«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2011-12-03 | #220, 2011-12-06 | #221, 2011-12-07


ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԲԵՐԵ՞Ն ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Վերջին տարիներին կատարվել են տասնյակ միլիարդների ներդրումներ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այսօր լրանում է 1988-ի երկրաշարժի հերթական տարելիցը, երկրաշարժ, որը Հայաստանի մի զգալի հատված վերածեց աղետի գոտու: Անօթեւան մնացին հարյուր-հազարավոր մարդիկ, որոնց բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ լուրջ քայլեր սկսվեցին իրականացվել միայն վերջին մի քանի տարիներին: Աղետի գոտու վերականգման խնդիրը կարեւորվում է նաեւ Հայաստանի տարածքների համաչափ զարգացման համատեքստում:

2008-ին Հայաստանի կառավարությունը աղետի գոտում անօթեւան բնակիչների բնակարանային խնդրի վերջնական լուծման ծրագիր մշակեց: Այդ ծրագրով 2008-2011-ին պետբյուջեից հատկացվեց 76 մլրդ դրամ, որով պետք է բնակարաններ կառուցվեին անօթեւան շուրջ 4860 ընտանիքների համար: 2009-ից սկսվեցին մեծածավալ շինարարական աշխատանքները: Երկու տարվա ընթացքում կատարվեցին 49,5 մլրդ դրամի ներդրումներ եւ բնակարաններ ստացան 1566 ընտանիքներ: 2011-ին պետական ներդրումները աղետի գոտում շարունակվեցին, իրականացվեցին եւս 26 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ եւ բնակարաններ ստացան եւս 3223 ընտանիքներ: 2012-ին ծրագիրը նախատեսվում է շարունակել եւ բնակարանով ապահովել 1720 ընտանիքի, դրանով իսկ վերջնականապես լուծելով աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձածների բնակարանային հարցը:

Սակայն տարածքային համաչափ զարգացումը միայն աղետի գոտով չի սահմանափակվում: Քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում նաեւ այլ մարզերում, առաջնահերթությունը տալով վթարային վիճակում գտնվող կառույցներին:

Անհատական շինարարության խթանման նպատակով կառավարությունը պարզեցրեց շինթույլտվություն ստանալու կարգը, նվազեցնելով տան կառուցման համար պահանջվող ժամկետները եւ նախագծային փաստաթղթերի պատրաստման ծախսերը: Նախկինում այդ գործընթացը տեւում էր 1-3 ամիս եւ 400-800 հազար դրամՙ նախագծային աշխատանքների պատրաստման համար: Այժմ արդեն բնակիչները կարող են անվճար ընտրել պետության կողմից առաջարկվող 17 բնակելի տների նախագծերից որեւէ մեկը եւ մի քանի օրվա ընթացքում ստանալ շինարարության թույլտվությունը:

Անցած երկու տարվա ընթացքում զգալի միջոցներ են հատկացվել մարզերում դպրոցների հիմնանորոգմանը: 2008-2010-ին դպրոցաշինությանը հատկացված շուրջ 40 մլրդ դրամից 30 մլրդ դրամն ուղղվել է մարզերին: 2011-ին նույն նպատակով հատկացված 8,7 մլրդ դրամից 6,9 մլրդ դրամն է ուղղվել մարզերի դպրոցներին: Նորոգվել եւ վերակառուցվել է 864 դպրոցներ եւ այլ կրթական հաստատություններ:

Մարզերում այդ նույն ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող մյուս ոլորտումՙ առողջապահությունում: Մասնավորապես, վերակառուցվել եւ ժամանակակից սարքավորումներով են հագեցել Իջեւանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի, Գավառի բժշկակական կենտրոնները: Գյուղական համայնքներում կառուցվել են 10 նոր եւ նորոգվել 20 բժշկական ամբուլատորիաներ:

2010-ից իրականացվող «Երիտասարդ ընտանիքինՙ մատչելի բնակարան» ծրագրում կառավարությունը փոփոխություններ կատարեց, որոնցով բարելավվեց մարզերում երիտասարդ ընտանիքների համար բնակարաններ գնելու պայմանները: Հիփոթեքային վարկի 2 տոկոս սուբսիդավորման փոխարեն, պետությունը մարզերում սկսեց սուբսիդավորել վարկերի 4 տոկոսը, այսպիսով վարկի տոկոսը մարզերի երիտասարդ ընտանիքների համար նվազեցնելով մինչեւ 6,5-7 տոկոսի: Միաժամանակ, մարզերում այս ծրագրից օգտվողների համար նվազեցվեց կանխավճարի չափըՙ 30 տոկոսից մինչեւ 10 տոկոսի: Այս փոփոխությունների արդյունքները զգացնել տվեցին հաջորդող ամիսների ընթացքում: Եթե 1 տարվա ընթացքում մարզերում այս ծրագրից օգտվել էին 84 ընտանիք, ապա վարկավորման պայմանների բարելավումից հետո այդ թիվը կտրուկ ավելացավ, 6 ամսվա ընթացքում հասնելով 144-ի:

Մարզերի համաչափ զարգացմանն ուղղված այլ ծրագրերից արժե հիշատակել առավել աղքատ 225 համայնքներին լրացուցիչ արտոնությունների տրամադրումըՙ առավել ցածր տոկոսներով վարկեր, պարարտանյութ եւ սերմացու ստանալու առավելություններ եւ այլն: Հաջորդը գյուղերի զարգացման համար պետության կողմից 20 մլրդ դրամի հատկացումն էՙ վերացնելու համար բնականոն գործունեության խոչընդոտները: Ընդ որում, թե տվյալ գյուղում ո՞ր խնդրի լուծումն է առավել կարեւոր, որոշվում է տեղում, ապա առաջարկություն արվում կառավարությանը:

Զբոսաշրջության խթանմանն ուղղված մարզերում իրականացվող պետության աջակցությամբ, միջազգային եւ մասնավոր ֆինանսավորմամբ ծրագրերի մասին շատ է խոսվել, մեկ անգամ անդրադառնալու կարիք թերեւս չկա: Մնում է միայն հուսալ, որ մարզերում իրականացվող ծրագրերը, ի վերջո, որակական փոփոխությունների կբերեն եւ կթեթեւացնեն մեր հայրենակիցների ներկայիս հոգսաշատ առօրյան:


Նկար 1. Գյումրիի քաղաքապետարանի այս շքեղ շենքը դեռեւս չի կարող դառնալ աղետի գոտու վերակառուցման խորհրդանիշ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4