«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2011-11-22 | #211, 2011-11-23 | #212, 2011-11-24


ՆՈՐ ՖԻԼՄ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ֆիլմ, որ հիմնվում է ականատեսների պատմությունների եւ ցեղասպանության խնդրով զբաղվող հանրահայտ մասնագետների փաստերի վրա

Արդեն մի քանի ամիս է, ինչ լուրեր են շրջանառվում, որ նկարահանվելու է նոր ֆիլմ 1915 թվականի իրադարձությունների մասին: Փաստավավերագրական Ֆիլմը նկարահանվելու է ռուսաստանյան հեղինակավոր «HTB» հեռուստաընկերության փրայմ-թայմ տնօրենության եւ հայաստանյան «ՕՐԴՖԻԼՄ» կինոընկերության համատեղ ջանքերով:

Մինչ ֆիլմի գաղափարի մասին նշելը, հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երեւան էին եկել ռուսական հեղինակավոր «HTB» հեռուստաընկերության փորձառու մասնագետներըՙ վարպետության եռօրյա դասընթացներ անցկացնելու: Նրանցից մեկն, օրինակ, հեռուստաընկերության փրայմ-թայմ հեռարձակման գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովն , անչափ տպավորվել էր Հայաստանովՙ հայոց պատմությամբ ու մշակույթով:

Բացի Էջմիածնից, Սեւանա լճից, Գառնիից ու Գեղարդից, նրանք հյուրընկալվեցին նաեւ Ցեղասպանության թանգարանում ու ծաղիկներ դրեցին Եղեռնի հուշահամալիրի անմար կրակի առջեւՙ խոստանալով, որ նորից են մեր երկիր գալու: Առաջինը տված խոստմանը հավատարիմ էր Ստանիսլավ Սիդորովը:

«ԱԶԳ»-ի հարցին, թե` պրն Սիդորով ի՞նչը ձեզ երկրորդ անգամ Երեւան բերեց, ասում է. «Այս անգամ ես գալիս եմ Երեւան առանց հատուկ հրավերի (ծիծաղում է): Երբ ես ինքնաթիռում էի, հեռանում էի Հայաստանից, տպավորությունները շատ մեծ էին: Ազդեցիկ էր հատկապես Ցեղասպանության թանգարանում մեր անցկացրած ժամանակը: Ես հայոց պատմության այս սեւ էջիՙ ցեղասպանության մասին միայն մի քանի բան գիտեի: Որոշեցի Մոսկվա հասնելուն պես զբաղվել այդ գործով, եւ իմ լավ գործընկերոջ` «ՕՐԴՖԻԼՄ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանի հետ երկար խոսակցություն ունեցա: Արդյունքում նորից եկա Հայաստանՙ էկրանավորելու թղթի վրա գրած գաղափարսՙ ֆիլմ հայկական գենոցիդի մասին»:

Ըստ ֆիլմի հեղինակների, այն տարբերվելու է բոլոր նմանօրինակ ֆիլմերից: Ասում են, որ անելու են ամեն հնարավորը, որ մարդկանց հիշողություններում ցեղասպանության մասին հենց այս ֆիլմը տպավորություն թողնի:

«Մենք ցանկանում ենք ցույց տալ մարդկանց, ովքեր տեսել են ցեղասպանություն: Այն պատրաստվում ենք հրամցնել ոչ միայն ռուսական «HTB» հեռուստաընկերության շրջանակում, այլ նաեւ ներկայացնել միջազգային հեղինակավոր կինոփառատոների: Հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Հայաստանում դեռ կան ցեղասպանությունը վերապրածներ: Հիմնականում ներկայացնելու ենք վավերագրական նյութեր: Ես եւ Հայկը վավերագրության կողմնակից ենք, սակայն ֆիլմում բացի փաստավավերագրական նյութից, տեղ կգտնեն նաեւ խաղարկային տեսարաններ, որոնք առավել տպավորիչ կդարձնեն պատմվող նյութը»,-ասում է «HTB» հեռուստաընկերության Փրայմ-թայմ հեռարձակման գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը:

Այն հարցին էլ, թե ֆիլմում միայն ցեղասպանության ականատեսնե՞ր են լինելու, Ստանիսլավ Սիդորովը պատասխանում է. «Ֆիլմում, իհարկե, հիմնականում պետք է ներկայանան ցեղասպանության ականատեսներըՙ լի հույզերով ու զգացմունքներով, իրական պատմություններով ու փաստերով: Հայաստանյան նկարահանումներով չենք սահմանափակվելու: Բայց ֆիլմի նկարահանման աշխարհագրությունը տանում է Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան ու, միանշանակ, Թուրքիա: Ներկայացնելու ենք նաեւ հարցազրույցներ` այս խնդրով զբաղվող միջազգային մասնագետների հետ»:

Ավելացնենք, որ ֆիլմի հեղինակներն արդեն մոնտաժել են ֆիլմի նախնական (թրեյլեր) տարբերակը: Այս տարբերակի կարգախոսը, որը հավակնում է դառնալ նաեւ ֆիլմի վերնագիրը, այսպես է ձեւակերպվում` «...Այս աչքերը ցեղասպանություն են տեսել»: Իսկ ընթացքում էկրանի վրա գրվում է, թե, օրինակ, քանի մարդ է ցեղասպանության զոհ գնացել, որ տարածքներում են իրականացվել զանգվածային ջարդերը եւ այլն:

Նշենք, որ Ստանիսլավ Սիդորովը գոհ է հայաստանյան նկարահանումներից, տպավորված ասում է. «Ես մտածում էի` ամեն ինչ այնքան էլ այնպես չի լինի: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանում ցեղասպանության ականատեսներից հանդիպեցինք շատերին, չնայած նկարահանեցինք չորսին: Նրանց պատմությունները շատ տպավորիչ էին: Իհարկե, հերոսները դժվարությամբ էին խոսում, պատմություններում հաճախ էին նույն միտքը կրկնում, բայց նյութն, ինքն իրենով, արդեն ստացված է: Մնում է միայն տեմպ ու ռիթմ տալ նկարահանումներին` ամբողջ աշխարհում»:

«HTB» հեռուստաընկերության Փրայմ-թայմ տնօրենության ստեղծագործական խումբն արդեն տեմպ ու ռիթմ է հաղորդում ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Այս ֆիլմի ստեղծագործական անձնակազմում ներգրավված է նաեւ «Համառուսաստանյան խաբեության պատմություն» թոք-շոուի ստեղծագործական խումբը, նախագծի հեղինակ եւ հայտնի մեկնաբան Ալեքսեյ Եգորովի ղեկավարությամբ:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան հեռուստաընկերություններում Հայոց ցեղասպանության մասին երբեւէ նման մեծածավալ փաստավավերագրական ֆիլմ չի նկարահանվել, սա առաջինն է եւ կարեւոր. այն հեռարձակվելու է հեղինակավոր «HTB» հեռուստաընկերության եթերով:

ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4