Երեք ամիս առաջ Սոս մանկական գյուղի բնակիչ 13-ամյա Վահրամը չէր էլ կարող պատկերացնել, որ շուտով մկրտվելու է, շուտով գալու են մարդիկ, որոնք նրան բերելու են նվերներ, ու որոնց նա ցանկանալու է տեսնել միշտ, ամբողջ կյանքում: Ընդ որում այդ նվերներն ու մկրտությունը Վահրամին ու էլի մի քանի փոքրիկների համար բերելու ու կազմակերպելու են ոչ թե ինչ-որ մեծահարուստ, կամ հիմնադրամ, այլ... երիտասարդներ, հայ, սովորական երիտասարդներ:
Մոսկվայի բուհերից մեկում սովորող Արմեն Բուլղադարյանը երեք ամիս առաջ ստեղծեց «Օգնենք հայ մանուկներին» խումբը` ֆեյսբուք համացանցի տիրույթում: Այս գործում Արմենին զգալի աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի հայերի միության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՌՀՄ ԵԿԱ), որի մի շարք ակտիվիստներ նաեւ խմբի անդամներ են դարձել: Վերջինի փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանի խոսքերով` «Ինքը ջերմորեն վարակվել է այս նախաձեռնությամբ ու հենց այս աշխատանքների արդյունքում սիրով համաձայնել է դառնալ Սոս մանկական գյուղի երեխաներից մեկի կնքամայրը»: Այժմ «Օգնենք հայ մանուկներին» խմբի ակտիվիստները հավաքվում ու ամենօրյա կազմակերպչական հարցերը քննարկում են ոչ միայն վիրտուալ տիրույթում, այս հարցում նրանց կրկին օժանդակում է Կոնգրեսի ԵԿԱ-նՙ ապահովելով շենքային պայմաններ ու աջակցելով որոշ կազմակերպչական հարցերում:
Մեր զրույցում Արմեն Բուլղադարյանը պատմում է, որ սկզբնական շրջանում մտածում էինՙ ստեղծել խումբ միայն հա՞յ մանուկների համար, թե՞ առհասարակ երեխաների, կամ` միայն մանուկների՞, թե՞ նաեւ միայնակ ծերերին օգնելու համար: «Սակայն ես տեսա, որ Ռուսաստանում շատ նման խմբեր կան, որոնք օգնում են մանկատների կամ հատուկ դպրոցների ռուս երեխաներին, ու մտածեցի, իսկ ինչո՞ւ չկա մեր հայ մանուկներին օգնող խումբ», պատմում է Արմենը: Մտահղացումը ծնվեց, համացանցում հայտնվեց առաջարկ-նախաձեռնությունը, այժմ «Օգնենք հայ մանուկներին» խմբի անդամներն արդեն շուրջ 10 հազար են, տարբեր երկրների հայազգի ուսանողներ ու երիտասարդներ:
Այժմ Արմենը, որը վերադարձել է Հայաստան, առիթը բաց չի թողնում գնալու Սոս մանկական գյուղ, իր սանիկի` 13-ամյա Վահրամի մոտ, որը հասակակիցների հետ անհամբեր սպասում է երիտասարդներին. «Մենք ֆուտբոլ ենք խաղում միասին, ես աշխատում եմ մասնակից լինել նրա դաստիարակմանը, որպեսզի նա միշտ իմանա, որ ամեն ինչում առաջին հերթին պետք է հույսը դնել սեփական ուժերին», Վահրամի մասին պատմում է Արմենըՙ ընդգծելով. «Եթե հանգամանքներն այլ լինեին, ես կորդեգրեի նրան...»:
Արմենն ու խմբի ակտիվիստներից Կարեն Խումարյանը նշում են, որ առանձին երեխաներին օգնություն տրամադրելու հարցով իրենք ունեն նաեւ անհատ բարերարներ, իսկ ընդհանուր առմամբ օգնություն տրամադրելու գումարները երիտասարդները հավաքագրում են սեփական միջոցներով: Այժմ երիտասարդները նպատակադրվել են խումբը դարձնել հասարակական կազմակերպություն, որն արդեն իսկ կենթադրի բանկային հաշվի առկայությունը, ինչն ավելի դյուրին կդարձնի ֆինանսական միջոցների հավաքագրումը: Արդեն այդ ժամանակ երիտասարդները ցանկանում են ստեղծել նաեւ «որդեգրման բազա», որը կօգնի այն մարդկանց, որոնք ցանկանում են երեխա որդեգրել:
Ֆինանսական միջոցների առումով խումբն ընդօրինակելի թափանցիկ է գործում: Բոլոր միջոցները հավաքագրվում են կոնկրետ երեխայի կամ գործի համար ու հատկացվում երեխային ոչ թե միջնորդավորված, այլՙ ուղիղ: Այժմ «Օգնենք հայ մանուկներին» խումբը կազմակերպել է դրամահավաք օգնելու 5-ամյա Էլեն Դիլանյանին: «Ես շատ շնորհակալ եմ նաեւ «Օգնենք հայ մանուկներին» խմբին: Միայն այն միտքը, որ մարդիկ ցանկություն ունեն օգնելու, արդեն մեծ ուժ եւ ոգեւորություն է ներշնչում: Մենք շատ ենք տանջվել, բայց հուսով ենք, որ մեր հավատքն ու բարի մարդկանց օգնությունը մեզ կբերեն հաղթանակ: Մեր ընտանիքի երազանքն է նորից լինել միասին, ապրել անհոգ ու երջանիկ», այս տողերը «Օգնենք հայ մանուկներին» խմբի համացանցային էջում գրել է քաղցկեղով հիվանդ Էլենի մայրըՙ Դիանա Խումարյան-Դիլանյանը: Էլենն այժմ գտնվում է Գերմանիայում, երեխայի վիրահատության համար գումար է անհրաժեշտ: Հայ երիտասարդներն արդեն իսկ այս նպատակով երկու ամսում հավաքել են 1 մլն 41585 դրամ, այս թիվը, բնականաբար, օրըստօրե աճում է: Իսկ անցած շաբաթ օրը երիտասարդները Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի հետ համատեղ թատրոնի բեմադրությունից եկած հասույթի մի մասը նույնպես ուղղեցին Էլեն Դիլանյանի ֆոնդին:
Եթե որեւէ մեկը ցանկություն ունի միանալու այս նախաձեռնությանը, ապա կարող է գտնել «Օգնենք հայ մանուկներին» խումբը առայժմ միայն ֆեյսբուքում: «Մեր նպատակներն են` աջակցել մանկատներին, այսինքնՙ այցելել մանկատներ ու նյութական բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել երեխաներին: Ինչպես նաեւ ֆինանսական ու բարոյահոգեբանական օգնություն տրամադրել առավել ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: Տրամադրել տեղեկություններ որդեգրման ենթակա երեխաների մասին ու աջակցել առհասարակ այս գործընթացին: Եվ վերջապես հասարակությանն իրազեկել օգնության կարիք ունեցող երեխաների հիմնախնդիրների մասին», ասում են խմբի անդամները, որոնք բոլորն էլ հասարակ հայ երիտասարդներ են:
Հ. Ա.