«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2011-11-18 | #209, 2011-11-19 | #210, 2011-11-22


ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԿԱՊԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ

«Արցախի պետական համալսարանը բարձրորակ մասնագետների կարիք շատ է զգում», անցյալ շաբաթավերջին Հայաստանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը : Նրա խոսքով, մասնագետների կարիք զգացվում է առանձնապես էլեկտրաէներգետիկայի եւ հեռահաղորդակցության բնագավառներում: Շեշտելով, որ Սլավոնական համալսարանը բարձր վարկանիշ ունի, նա կարեւորել է այդ բուհի հետ հետագա փոխգործակցությունը:

Պատվիրակության ղեկավար, Սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Ղազարյանն իր հերթին նշել է, որ իրենց բուհն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի եւ այլ երկրների բուհերի հետ: Նա հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են Արցախի մայր բուհի հետ տարբեր ուղղություններով կապերի խորացմամբ: Երկու բուհերի միջեւ փոխշահավետ կապեր ստեղծելու գաղափարը ծնվել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` վերջերս Հայ-ռուսական համալսարանում ունեցած հանդիպման ժամանակ: Եվ ահա գաղափարը վերածվել է գործի: Պատվիրակության Ստեփանակերտ ժամանելը ուշագրավ ծրագրեր էր ներառում, որոնց շրջանակում հյուրերը եղան ԱրՊՀ տարբեր ֆակուլտետներում ու ամբիոններում, քննարկեցին համագործակցության հարցեր: Հնչած արժեքավոր առաջարկություները, ինչպես տեղեկացրեց պատվիրակության ղեկավարը, կամփոփվեն ու Երեւանում կներկայացվեն բուհի գիտխորհրդի հաստատմանը:

Ամեն տարի Հայ-ռուսական համալսարանում հումանիտար մասնագիտությունների գծով նպատակային տեղեր են հատկացվում Արցախին: Սակայն, Է. Ղազարյանի կարծիքով, համագործակցությունն օգտակար կարող է լինել հատկապես ինժեներական ֆակուլտետի հետ, մանավանդ որ ՀՌՀ-ում աշխատում են էլեկտրոնիկայի ու հեռահաղորդակցության բնագավառներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Տեսանելի հեռանկարում համագործակցությունը շոշափելի արդյունքներ կտա, համոզմունք հայտնեց նա:

Պատվիրակության անդամներն, ըստ իրենց մասնագիտական ուղղությունների, դասախոսություններ են կարդացել Արցախի պետհամալսարանի ուսանողների համար: Իսկ ավագ դպրոցի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչների հետ հանդիպել են տվյալ դասարանների դասագրքերի հեղինակները:

Այցի շրջանակում պատվիրակության անդամներին ընդունել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ կրթության ու գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը :

Նախքան Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պաշտոնական պատվիրակության այցը, օրեր առաջ, համալսարանի ուսանողներից բաղկացած մի խումբ նույնպես եկել էր Ստեփանակերտ: Նրանք մասնակցել են ԱրՊՀ-ում կազմակերպված` «Բանակ եւ երիտասարդություն» խորագիրը կրող կլոր սեղանին, ծանոթացել Արցախի մայր բուհի պայմաններին, այցելություններ կատարել ԼՂՀ պաշտպանության բանակի տարբեր զորամասեր ու տեսարժան վայրեր:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4