«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2011-11-19 | #210, 2011-11-22 | #211, 2011-11-23


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ՉԻ ԴՐՎԵԼ

Հայոց ցեղասպանության իրողությունը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարեւորությունը երբեք հարցականի տակ չեն դրվել եւ չեն կարող դրվել: Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից այս մասին կրկին հիշեցրել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հաագայում, հոլանդական De Volkskrant օրաթերթին տված հարցազրույցում:

Նոյեմբերի 21-ին այցով Հաագայում գտնվող Նալբանդյանը նաեւ իր հարցազրույցում նշել է, որ «1915 թ. վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները փաստորեն փորձ են հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: «Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին Հայաստանում համապատասխան հստակ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին», ասել է Նալբանդյանը:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարի այն պնդումների առումով, թե 2005թ. Հայաստանի նախագահին հասցեագրված Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին այդպես էլ պատասխան չի տրվել, Նալբանդյանը հիշեցրել է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը ուղարկվել եւ հրապարակվել է 2005թ. ապրիլի 25-ին: «Թե՛ միջազգային հանրությունը եւ թե՛ Թուրքիայում լավատեղյակ են այդ նամակի բովանդակությանը, միգուցե բացառությամբ մի քանիսի, ինչպիսի եզրահանգման կարելի է գալ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից», եզրակացրել է Նալբանդյանը:

Նալբանդյանի այցելության ժամանակ տեղի է ունեցել Հաագայում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացումը: Իր գործընկեր, Նիդեռլանդների արտգործնախարար Ուրի Ռոզենտալի հետ հանդիպմանն էլ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հոլանդական կապիտալով 46 ձեռնարկություն, որոնց թիվը կարելի է կրկնապատկել համատեղ ջանքերով:

Մինչեւ նոյեմբերի 26-ը Նալբանդյանն այցելություններ կկատարի նաեւ Դանիա, Բելգիա եւ Լիտվա:

Իսկ Չեխիա այցի մասինՙ կարդալ ստորեւ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4