«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2011-11-17 | #208, 2011-11-18 | #209, 2011-11-19


«ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐՔԵՐԸ»

«Ղարաբաղի վերքերը» նախագիծը յուրօրինակ պատմագրություն է, փաստագրություն, որ կարող է համարվել ինչպես ժամանակագրություն, այնպես էլ ապացույցների շարք: Բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալեւայի այս ֆիլմաշարը բաղկացած է արցախյան ազատամարտի վերաբերյալ ռեժիսորի 7 վավերագրական ֆիլմերից, որոնք ձայնագրվել են 6 լեզվովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ բուլղարերեն:

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պասկալեւայի ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին: Ցվետանա Պասկալեւան շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանինՙ համաշխարհային վավերագրության համար կարեւոր ու մեծ այս ծրագրի իրագործմանն աջակցության համար, որի շնորհիվ, ըստ նրա, հնարավոր կլինի ճիշտ պատկերացում կազմել ղարաբաղյան խնդրի մասին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ցվետանա Պասկալեւան «Ղարաբաղի վերքերը» նախագծի տեսասկավառակների մայր օրինակները` համապատասխան հավաստագրով, միջոցառման ժամանակ հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանին:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել վավերագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալեւայի մեծ աշխատանքը, առանց որի, նախագահի խոսքով, ամբողջական պատկերացում չէր լինի ղարաբաղյան հակամարտության մասին: Նախագահն ընդգծել է, որ այսօր ոչ պակաս կարեւոր է շարունակել ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը աշխարհին հասցնելու գործը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4