«Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ձեւավորվող իրավիճակը մնում է լարված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական անտանելի պայմանների միտումնավոր ստեղծման ճանապարհով շարունակվում է հայերի աստիճանական դուրսմղումը, տարվում է բնակչության էթնիկ կազմի ծրագրված փոփոխություն», այսպիսի հայտարարությամբ նոյեմբերի 29-30-ը Վրաստան մեկնելուն պատրաստվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է դիմել Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը:
Հայտարարությամբ ասվում է, որ Վրաստանի իշխանությունների վարած այդ քաղաքականությանը Հայաստանի իշխանությունները, հայտնի պատճառներով, ստիպված են հնարավորինս հարթելով արձագանքել, իսկ միջազգային հանրությունն էլ երբեմն-երբեմն ու թեթեւակի է քննադատում վրացական իշխանություններին` փոքրամասնությունների առնչությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու առումով:
Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը իր հայտարարությամբ կոչ է անում Հայաստանի նախագահին Վրաստան այցելությանը անդրադառնալ Ջավախքում հայերենին կարգավիճակ տալուն, հայկական դպրոցների պահպանությանը, տարածաշրջանի գյուղատնտեսական հողերն աճուրդով վաճառելու նախագծին, հայ ակտիվիստների նկատմամբ ոստիկանական հետապնդումների դադարեցմանն ու Վրաստան մուտքի «սեւ ցուցակի» վերացմանը, հայկական կրթական ու գեղարվեստական գրականությունը Ջավախք տանելու արգելքին վերաբերող հարցերին:
Ա. Հ.