10 ընկերություններից յուրաքանչյուրը կվճարի 3 մլն դրամ տուգանք
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ տուգանեց 10 ընկերությունների, որոնք բուսասերուցքային սպրեդները վաճառել են որպես կարագ: Նրանցից 5-ը ներկրող կազմակերպություններ են, 5-ըՙ սուպերմարկետների ցանցեր: Ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվեց 3 մլն դրամով, ընդհանուր տուգանքը կազմեց 30 մլն դրամ:
Նիստի ժամանակ հերթականությամբ ներկայացվեցին հանձնաժողովի հարուցած վարույթի ընթացքում, հսկիչ գնումների միջոցով պարզված փաստերը: Համաձայն դրանց, «Բիո-ֆուդ», «Բրենդ լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» եւ «Արդիս» ներկրող ընկերությունները առեւտրի կետերին իրենց ներմուծած ռուսական, ուկրաինական եւ այլ երկրների բուսասերուցքային սպրեդները վաճառել են որպես 72 տոկոս, 82 տոկոս, 62 տոկոս եւ այլ յուղայնությամբ կարագներ: Նրանցից գրեթե բոլորն ընդունեցին իրենց մեղքը, հերթականությամբ կրկնելով, որ դա սխալմունքի հետեւանք է, խախտումը վերացված է եւ այլեւս չի կրկնվի: Նման ծիծաղելի հիմնավորմանը, բնականաբար, դժվար է հավատալ, քանի որ նման «սխալից» նրանք տարիներ շարունակ գերշահույթներ են ստացել եւ գոնե մեկ անգամ թույլ չեն տվել այնպիսի սխալ, որ վնասներ կրեն: Նույնը կարելի է ասել նաեւ «Ալեքս գրիգ» («Երեւան-սիթի» սուպերմարկետներ), «ՍԱՍ գրուպ», «Սթար դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք» ընկերություններին, որոնք էլ իրենց հերթին են բուսասերուցքային սպրեդը վաճառել որպես կարագ: Համենայն դեպս, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նրանց բոլորին զգուշացրեց, որ խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կլինի մի քանի անգամ ավելի բարձր:
Հանձնաժողովի որոշումից դժգոհություն հայտնեց միայն «Կարթել-Աննա» ընկերության ներկայացուցիչը, որն ասաց, թե իր ընկերությունը սպրեդը վաճառել է որպես սպրեդ, կարագը որպես կարագ, իսկ թե խանութումՙ մասնավորապես «Նոր Զովք» սուպերմարկետում որպես ի՞նչ են վաճառել, դա իրեն չի հետաքրքրում: Դրան ի պատասխանՙ հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնեցին, որ նախ ընկերությունը վարույթ հարուցած 2 ամսվա ընթացքում չի տրամադրել հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը, երկրորդՙ «Նոր Զովքը» հաստատել է, որ հանձնաժողովի հսկիչ գնման միջոցով որպես կարագ ձեռք բերված սպրեդը «Կարթել-Աննա» ընկերության ապրանքն է, եւ որ վերջինս կարող է դատի տալ «Նոր Զովքին», եթե նա թյուրիմացաբար կամ չարամտորեն սխալ տեղեկություն է ներկայացրել: Ի դեպ, «Նոր Զովքի» գլխավոր հաշվապահը լրագրողներիս հարցին պատասխանելով բացառեց, որ ընկերության մատակարարած ապրանքն իրենք վաճառեն այլ ընկերության ապրանքի անվանումով: Այդուհանդերձ, «Կարթել-Աննա» ընկերության ներկայացուցիչը դահլիճից դուրս գալիս հանձնաժողովին խոստացավ հանդիպել դատարանում, դժգոհության որեւէ արտահայտություն թույլ չտալով սակայն, իր ասելով, հնարավոր սխալ տեղեկություն ներկայացրած «Նոր Զովքի» մասին:
Հանձնաժողովի այս վարույթի պարզած փաստերի առնչությամբ մնում է միայն արձանագրել, թե տարիներ շարունակ ինչ ապօրինի գերշահույթներ են ստացել տնտեսվարողները մեր բոլորիս գրպանի եւ շատ հաճախ նաեւ առողջության հաշվին եւ դրա դիմաց ինչ չնչին գումար են պետբյուջե կատարած նրանց 3-ական մլն դրամ գումար տուգանքները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ