«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2011-11-24 | #213, 2011-11-25 | #214, 2011-11-26


ԱՊՐԵՑ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐ

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել «Մարդը, գրականագետը, իմաստասերը» ժողովածունՙ գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանի ծննդյան 100-ամյակին նվիրված: Գիրքը հրատարակության է պատրաստել գրականագետի դուստրՙ Արփիկ Մուրադյանը:

Ժողովածուն բովանդակում է ինչպես հեղինակային նյութեր (հոդվածներ, նամակներ, ուսումնասիրություններ), նաեւ ժամանակակիցների խոսքըՙ գնահատումներ, արժեւորումներ, հիշողություններ, որոնցով ստեղծվում է գրականագետ-գիտնականի ու մարդու հիրավի համակրելի եւ հարգելի կերպար: «Եթե փնտրվում էր զուլալն ու գեղեցիկը, Նշան Մուրադյանն էր: Արվեստը կրում էր որպես ինքնություն, շուրջբոլորը խաղաղություն ու բարություն էր սփռում, եթե հանդիպել էիր Նշանին, ուրեմն իր օրվա մեջ էիր ապրելու, ուրեմն կյանքը քեզ պարգեւ էր: Արվեստի եւ գրականության ուսումնասիրությունը երբեք չդարձրեց մասնագիտություն, արվեստի ու գրականության սիրահար էր ու մինչեւ վերջ ապրեց այդ իրականության մեջ»: Մեջբերված խոսքի ոգով է ընթանում գրքիՙ պայմանականորեն առաջին բաժինը, որտեղ Անահիտ Սեկոյանը, Բյուրակն Անդրեասյանը, Աելիտա Դոլուխանյանը, Բախտիար Հովակիմյանը, Վալտեր Արամյանը, Սուրեն Մուրադյանը, Հովհաննես Գրիգորյանը, Ավիկ Իսահակյանը, Կարլեն Դանիելյանը, Պարույր Մուրադյանը, Վլադիմիր Աբաջյանը եւ ուրիշներ իրենց գրություններով ներկայացնում են գրականության եւ արվեստի նվիրյալի ասպետական նկարագիր:

Ժողովածուի 2-րդՙ ծավալուն բաժինը ընդգրկում է Նշան Մուրադյանի գրական ժառանգության ընտրանին, որը բավականին պատկերացում տալիս է գրականագետի լեզվամտածողության, նրա ուսումնասիրության մեթոդի, առհասարակ մշակույթի, արվեստի նրա վերաբերմունքների, մոտեցումների մասին: Վերջին էջերին զետեղված նամակներից հատվածներըՙ ուղղված առաջին կնոջըՙ Հռիփսիկ Հարությունյանին, գրականագետի ներաշխարհի լավագույն բացահայտումներն ենՙ բարեկիրթ, ազնիվ, լրջմիտ, միաժամանակ նուրբ, երազկոտ ու սիրառատ:

Գրականագիտական այն ժառանգությունը, որ ներկայացնում է սույն ժողովածուն, հատկանշում է գրականության խորը իմացականությամբ մասնագետի պատասխանատու մոտեցում, բարեխիղճ աշխատանքՙ բարձր լեզվամտածողությամբ ու ներքին կուլտուրայով օժտված: Գրականագետի հետաքրքրությունների ու նախասիրությունների շրջանակը լայն է, այն ընդգրկում է հայ միջնադարյան քնարերգությունից մինչեւ իր ապրած ժամանակներըՙ Քուչակից, Նարեկացուց մինչեւ Սայաթ-Նովա, Խ. Աբովյան, Մ. Նալբանդյան, Հ. Հովհաննիսյան, Դ. Վարուժան, Պ. Սեւակ. («Վարուժանի նամակները», «Աբովյանի անհայտացման առեղծվածի շուրջ», «Թումանյանի քառյակների ուժը», «Խոհեր Նալբանդյանի մասին», «Ավ. Իսահակյանի հիշատակարանը», «Ռուբեն Զարյանի մոնոգրաֆիան», «Մանուկ Աբեղյան» եւ այլն): Սակայն գրականագետի հոգու սերը, կարելի է ասել հանճարեղ անգլիացինՙ Վիլյամ Շեքսպիրն էր, եւ ուսումնասիրությունների զգալի մաս նվիրված է շեքսպիրագիտությանը:

Գրական-աշխատանքային կենսագրությունը հարուստ ու բեղմնավոր է եղել, այդ մթնոլորտում են ձեւավորվել նրա մտավորական հետաքրքրությունները: Գրականության թանգարանում աշխատելու տարիները բնագրերի աշխարհին ծանոթանալու եւ դրանց հետ աշխատելու հնարավորություն ընձեռեց: Ավելի ուշ, Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում գրական բաժնի վարիչն էր, որտեղ էլ դրսեւորվում են թատերական արվեստի հանդեպ նրա հետաքրքրությունները: Աշխատել է նաեւ «Հայկինոյում», որպես գրական խմբագիր: 1965-ից տեղափոխվել է գրականության ինստիտուտ: Նրա բնագրագիտական իմացություններն ու փորձը հմտորեն դրսեւորվեցին Մ. Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի եռահատորի պատրաստման եւ ծանոթագրությունների աշխատանքները կատարելիս: Ապա ձեռնարկեց Հովհաննես Հովհաննիսյանի երկերի եռահատոր ժողովածուի բնագրերի կազմման աշխատանքները: 1954-ից սկսած լույս տեսան մի քանի աշխատություններՙ «Միքայել Նալբանդյան», «Նալբանդյանի կյանքը եւ գործը», «Հովհ. Հովհաննիսյանի արվեստը», «Աբովյանի պոետիկան»:

Մեծ է Նշան Մուրադյանի վաստակը հայկական շեքսպիրագիտության մեջ: Նախախնամություն էր. անհնար էր, որ Վիլյամ Շեքսպիրի այդչափ նվիրյալը ավելի ուշ չունենար աշխատանքային կենսագրության կարեւոր այդ էջը. երբ արվեստի ինստիտուտում բացվեց շեքսպիրագիտության հայկական կենտրոնը, տեղափոխվեց այնտեղ: Նա թափանցել է շեքսպիրյան դրամատուրգիայի խորքերըՙ ճանաչել նրա ապրած ժամանակը, միջավայրը, գրական մտածողությունը, իր բազմաթիվ հոդվածներում եւ ուսումնասիրություններում («Համլետի առեղծվածը», «Կերպար ստեղծելու Շեքսպիրի սկզբունքները», «Ծաղրածուն Շեքսպիրի երկերում», «Շեքսպիրի աֆորիզմները»...) նաեւ նոր հայտնություններ է արել, անդրադարձել է Շեքսպիրի հայերեն թարգմանություններին («Մասեհյանի տաղաչափական գյուտը»), հայ բեմի նրա լավագույն մեկնաբանիՙ Վահրամ Փափազյանի արվեստին, մեկնաբանել «Տիմոն Աթենացին» գործի անավարտ մնալու գաղտնիքը, մոտեցել համլետյան հավերժական առեղծվածի բացահայտմանը. «Նա այն կարծիքը հայտնեց, որ հոր ուրվականը Համլետը տեսել է իր երեւակայության մեջ, որ այդ ամբողջը բանաստեղծական մետաֆոր է, ըստ որումՙ ուրվականը Համլետի ներսում նրա երկրորդ ես-ի, այսինքնՙ հոգեկան բախման կողմերից մեկի դերն է կատարում», գրում է Բյուրակն Անդրեասյանը:

Նրան են վստահվել Շեքսպիրի երկերի հրատարակության հայերեն բնագրերի կազմման աշխատանքները («Համլետ», «Օթելլո», «Մակբեթ», «Արքա Լիր», «Վենետիկ վաճառականը»): Կազմել է Շեքսպիրի 700-ից ավելի կերպարների հանրագիտարանը:

Հայտնի է, որ Նշան Մուրադյանն է եղել Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» հայտնի գործը ոչնչացումից փրկողը: 37-ականների ռեպրեսիայի տարիներին, երբ աշխատում էր գրականության թանգարանում, Պարգեւուհի Սիմոնյանի հետ թաքցնում է կտավը չերեւացող մի անկյունումՙ հին պահարանի հետեւում: Ավելի ուշ, երբ կյանքը փոքր-ինչ «հանդարտվում» է, եւ հայտնի է դառնում այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձում է նրան նվիրել նկարըՙ որպես պարգեւ, Նշան Մուրադյանը հրաժարվում է:

Հիրավի, արվեստի ազնիվ նվիրյալ, գրականության հավատարիմ մշակ, նուրբ, ռոմանտիկ զգացումներով մարդ, որի կյանքի ավարտն էլ այդպիսին էրՙ հեռացում Սեւանի ալիքների մեջ, նրանց հետ...

Նորընծա գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ, Գրողների միության Կլոր դահլիճում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկար 2. Պարույր Սեւակ, Նշան Մուրադյան, Լեւոն Հախվերդյան, 1951թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4