Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում երեկ անցկացված «Շիրակէքսպո 2011» ցուցահանդեսում թեեւ տեղի առումով որոշ նեղվածք էր, սակայն միջոցառումը նախորդ տարիների համեմատ լայն էր աշխարհագրական ընդգրկման առումով: Շիրակի մրցունակության կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսին, որը ֆինանսավորվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի կողմից, Շիրակի, Լոռու, Տավուշի արտադրողներից ու սպասարկման ոլորտի տնտեսվարողներից բացի ներկա էին նաեւ վերջին օրերին Հայաստանում գտնվող տասնյակ թուրք գործարարներ ու այլ հյուրեր:
«Ներկա 26 թուրք գործարարները, ցավոք, չեն կարողացել տաղավարներով ներկայանալ` զուտ տրանսպորտային խնդիրների պատճառով: Բայց բոլորն այստեղ են, եւ հուսով եմ` կկարողանան համագործակցության հնարավորություններ գտնել»,- ասաց Շիրակի մրցունակության կենտրոնի տնօրեն Գայանե Ավագյանը : «Մենք մեր գիտակցության մեջ եղած սահմանները վերացնելու համար ենք այստեղ,- ցուցահանդեսի տաղավարներով շրջելիս լրագրողների հետ կարճ զրույցում մասնավորապես նշեց Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Դիադին Գեզերը :- Հույս ունենք, որ այս ցուցահանդեսները կնպաստեն սահմանների բացմանն ու նաեւ մեր հոգեւոր-մշակութային կապերի վերականգնմանը: Առաջիկա տարում մենք պետք է Դիարբեքիրում ցուցահանդես կազմակերպենք, եւ մեր հայ գործընկերներին անպայման կհրավիրենք»:
Գյումրու քաղաքապետարանում թուրք գործարարներին ընդունեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը : Իսկ համագործակցության վերաբերյալ սկիզբ առած խոսակցությունը շարունակվեց «Արաքս» հյուրանոցային համալիրի սրահում օրվա երկրորդ կեսին կազմակերպված «Կանայք որպես տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջատարներ» համաժողովում: Հայաստանի եւ Թուրքիայի հասարակական, գործարար եւ քաղաքական կյանքին կանանց դերի ու ներգրավվածության վերաբերյալ իրենց նկատառումներն արտահայտեցին ԳԱԼԱ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը , Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը , Համալսարանական կանանց ընկերակցության Գյումրու մասնաճյուղի նախագահ Ելենա Վարդանյանը , թուրքական պատվիրակության ներկայացուցիչները: Երկու երկրների տնտեսությունների համառոտ նկարագիրը ներկայացրեց Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս, արեւելագետ Արտակ Հովհաննիսյանը : Քննարկումներ ծավալվեցին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ:
«Կուզենայի նշել Երեւանում ու Գյումրի քաղաքում հայ գործարարների հետ հանդիպումների եւ շրջագայությունների ընթացքում մեր ունեցած ջերմ հարաբերությունները, որոնք քայլ կհանդիսանան, որ թեկուզ առեւտրաարդյունաբերական ոլորտում, գործարարների միջեւ կապերն առավել հզորանան, - ասաց գործարար, թուրք կանանց «Դոգյունկադ» ընկերակցության նախագահ Նեւին Իլը : - Մենք պետք է նախ եւ առաջ մեկս մյուսիս ավելի լավ ճանաչենք: Ավելի շատ մարդիկ պիտի գան, ավելի շատ պիտի ծանոթություններ տեղի ունենան իրար միջեւ: Կուզենայինք, որ ստեղծված մթնոլորտի շարունակականությունն ապահովվեր: Եվ Գյումրին մենք տեսնում ենք որպես մեր հիմնական գործընկեր քաղաք»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ