Դեկտեմբերի 4-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Անթիլիասում ընդունել է տարածաշրջան այցելած Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցիչ Ադրիեն Կութեյրոյին: Հանդիպման ընթացքում Արամ կաթողիկոսը հատուկ կարեւորությամբ անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հայտնի հայտարարությանը, որով Ժյուպեն նշել էր, թե «Փարիզը պատրաստ է հյուրընկալել հայերի ու թուրքերի հանձնախմբերին, որոնք կքննարկեն 1915-ի ցավալի իրադարձությունները»: Ընդգծելով, որ Ֆրանսիայի առաջին դիվանագետի այս հայտարարությունը խիստ վրդովմունք է առաջացրել հայ ժողովրդի շրջանում, Արամ Առաջինը ասել է. «Այդ ինչպե՞ս է լինում, որ Ֆրանսիայի խորհրդարանը, այդ երկրի երեք նախագահները ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, սակայն նույն երկրի նախարարը բոլորովին այլ հայտարարությամբ է հանդես գալիս»: Այս կապակցությամբ վարչապետի ներկայացուցիչը նկատել է. «Ճիշտ է, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն չպետք է անտեսել Թուրքիայի դերը տարածաշրջանում ու նրա հարաբերությունները Եվրոպայի հետ»:
Արամ Առաջինը Ադրիեն Կութեյրոյի հետ քննարկել է նաեւ իրավիճակը Միջին Արեւելքում: Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսը Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցչին ներկայացրել է սեփական տեսակետները, մասնավորապես տարածաշրջանի քրիստոնեկան համայնքներին նետված նոր մարտահրավերների հետ կապված:
Հ. Ա.