«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2011-11-26 | #215, 2011-11-29 | #216, 2011-11-30


ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Կամ կրոնական գործիչների իրական հայտարարությունը

Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի տեղակալը` Կովկասի մահմեդականների վարչությունում, երեկ Երեւանից ադրբեջանական «կրոնական պատվիրակության» հետ վերադառնալով Բաքուՙ բավական ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Փաշազադեի տեղակալ Սաբիր Հասանլին ասել է. «Պատրիարք Կիրիլը պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում, սա զգացվում էր Երեւանում մեր ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում»: Թե ինչը ինչպես է զգում հարգարժան Հասանլին, թողնենք, մենք պարզապես հիշեցնենք. ԼՂ հիմնահարցի առնչությամբ հակամարտ կողմերն ունեն սզբունքային տարբեր դիրքորոշումներ` ոչ միայն ԼՂ կարգավիճակը որոշելու առնչությամբ: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն հայկական կողմերի, բազմիցս է հայտարարել, որ «պատրաստ է, եւ կարող է ԼՂ հիմնահարցը լուծել ռազմական ճանապարհով», ավելին` «որ Բաքվի համբերությունը սպառվում է, ինչը ենթադրում է պատերազմով հետ բերել ադրբեջանական հողերը»: Հատկանշական է, որ այս ու նմանատիպ հայտարարություններ անում է անգամ նախագահ Ալիեւը, հետեւաբար «Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ-ի հարցում» սրանից տարբեր ուղղակի չի կարող լինել: Բացի սրանից` երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն անձամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս, ինչպես նաեւ ողջ շահագրգիռ միջազգային հանրությունը կոչ են արել կողմերին` «հետ բերել դիպուկահարներին շփման առաջին գծից», Ադրբեջանում միշտ հայտնվել է որեւէ «արազազիմով» կամ «հասանով», որն ողղակի ասել է հետեւյալը` «դիպուկահարներին հետ բերելը հակամարտության լուծում չէ, ինչը կլինի միայն ադրբեջանական հողերի հետ բերելը»: Սա նշանակում է, որ դիպուկահարներին, հետեւաբար նրանց գործողությունները` հարեւան երկիրը պահում է զուտ պատերազմական վտանգ ապահովելու համար, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ դիպուկահարների գործողության նախահեղինակը հենց Բաքուն է: Սա նույնպես ընկալելի է որպես «Ադրբեջանի դիրքորոշում ԼՂ հիմնահարցում»:

Սակայն, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի կրոնական առաջնորդները Երեւանում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով մասնավորապես ասվում է. «Մենք հաստատապես կողմնակից ենք առկա խնդիրների լուծմանը բացառապես խաղաղ եւ օրինական միջոցներով...», բացի սրանից` «Կոչ ենք անում աջակցել հետխորհրդային ողջ տարածքում ինտեգրման գործընթացներին` ուղղված հասարակական բոլոր շերտերին, այդ թվումՙ ազգային փոքրամասնություններին, նաեւ նրանց ազգային ինքնության իրացմանը, դավանանքի ազատությանը եւ կրոնական գործունեության ապահովման ոլորտներում, հնարավորություն ընձեռել նրանց` զարգացնելու իրենց լեզուն: Անհրաժեշտ է հոգածություն ցուցաբերել փախստականների եւ վերաբնակեցվածների հանդեպ»: Կոնկրետ ԼՂ հիմանահարցի առնչությամբ կրոնական գործիչները, ինչպես երեկվա համարում նշել ենք, կոչ են անում կողմերին «պայմանավորվել առաջավոր դիրքերից դիպուկահարներին հեռացնելու մասին, գործնականում հաստատել միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների հստակ իրացման պատասխանատվությունը»: Պակաս ուշագրավ չէ` բարձրաստիճան հոգեւորականների հետեւյալ արտահայտությունը. «Կիսելով մարդկանց անհանգստությունը, որոնք մտահոգված են պատմության եւ մշակույթի հուշարձանների ավերմամբ, հայտարարում ենք տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը բոլոր միջոցներով աջակցելու մտադրության մասին»: Հիշեցնենք` ԱՊՀ Միջկրոնական համաժողովի երեւանյան աշխատանքների առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես իր ելույթում անհանգստություն հայտնեց մշակութային հուշարձանների, այս դեպքում, իհարկե` հայկական հուշարձանների ավերման փաստերի առնչությամբ: Ահա, ուրեմն, թե ինչով են զբաղված եղել կրոնական գործիչները Երեւանում, ավելին` Փաշազադեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ինքն անձամբ նախագահ Ալիեւի հետ հանդիպումներին ընդգծում է «հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծելու անհնարինության մասին»:

Իսկ թե ուրիշ էլ ինչ է «զգացել» Սաբիր Հասանլին եւ որքանով է վայել կրոնական գործչի համար ստելը, դա արդեն այն հասարակության խնդիրն է, որը եւ առաջնորդում են Հասանլին ու Փաշազադեն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4