«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2011-11-18 | #209, 2011-11-19 | #210, 2011-11-22


ՎՐԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ «ՊԱՏԺԵԼ Է» ՄՈՐԸ, ՀԵՏՆ ԷԼ ՄՆՈՒՄ Է «ԱՆՍԱՍԱՆ»

Վրաստանում հայերի հանդեպ խտրականությունը արտառոց երեւույթ չէ ճիշտ այնպես, ինչպես սովորել ենք, երբ որեւէ մեկը հասնում է հայ-վրացական սահմանին, բայց այն կողմից թույլ չեն տալիս մտնել Վրաստան: Պատճառաբանությունները կարող են տարբեր լինել, սակայն մեկ հարցում կասկածների տեղիք տվող գործոն իսկ չկա այն առումով, որ Ջավախքի հարցում վրացական իշխանությունների եղած-չեղած ֆոբիաներն ու բոլոր տեսակի խոչընդոտներն արտահայտված են առավել ցցուն:

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` պատմելով, որ իր մորն աշխատանքից հեռացնելու պատճառը Ջավախքի մասին իր հրապարակումներն են: «Ազգը» քանիցս ներկայացրել է այնպիսի իրավիճակներ, երբ որեւէ կերպ Ջավախքին առնչվող, բայց վրացական իշխանություններին ոչ հաճո գործունեություն իրականացնող, անձանց Ջավախքում բնակվող ծնողներն ինչպես են ճնշումների ենթարկվել:

Այդուհանդերձ, ըստ Վահե Սարգսյանի բաց նամակի, այս ուսումնական տարվա սկզբին Ջավախքի Ղադո գյուղի բազային դպրոցից հեռացվել է նրա մայրը` «30 տարվա վաստակավոր ուսուցչուհի Վարդուհի Մուրադյանը»: «Վերջինը տնօրենի բանավոր թույլտվությամբ սեպտեմբերի 1-12-ը հարգելի պատճառով բացակայել էր աշխատանքից` չգտնվելով երկրում (Վրաստանի դպրոցներում ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերի 15-ին), վերադառնալով` վերջինին տնօրենը հեռացնում է աշխատանքից», նշված է նամակում:

Սարգսյանը հավաստիացնում է, որ մոր հեռացումը կապված է Ջավախքի ուղղությամբ իր վերլուծական-քաղաքական աշխատանքների հետ: «Այս կարծիքին է նաեւ դպրոցի տնօրեն Լ. Դավթյանը, ում, իր խոսքերով, ուղղակի ստիպել են գրել հեռացման հրամանը... Մորս աշխատանքի վերականգնման խնդրանքով, օգտագործելով իրենց անձնական եւ ծառայողական կապերը, արդարացիորեն միջամտել են տասնյակ հասարակական գործիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Սակայն վրացական կողմի համար որեւէ հայահալած քայլ հազարապատիկ ավելի կարեւոր է, քան հարեւան-բարեկամ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի որեւէ արդարացի խնդրանք»:

Սարգսյանը Հայաստանի նախագահին է դիմել որպես «համայն հայության շահերի պաշտպանի»` ակնկալելով, որ Սերժ Սարգսյանի միջամտությունը չի ուշանա: Փաստը, սակայն, առավել կոնկրետ հասցեատեր կարող էր ունենալ ի դեմս նույն Վրաստանում գործող տարբեր իրավապաշտպան կառույցների, հանրային պաշտպանի գրասենյակի, միջազգային կառույցների, որոնք բոլոր իրավունքներն ունեն հայերի հանդեպ անխտրական վերաբերմունք պահանջելու հարեւան Վրաստանից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4