«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2011-11-22 | #211, 2011-11-23 | #212, 2011-11-24


ՍԱՌԱԾ, ԲԱՅՑ ՉՄԵՌԱԾ

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի առնչությամբ թուրքական կողմը ջանք չի խնայում աշխարհին ներկայացնելու, թե ինչ-ինչ բանակցություններ, շփումներ այդուհանդերձ տեղի են ունենում, մինչդեռ հայկական կողմը քանիցս կրկնել է, որ որեւէ շփում չկա, իսկ սպասումներն էլ ուղղված են Թուրքիային:

Ըստ թուրքական Tumgazeteler.com-ի, պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, պատասխանելով թուրք լրագրողների հարցերին, հայ-թուրքական հարաբերությունները սառած է որակել: Ինչպես ներկայացնում է Panorama.am-ը, հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում արդյոք հարմար առիթը բաց չի՞ թողնվել, Գյուլը պատասխանել է. «Դժվար հարցերը մեկ քայլով չեն լուծվում: Հարաբերություններն այնքան սառած են, որ նույնիսկ փչելիս չեն հալվում: Մի քանի փորձ եւս պետք է անել»:

Գյուլը նաեւ նշել է. «Այն ժամանակ իրավիճակը բարենպաստ էր, սակայն կարծում եմ, որ մենք պարզապես չկարողացանք համաձայնության գալ: Տարածաշրջանում իհարկե բոլորն էլ իրենց շահերն ունեն այս հարցում: Դժվարություններ կային, սակայն չենք էլ կարող ասել, թե գործընթացն ամբողջությամբ մահացած է»:

Այս առնչությամբ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն արձագանքել է. «Այնպես չէ, որ հայկական կողմը կարծում է, թե փչելով կարելի է հարաբերությունները ջերմացել, իհարկե, մեկ քայլով էլ խնդիրը չի լուծվի»: Ըստ Շարմազանովի, եթե Թուրքիան խոսում է այնպիսի քայլերի մասին, որոնք կարող են հանգեցնել երկու երկրների հարաբերությունների ջերմացմանը, ապա պետք է անհապաղ վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը եւ բացի Եվրոպայի միակ փակ սահմանըՙ հայ-թուրքականը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4