Հաագայում, ապա նաեւ Պրահայում Հայաստանի դեսպանատների բացմանը նոյեմբերի 23-ին հետեւել է նաեւ դեսպանատան բացումը Կոպենհագենում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը, նոյեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ եղել է Դանիայում:
ԱԳ նախարարի այցելությանը տեղի է ունեցել Դանիայում Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Դանիայի եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով բացման արարողությանը` Նալբանդյանը անդրադարձել է հայ-դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին դանիացի միսիոներների կողմից հայ գաղթականների եւ որբերի հանդեպ ցուցաբերած մարդասիրությանը, 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաեւ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը:
Դանիայի եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենն իր հերթին տեղեկացրել է, որ դեսպանություն վերջին անգամ Կոպենհագենում բացվել է 2007թ.:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ մինչեւ նոյեմբերի 26-ը Նալբանդյանի օրակարգում են նաեւ այցելություններ Բելգիա եւ Լիտվա:
Ա. Հ.