանը ստանձնել է ինքնակամ ու պարտավորվել կատարել», նշվում է բանաձեւում, հիշեցմամբ, որ 2009-ի մարտին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող է նշանակվել Քրիստոֆ Շթրեսերը, բայց նրան տրված մանդատով կալանավայրեր այցելելու ազատությանն անգամ գործը չի հասնում, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է նրան մուտքի արտոնագիր տրամադրել:

Բանաձեւը նշում է. «Միաժամանակ քաղբանտարկյալների վիճակն այդ պետությունում մտահոգության տեղիք է տալիս: Ընդդիմադիրները, լրագրողները եւ բլոգերները ահաբեկման են ենթարկվում եւ բանտարկվում: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհուրդն իր զեկուցողի միջոցով պատկերացում կազմի, թե ինչքանով են պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներն Ադրբեջանում»:

Բունդեսթագը բանաձեւով ակնկալում է ոչ միայն զեկուցողի հետ համագործակցություն, այլեւ պահանջում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Շթրեսերին մուտք գործել իր երկիր: Այս պահանջին ԵԽԽՎ-ն ամենայն հավանականությամբ կարող է անդրադառնալ, բայց, միայն 2012-ի հունվարից հետո, երբ կավարտվի ԵԽԽՎ ներկայիս նախագահ Մեւլութ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4