Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասին խոսակցություններն ավելի շատ աղմուկ էին բարձրացնում, քան անդրադառնում հիմնադրամի բուն գործունեությանը: Աշխատավարձային «բարձունքների» մասին հարցադրման կողքին մյուս հարցն էլ այն էր, թե բացի «Տաթեւեր» նախագծից, էլ ինչ է արվել այս հիմնադրամի միջոցով կամ գոնե ինչ նախագծերի ուղղությամբ են ընթանում զարգացումները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում ներկայացրեց հիմնադրամի առնչությամբ հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ, թե ինչ է հիմնադրամը, ինչպես է աշխատում եւ ինչ ուղղություններով: Նշելով, որ հիմնադրամի դերի եւ նշանակության մասին կա տեղեկատվության պակաս, Խաչատուրյանը խոսեց ֆինանսատնտեսական ռիսկային իրավիճակում հիմնադրամի միջոցով Հայաստանի տնտեսության որակապես նոր` մրցունակ մակարդակի ապահովման մասին:
Նախ, մրցունակության հիմնադրամը ղեկավարվում եւ ֆինանսավորվում է պետական (էկոնոմիկայի, ֆինանսների նախարարներ, ԿԲ նախագահ) ու մասնավոր սեկտորների ներկայացուցիչների (այնպիսի գործարարներ, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Րաֆֆի Ֆստըքջյանը, Անդրե Անդոնյանը) ջանքերի համադրմամբ` լինելով նման սկզբունքով ստեղծման հայաստանյան առաջին կառույցը, թեեւ աշխարհն այդպիսի օրինակներ քիչ չգիտի: Այդ համադրման սկզբունքով էլ գոյանում են հիմնադրամի ֆինանսական միջոցները, եւ դրանով, նաեւ որակյալ կադրեր հավաքագրելու անհրաժեշտությամբ էլ բացատրվում են հարաբերական բարձր աշխատավարձերը:
Հիմնադրամի հետ կապված մեկ այլ աղմկահարույց պատմություն էլ երիտասարդ գիտնականների ֆինանսավորման շարժման հետ էր կապված այն համատեքստում, որ մրցունակության հիմնադրամը կոչված է գործելու զբոսաշրջության, առողջապահության եւ կրթության ոլորտներում, սակայն հարկ է նշել` միայն որոշակի ծրագրերի մասով: Ինչեւէ, բարձրացված հարցի առումով էլ նշվեց, որ հիմնադրամի կողմից մշակվել է երիտասարդ գիտնականների խրախուսման ֆոնդ ստեղծելու հայեցակարգ` աջակցելու նրանց, ում գիտական աշխատանքները կտպագրվեն միջազգային հեղինակավոր պարբերականներում: Ի դեպ, այս գաղափարի համար շնորհակալական գրառումներ են թողնվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանի Facebook-ի էջում:
Մյուս հարցադրումը կապված էր Տաթեւի հարեւանությամբ գտնվող Սվարանց գյուղի հանքաշահագործման` շրջակա միջավայրին էկոլոգիական վտանգ ներկայացնելու հնարավորության հետ: Հիմնադրամի գործադիր տնօրենը գնահատեց իրավիճակն ընդհանուր շեշտադրմամբ, թե արդյոք հանքարդյունաբերությունը խոչընդոտ է զբոսաշրջությանը: Բայց քանի դեռ չկա որեւէ ուսումնասիրություն, ըստ Խաչատուրյանի, գնահատական հնարավոր չէ տալ: Ուստի կարեւոր է հանքարդյունաբերությունն այնպես կազմակերպելը, որով ոչ միայն չվնասի տուրիզմին, այլեւ խթան դառնա: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի պարագայում հանքարդյունաբերության մեջ ներդրումների զգալի չափին, ապա նման միջոցներով կարելի է պետական բարեկեցության հիմնադրամներ ստեղծել` ուղղելով միջոցները տեղական մրցունակության բարձրացմանը ու այդկերպ խթանելով արտահանումը: Տնտեսության խթանմանն է ուղղված նաեւ, ըստ Խաչատուրյանի, շքեղության հարկը, որը ոչ թե հուսահատ քայլ է, այլ ստվերը կրճատելու, հարստությունը վերաբաշխելու միջոց:
Հիմնադրամի պարագայում առայժմ իրականացվել է «Տաթեւերը», բայց հուսադրող է, որ նոր նախագծերի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մասնավորապես, միջազգային զբոսաշրջային շուկաներում Հայաստանի եւ Արցախի ներկայացմանը զուգահեռ, ինչը վերջին շրջանում մեծ թափ է ստացել եւ նույնիսկ հարուցել ադրբեջանական կողմի դժգոհությունն ու դրա դեմարշների առիթ տվել, հիմնադրամն աշխատում է Հայաստանում միջուկային ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Նախագծի ֆինանսավորումը կիրականացվի ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ներդրումներով, եւ մոտ ապագայում կյանքի կկոչվի` մեր համաքաղաքացիներին բարձր որակի եզակի առողջապահության ծառայությունների մատուցման եւ տարածաշրջանային կենտրոն դառնալու հեռանկարով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ