Տասը տարի առաջ Ազգային ժողովրդավարական միության շարքերից դուրս եկած մի շարք գործիչներ հիմնադրեցին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը` ՀԺԱՄ, որպեսզի «կերտեն ժամանակակից իրավական, սոցիալական պետություն, կառուցեն ազատ եւ արդյունավետ տնտեսություն, կայացնեն քաղաքացիական հասարակություն»:
Դեկտեմբերի 3-ին կառավարության նիստերի դահլիճում ՀԺԱՄ կուսակցությունը գումարել էր իր հոբելյանական համագումարը` նվիրված կուսակցության 10-ամյակին: ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանն իր ելույթում ընդգծեց, որ «մեր մեջ հոսում է ԱԺՄ-ական քաղաքական արյունը», եւ որեւէ փաստում, որ ՀԺԱՄ-ը հենց ԱԺՄ-ից դուրս եկած գործիչների կուսակցություն է, որեւէ հակասություն փնտրել պետք չէ:
ՀԺԱՄ համագումարին ներկա էր նաեւ Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը, որը նույնպես ժամանակին ԱԺՄ ներկայացուցիչ էր: Համագումարին ներկա էին նաեւ կուսակցությունների ներկայացուցիչներ` Արմեն Մարտիրոսյանը` «Ժառանգությունից», Արմենական-ՌԱԿ-ից փոխատենապետ Արմեն Մանվելյանը եւ դիվանի անդամ Սիրո Գեւորգյանը, Արամ Հարությունյանը` «Ազգային համաձայնություն» կուսակցությունից եւ այլք:
Լրագրողների հետ զրույցում ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը, անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին, նշեց. «Մենք կոչ ենք անում բոլոր արտախորհրդարանական ուժերին` ձեւավորել դաշինք ու այս ձեւաչափով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ համագործակցությունների Հայաստանը հնարավորությունների Հայաստան է: Մենք այժմ բանակցություններ ենք վարում նաեւ խորհրդարանական մեկ-երկու կուսակցությունների հետ` ընտրություններին միասնաբար ներկայանալու համար»: Մկրտչյանի ասած «խորհրդարանական մեկ-երկու կուսակցություններից» մեկը կարող է լինել «Ժառանգությունը», քանի որ այդ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ՀԺԱՄ համագումարին ունեցած իր ելույթում ընդգծեց. «Ուրախ եմ, որ ՀԺԱՄ-ը Հայաստանում կուսակցապետության ստեղծման կողմնակիցն է: «Ժառանգությունը» մշտապես պայքարել եւ պայքարելու է սրան հասնելու համար»:
Որպես կարգախոս` ՀԺԱՄ-ը վաղուց արդեն հայտնի է «Ձեւավորենք միջին խավ» սկզբունքային քաղաքական ուղղվածությամբ: Ու հաշվի առնելով, որ միջին խավի ձեւավորման կարեւորագույն տարրերից է փոքր ու միջին բիզնեսը, ՀԺԱՄ-ը առաջարկում է փոքր բիզնեսը` մինչեւ 20 մլն շրջանառությամբ, ազատել հարկերից, միջին բիզնեսի հարկերը կրճատել 30 տոկոսով եւ խոշոր բիզնեսի հարկերը բարձրացնել 30 տոկոսով:
Կուսակցության ծրագրում ուրույն տեղն ունի նաեւ երիտասարդությունը, դահլիճում նստածներից շատերը հենց երիտասարդության ներկայացուցիչներ էին:
Հ. Ա.