Հավանաբար երկուստեք «արքայական» արմատներից ելնելով` Իլհամ Ալիեւի կրտսեր դուստր Արզուն, որը բնակվում է Լոնդոնում, սերտ` գործնական-PR կապեր ունի բրիտանական արքայազն Էնդրյուի հետ: Առհասարակ արքայազնի` Ադրբեջանի նկատմամբ «հատուկ սիրո» մասին «Ազգը» առիթ ունեցել է գրելու, սակայն հարցն այն է, որ անցած 4 օրերի ընթացքում արքայազն Էնդրյուն «անհետացել էր», համենայն դեպս` համաձայն բրիտանական մամուլի: Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ արքայազնը մեկնել է շրջագայության Մերձավոր Արեւելքի երկրներ, մասնավորապես նրան սպասել են Քաթարում, Արաբական Էմիրություններում, սակայն, ինչպես գրում է «Ենի Մուսաֆաթը», Էնդրյուն «գաղտնի այց» է կազմակերպել Ադրբեջան: Ինչո՞ւ գաղտնի, որովհետեւ բրիտանական մամուլը արդեն տեւական ժամանակ քննադատում է արքայական տան ներկայացուցչին` «սերտ հարաբերություններ ունենալու համար մի երկրի հետ, որտեղ բռնատիրական բարքեր են»: Ի վերջո` այս ճնշումը բերեց նրան, որ Էնդրյուն հրաժարվեց Բրիտանիայի առեւտրային հետաքրքրությունների գծով հատուկ նեկայացուցչի պաշտոնից, այդուհանդերձ Էնդրյուն շարունակում է «պաշտպանել բրիտանական բիզնեսը արտասահմանում»:
Ադրբեջան կատարած վերջինիս այցի վերաբերյալ աղբյուրները լռում են, պատճառաբանելով, թե «այցը գաղտնի էր»: Միայն արքայազնի անձնական օգնական եւ անվտանգության ծառայության աշխատակիցը հաստատել է, որ Էնդրյուն իրոք Ադրբեջանում էր, հավելելով` «որեւէ այլ տեղեկություն տալ չեմ կարող»: «Այլ տեղեկություններ» փորձել է պարզել անգլիական մամուլը, մասնավորապես հայտնի է դարձել, որ արքայազնը Կասպից ծովի ադրբեջանական ափին գոլֆի կենտրոն է բացել: Այս տեղեկությունը հերքում է Բուքինհեմյան պալատըՙ ուշագրավ նկատառումներից ելնելով` «արքայական ընտանիքի անդամը չի կարող սերտ հարաբերություններ ունենալ մարդու իրավունքները ոտնահարող երկրի հետ»: Սակայն, պարզվում է, որ Էնդրյուն «բռապետների հետ հատուկ սեր ունի»: Մասնավորապես նույն բրիտանական մամուլը պատմում է արքայազնի սերտ կապերի մասին Աֆղանստանում, «նախկին» Թունիսում եւ այլուր: Մասնավորապես, նախքան թունիսյան հեղափոխությունը Էնդրյուն հանդիպել է այդ երկրի նախագահ Բեն Ալիի հետ:
Բրիտանա-ադրբեջանական հարաբերություններն առհասարակ ուշագրավ քննարկման թեմա են, մասնավորապես հարեւան երկրում ներկա բրիտանական նավթային հսկան ու Բրիտանիայում առկա հզոր ադրբեջանական լոբբին` ի դեմս «արքայադուստր» Արզու Ալիեւայի: Հետաքրքրական է, որ մի կողմից Լոնդոնը խորացնում է Բաքվի հետ առավելապես տնտեսական գործակցությունը, մյուս կողմից` բրիտանական մամուլը, մեղմ ասած, քննադատում է Ադրբեջանում «ամեն շարժվող բան»:
Այս վերջինը այնքան է հունից հանել Բաքվին, որ «Բակինսկի ռաբոչի» թերթի գլխավոր խմբագիր Ռահման Հաջիեւը 8-էջանոց վերլուծական է գրել` թափելով Լոնդոնի վրա պաշտոնական Բաքվի ողջ մաղձը: Ամենեւին չցանկանալով բերել այստեղ վերոհիշյալ հրապարակումը, առանձնացնենք որոշ հատկանշական տարրեր: «Բակինսկի ռաբոչի»-ին «հիշեցնում է» մասնավորապես անգլիական Guardian-ին, որ վերջինս անցած ապրիլին կոչ էր անում Լոնդոնի դաշնակիցներին` «ռմբակոծել Մերձավոր Արեւելքի որոշ երկրներ, այդ թվումՙ Բահրեյնը»: Այս համապատկերում Հաջիեւը նկատում է` «Նմանատիպ տպավորություն ստանում ենք, երբ կարդում ենք Ադրբեջանի մասին հոդվածներ նույն պարբերականում», թերեւս` առանց մեկնաբանությունների:
Այնուհետեւ «Բակինսկի ռաբոչի»-ին «հիշեցնում է» բրիտանական մամուլին` բրիտանա-ադրբեջանական տնտեսական գործակցության տեմպերն ու մակարդակը, որը նույնպես բավական հետաքրքրական կարող է լինել: «Միայն 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում բրիտանական ներդրումները Ադրբեջանում կազմել են 2 մլն 523 հազար դոլար, այս եւ այլ ցուցանիշներով Բրիտանիան մեր ամենամեծ արտաքին ներդրողն է: Մասնավորապես` ընդհանուր շուկայում Լոնդոնի ներդրումները կազմում են 44,3 տոկոս, օրինակ` ԱՄՆ-ինը կազմում է 14,4 տոկոս, Ճապոնիայինը` 9 տոկոս, Նորվեգիայինը` 5 տոկոս, Թուրքիայինը` 4,1 տոկոս եւ այլն (Հաջիեւի բերած այս ցուցակում Ռուսաստանը առհասարակ բացակայում է-Հ. Ա.): Ինչպես հայտնի է, օրեր առաջ Բրիտանիայի դեսպանը Բաքվում` Փիթեր Բեյթմանը հայտարարեց. «Միացյալ Թագավորությունն ու Ադրբեջանը կանգնած են կարեւոր տարվա շեմին»: Տեղին է հիշեցնել նաեւ, որ բրիտանական հսկա BP-ի արտադրամասերից մեկը հենց Ադրբեջանում է: Գաղտնիք չէ, որ BP-ին են պատկանում այնպիսի նախագծեր, ինչպիսին է «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» խոշոր նավթաարդյունաբերական տեղամասը, ինչպես նաեւ «Շահդենիզ»-ը, որը բնական գազի ամենախոշոր արտադրամասն է», այս ամենը «հիշեցնելով»ՙ Հաջիեւը հռետորական հարց է տալիս. «Մի՞թե որեւէ մեկը ցանկանում է ստվեր նետել այս հեռանկարային համագործակցության եւ վերոհիշյալ նախագծերի վրա»:
Այս թեմայով նկատենք մի հետաքրքրական իրադարձություն եւս. Թեհրանում բրիտանական դեսպանատան անկումից հետո Լոնդոնի շահերը Իրանում կպաշտպանի Բաքվում գործող բրիտանական դեսպանատունը: Ինչ վերաբերում է Հաջիեւի` «ստվեր նետողներին», ապա դրա «փոքրիկ` սպորտային նախադեպը» արդեն իսկ կա. Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային թիմի նախկին հայտնի պաշտպան Թոնի Ադամսը, որը գլխավորում էր ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբը, «ընտանեկան պատճառներով» լքել է հարեւան երկիրը: Չնայած այս պատճառաբանությանը, ադրբեջանական մամուլը նկատում է, որ Ադամսի «Գաբալա»-ն ընթացիկ առաջնությունում առաջատարին զիջում է 11 միավորով ու ընթանում է «ընդամենը» 6-րդ տեղում: Հուսանք` բոլոր բրիտանացիները չեն հետեւի Ադամսի օրինակին, քանի որ նրանց ներկայությունը հարեւան երկիրը չի դարձնի մեզ համար թշնամի երկիր: Դե իսկ «Բակինսկի ռաբոչի»-ի թերթի գլխավոր խմբագրին, ինչպես նաեւ նրան այս հոդվածը գրել պատվիրող «Բաքվի աշխատավորներին» հիշեցնենք հայտնի ասույթը. «Անգլիացիները հարգում են ձեր դիրքորոշումը, սակայն նրանց ամենեւին չեն հետաքրքրում ձեր զգացմունքները»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ