ՀՀ նախագահը Վրաստանում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Վրաստանում առաջինը ընդունեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահը, ընդգծելով, որ «վերջին 2 տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ավելացել է ապրանքաշրջանառությունը», նշել է. «2012-ին շահագործման կհանձնվի «Հյուսիս-հարավ» մայրուղին, որը կմիանա Նինոծմինդա-Բաթում ճանապարհին, ինչը հնարավորություն կտա որակյալ ճանապարհով Պարսից ծոցից Վրաստան բեռներ փոխադրելու»: Նախագահ Սաակաշվիլին իր հերթին նշել է. «Մեր միջեւ որեւէ խնդիր չկա: Մեր հարաբերությունները ոչ միայն բարեկամական են, այլեւ պրագմատիկ: Վրաստանի համար շատ կարեւոր է, որ Հայաստանը լինի ուժեղ ու ինքնուրույն երկիր»: Հանդիպման ընթացքում, ինչպես նշել է ՀՀ նախագահը, «քննարկվել են հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին եւ այլն»:
Նախագահների հանդիպումից հետո պատվիրակությունների անդամները կնքել են համագործակցության մի շարք պայմանագրեր:
Վրաստանում Հայաստանի նախագահին կհյուրընկալեն նաեւ խորհրդարանի փոխխոսնակ Դավիթ Բաքրաձեն, ինչպես նաեւ վրաց պատրիարք Իլյա Երկրորդը: Այսօր արդեն նախագահը հանդիպումներ կունենա Հայ առաքելական եկեղեցու վրաց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի հայ-վրացական գործարար համաժողովին: Երեկոյան նախագահը կվերադառնա Երեւան:
Հ. Ա.