«Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ հեռախոսամարաթոնի ընթացքում, ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի գործադիր վարչությունից, ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի խոստում է գրացվել: Շուրջ 60 հազար հայազգի ընտանիքներ` ֆրանսիական Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ այլ քաղաքներից, պատրաստակամություն են հայտնել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս նախաձեռնությունում մասնակից լինել իրենց նվիրատվություններով:
Հիմադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը տեղի հայ համայնքի հանգանակած 1 միլիոն 173 հազար եվրո գումարով ջրամատակարարման ծրագրեր կիրականացնի Արցախի, ՀՀ Տավուշի մարզի մոտ 10 գյուղում: Շվեյցարիայի տեղական մարմինը շվեյցարահայերի հանգանակած 24150 եվրոն կօգտագործի նորոգելու Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը եւ կհամալրի դպրոցի գրադարանը: Գյումրիում մանկատունը կնորոգի Գերմանիայի տեղական մարմինը` գերմանահայերի հանգանակած 81360 եվրոյով:
Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ծանր վիճակին, այդ երկրում մեր ազգակիցները երկօրյա հեռախոսամարաթոնի ընթացքում շուրջ 35 հազար եվրո հանգանակեց, որը կուղղվի Վանաձորի մանկատան կարիքներին:
Հ. Ա.