«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2011-11-24 | #213, 2011-11-25 | #214, 2011-11-26


ՌՈՒՍ-ԲԵԼԱՌՈՒՍ ԳԱԶԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ՎԵՐՋԱԿԵՏԸ

Ռուսաստանի եւ Բելառուսի գազային վեճերն, ըստ էության, այլեւս տեղի չեն ունենա, քանի որ երկու դեպքում այդ շահերը կներկայացնի մեկ ընկերություն` «Գազպրոմը»: «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն «Գազպրոմը» 2.5 մլրդ դոլարով ձեռք է բերել «Բելտրանսգազ» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսն ու այդպիսով դարձել 100-տոկոսանոց սեփականատեր:

Այս գործարքի մասին «Գազպրոմից» հայտարարություններ էին արել դեռեւս հունիսինՙ գնի նույն մեծությունը նշելով: Սակայն երեկ ստորագրված փաստաթղթերը վերաբերում են ոչ միայն բելառուսական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանը, այլեւ 2012-2014 թթ. Բելառուս եւ այդ երկրով տարանցվող գազի մատակարարմանը:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարության համաձայն, այս ամենով հանդերձ, բելառուսական սպառողների համար գազի սակագինը կնվազի ներկայիս մոտ 280 դոլարից եւ կկազմի 165,6 դոլար` 1000 խորանարդ մետրի համար այն դեպքում, երբ այդ նույն ծավալի գազը Եվրոպայի համար գրեթե 400 դոլար արժե:

Ինչ վերաբերում է Բելառուսի տարածքով գազի տարանցման սակագնին, ապա, ըստ նոր ստորագրված համաձայնագրի, 2012-ին կկազմի 2 դոլար 100 կմ համար` 2013-2014-ին վերահաշվարկվելու պայմանով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4