«Ազգը» երեկվա համարում տեղեկացրել էր, որ նոյեմբերի վերջին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Բեռնար Ֆասիեի եւ Ռոբերտ Բրադկեի այցելությունը տարածաշրջան, հաշվի առնելով, որ արդեն դեկտեմբերին Վիլնյուսում տեղի կունենա ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական հանդիպումը, որի շրջանակներում հավանական է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ համանախագահները մասնավորապես Երեւանում կլինեն նոյեմբերի 28-ին, նրանց ընդունելու են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցած տեղեկությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ներկայացնող Բեռնար Ֆասիեին շուտով փոխարինելու է Ժակ Ֆորը: Տեղեկացրել ենք արդեն, որ Ֆորը ներկա դրությամբ Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանն է, որպես դեսպան ներկայացրել է Ֆրանսիան նաեւ Ալբանիայում, Էստոնիայում, Սլովակիայում:
Ա. Հ.