Չեխիան Հայաստան կուղարկի միայն դիվանագետիՙ աշխատելու Լեհաստանի դեսպանությունում
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
Նոյեմբերի 22-ին Պրահայի դիվանագիտական թաղամասում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը Հայաստանի հիմնի հնչյունների ներքո բարձրացրեց ՀՀ պետական դրոշը, որից հետո երկու նախարարները կտրեցին կարմիր ժապավենն ու հավաքված բազմաթիվ հյուրերին հրավիրեցին դեսպանատուն: Դեսպանատանը իր օրհնության խոսքն ասաց եւ շնորհավորեց Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:
Դեսպանության շենքի բացման արարողությանը նախորդել էր երկու արտգործնախարարների հանդիպումը, որից հետո էլ ճեպազրույցի ընթացքում նրանք ամփոփեցին երկկողմ հանդիպման մանրամասները:
Կողմերը քննարկել էին ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի կատարման ընթացքը, տարածաշրջանային խնդիրներ: Նախարար Նալբանդյանը ներկայացրել է հայկական կողմի տեսակետները Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ տարվող բանակցություններում: Ի դեպ, այս խնդրին Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ առավոտյան Չեխիայի դիվանագիտական ակադեմիայում կազմակերպված հանդիպման ժամանակ, ուր ներկայացրեց հայկական կողմի տեսակետներն ու պատասխանեց ներկաների հարցերին:
Արտգործնախարարությունում կայացած ճեպազրույցում Չեխիայի արտգործնախարարը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, նշեց, որ Չեխիան առանձին չի կարող աջակցել Ղարաբաղի խնդրի լուծմանը, քանի որ դա վստահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ փախստականների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունը լուծվի, ընդ որում, ըստ նախարարի, դա վերաբերում է երկու կողմերի փախստականներին:
Պատասխանելով մեր հարցին, թե ե՞րբ Չեխիան կբացի դեսպանություն Հայաստանում, պարոն Շվարցենբերգը նշեց, որ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պատճառով առայժմ Չեխիան ի վիճակի չէ դեսպանություն բացել Երեւանում: Փոխարենը, իրենք մի դիվանագետ կուղարկեն Երեւան, ով կաշխատի Լեհաստանի դեսպանությունում եւ կներկայացնի Չեխիան:
Գոհունակություն հայտնելով հայ- չեխական երկխոսության ներկա մակարդակից, երբ միայն վերջին երեք տարիներին երկու երկրների արտգործնախարարները եւ վարչապետերը այցելել են երկու երկրներ, աշխուժացել է գործարարների միջեւ համագործակցությունը, նախարարները հույս հայտնեցին, որ Հայաստանի դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Նույն օրը, Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց նաեւ Չեխիայի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Սոբոտկային, իսկ երեկոյանՙ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վերջում հիշեցնենք, որ եվրոպական այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարաը նախօրեին Հաագայում բացել էր Հայաստանի դեսպանությունը, իսկ Պրահայից մեկնելու էր Կոպենհագեն, որտեղ նույնպես պաշտոնապես կբացվի Հայաստանի դեսպանություն: