«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2011-12-02 | #219, 2011-12-03 | #220, 2011-12-06


ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ. ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐ ՀԱՄԱՐԵՑ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

Դեկտեմբերի 2-ին Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ Արմեն Այվազյանի քաղաքացիական հայցով դատական ակտի հրապարակումը:

Հիշեցնենք, որ հայցվոր Արմեն Այվազյանը մեղադրում էր Հայկ Դեմոյանին իրեն զրպարտելու եւ վիրավորելու համար` պահանջելով 3 մլն դրամ որպես փոխհատուցում: Պատասխանող Հ. Դեմոյանը, որը ներկա էր դատական նիստերին, ի տարբերություն հայցվոր Ա. Այվազյանի, իր հակափաստարկներում նշում էր, որ Ա. Այվազյանի անձի հետ կապված իր հայտարարություններն ու գնահատականները հնչեցվել են վերջինիս անպատասխանատու եւ վտանգավոր գործունեությանն ի պատասխան, այն է` թուրքական ապատեղեկատվությունը որպես հիմք ընդունելու եւ իր անձն ու Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկելու կրկնվող փորձերի համար: Ա. Այվազյանը բազմիցս ցուցաբերելով մտավորականին ոչ հարիր վարք` վերջին տարիների ընթացքում վիրավորական ու զրպարտչական բնույթի հայտարարություններ էր տարածել Հ. Դեմոյանի հասցեին:

Դատավոր Ռ. Ներսիսյանը, հրապարակելով դատական ակտը, մերժեց Ա. Այվազյանի հայցն ընդդեմ Հայկ Դեմոյանի` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին կետը, որտեղ նշվում է, որ «զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»: Համաձայն նույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի, «նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանից ելնող փաստաթղթից»:

Տվյալ պարագայում դատարանը գտել է, որ «հայցվոր Արմեն Այվազյանի կողմից միմյանց մեջ տեւական ժամանակ ընթացող հրապարակային վեճերի առանձին դրվագը չի կարող ընդհանուր համատեքստից դուրս գնահատվել, որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող վիրավորանք կամ զրպարտություն»:

Մերժելով Արմեն Այվազյանի հայցն ընդդեմ Հայկ Դեմոյանի` դատարանը վճռեց նաեւ Ա. Այվազյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 60 հազ. ՀՀ դրամ, որպես չվճարված պետական տուրք:

Հ. Գ. Այս հոդվածը ներկայացնում ենք տպագրության նաեւ ի գիտություն լրագրող Գեւորգ Յազըճյանի, որը, թերեւս, լավ չտիրապետելով իրավիճակին եւ դատական ակտերի հրապարակման օրինական կարգին, շտապել էր հերթական անգամ ապատեղեկացնել ՀՀ եւ Սփյուռքի ընթերցողներին, թե իբր Ա. Այվազյանի հայցը մերժվել է առանց որեւէ հիմնավորման: Ցանկալի կլիներ, որ Գ. Յազըճյանը նախօրոք ընթերցեր դատարանի վճռի տեքստը, նամանավանդ որ այդ փաստաթուղթը դատական ակտի հրապարակումից հետո անմիջապես հանձնվել է երկու` հայցվոր եւ պատասխանող կողմերին:

ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, (կրճատումով)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4