Ադրբեջանի վերջին երկու նախագահների կարողության մասին շատ է խոսվում: Այս անգամ էլ այդ հարցին է անդրադարձել ֆրանսիական ARTE TV հեռուստաընկերությունը, որ 23-րոպեանոց հաղորդում է պատրաստել Ալիեւի ընտանիքի կալվածքների, ռեժիմի բարբարոսությունների եւ կոռումպացվածության մասին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Եվրոպական կենտրոնը, հաղորդումը հեռարձակվել է նաեւ ֆրանսիական հեռուստաընկերության գերմաներեն լեզվով հեռարձակվող գերմանական բաժանմունքի կողմից: Հաղորդման ընթացքում ներկայացվել է նաեւ Ադրբեջանը լքած եւ Եվրոպայում ապաստան գտած ադրբեջանցի լրագրողների մասին:
Հաստատապես ադրբեջանական իրականությանը վերաբերող նյութերը կարող են հարուստ կերպով ներկայացնել հարեւան երկրում տիրող վիճակը, եթե, իհարկե, անկախ լրագրողներն այդ երկիր մուտքի հնարավորություն ունենային: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ CNN-ի եթերից անգամ Ադրբեջանն ուղղակի հորթի հրճվանքով է գովազդվում, իսկ գերմանական հեռուստաալիքներից մեկի հաղորդավարն էլ, ինչպես տեղեկացրել է «Ազգը» երեկվա համարում, «մեջբերել» էր Սարկոզիի խոսքերը, թե Ալիեւ կրտսերը հիշեցնում է Ալեքսանդր Մակեդոնացուն:
Ա. Հ.