Ակումբի նախագահ Արման Սահակյանն ամփոփեց անցած մրցաշրջանը
Անցած շաբաթ օրը Գյումրիում ֆուտբոլի 2011 թ. մրցաշրջանի ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը: Նա ավարտված մրցաշրջանում թիմի համար լուրջ ձեռքբերում համարեց վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի գավաթի եզրափակիչ հասնելը: «Ափսոս, այդ մի խաղը պարտվեցինք, բայց կարծում եմ` ուրախանալու առիթ եղավ,- նշեց ակումբի նախագահը: - Այդ ցավալի պարտությունից հետո մեզ մոտ եղավ ծանր շրջան, թիմը յոթ խաղ անընդմեջ պարտություններ կրեց, բայց վերջում նորից մեզ հավաքեցինք, նորից կարողացանք խաղալ»:
Ինչպես հայտնի է, տարվա սկզբից բավական շատ նոր ֆուտբոլիստներ են բերվել «Շիրակ», նաեւ նոր մարզիչ: Ա. Սահակյանը չուզեց թիմում հանդես եկած մարզիկներից որեւէ մեկին առանձնացնել, ըստ նրա` բոլորն էլ իրենց չափով լավ խաղացին, բոլորի մոտ էլ եղան նաեւ թույլ խաղեր, ամեն դեպքում իրենք բոլորից էլ գոհ են: Այն, որ բոլորը նվիրված խաղացին, մանավանդ «Բանանցի» հետ այս վերջին` գավաթային խաղերը, երեւաց, որ թիմը կա, թիմն ունի բնավորություն եւ պատրաստ է խաղալու մյուս տարի:
Այն մեծ ու հետեւողական աշխատանքը, որ նոր ղեկավարության ջանքերով արդեն շուրջ մեկուկես տարի կատարվում է «Շիրակում», ի վերջո ցանկալի արդյունքներ է տալու, դրանում կասկած լինել չի կարող: Թիմի ղեկը ստանձնելու ժամանակվանից մինչեւ այսօր ի՞նչ խնդիրներ է հաջողվել լուծել, եւ ինչ խնդիրներ դեռ կան լուծելու: Մեր այս հարցին պրն Սահակյանը պատասխանեց. «Ես թիմը գլխավորում եմ անցյալ տարվա օգոստոսից: Սեպտեմբերից առաջին գործը, որ արեցինք, մարզադաշտի վերանորոգումը սկսելն էր: Դա երկար գործընթաց է, եւ չեմ էլ խոստանում, որ շուտ կավարտենք, բայց գլխավորը` ամենաբարդը, խոտածածկն է, եւ հիմա, խոտածածկի խնդիրը լուծելուց հետո, արդեն սկսել ենք մարզադաշտի մյուս մասերը վերակառուցել: Այդ շինարարական աշխատանքները կարող են տարի-տարիուկես տեւել:
Երկրորդ խնդիրը, որ լուծեցինք, քաղաքապետարանի հետ պայմանավորվեցինք եւ ֆուտբոլի դպրոցի կառավարումը ստանձնեցինք: Այսօր բավականին շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք պարապող` մոտ 370 հոգի, որը, կարծում եմ, Գյումրու համար բավական լավ ցուցանիշ է: Եվ փորձում ենք դպրոցում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան գոնե մարզչական աշխատանք, որովհետեւ մյուս պայմանները լավը չեն: Թիմը չի կարող ուժեղ լինել, եթե մանկապատանեկան դպրոցը լավ չի աշխատում: Մեզ մոտ այդ դպրոցը, ի պատիվ մեր մարզիչների ասենք, նույնիսկ այստեղի վատ պայմաններում կարողանում է «Շիրակին» ֆուտբոլիստներ տալ: Տարվա ընթացքում «Շիրակ-2»-ից շատ ֆուտբոլիստներ վերցրինք «Շիրակ», նաեւ մարզչին, միաժամանակ համագործակցության պայմանագրեր կնքեցինք մի շարք կառույցների հետ: Ջորկաեֆ ընտանիքի հետ ենք համագործակցում, իրենց մոտից եկան, մեր մարզիչների հետ ահագին աշխատանք կատարեցին, հիմա մեր մարզիչներից պիտի գնան Ֆրանսիա վերապատրաստման:
Մենք այսօր նաեւ ունենք մի լեգեոներ` Յորոն Սենեգալից, որը Սենեգալի հավաքականներից մեկի ֆուտբոլիստ է եւ խաղամակարդակով Հայաստանի երեւի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, մյուս տարի, համոզված եմ, ինքը շատ կզարմացնի: Մեր առաջնությունում էլ կան ֆուտբոլիստներ, որոնք ցանկություն ունեն գալ «Շիրակ», կան այնպիսիք էլ, որոնց մենք ենք ուզում, երեւի մի տասը-տասնհինգ օրից ավելի կոնկրետ կարող եմ ասել: Ինչպես գիտեք, դարպասապահ արդեն բերեցինք, «Միկա»-ի երկրորդ դարպասապահին:
Եվ հիմա ամենակարեւոր խնդիրը, որ լուծվում է Գյումրիում, ֆուտբոլի ակադեմիա է կառուցվում, «Մուշ» թաղամասում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է կառուցում: Այնտեղ լինելու է Հայաստանում առաջին տաքացվող արհեստական խոտածածկով դաշտը: Երեւանում երկու արհեստական խոտածածկով դաշտ կա, բայց սա լինելու է միակը, որը նաեւ տաքացվող է: Այսինքն ձմռան պայմաններում թե՛ մեր մանկապատանեկան թիմերը, թե՛ «Շիրակը», «Շիրակ-2»-ը կկարողանան նորմալ պարապմունքներ անցկացնել: Բացի այդ, կառուցվելու է եւս 4 դաշտ: Այսինքն կլինի Հայաստանի մարզերի համար բացառիկ կառույց: Մայիսին առաջին դաշտն ըստ երեւույթին պատրաստ կլինի խաղալու համար: Եվ այդ դաշտից հետո, համոզված եմ, մեր մանկապատանեկան տարիքի ֆուտբոլիստների թիվը 400-ից էլ կավելանա, եւ բնականաբար աշխատանքների որակն էլ բավական կլավանա, ու որպես արդյունք` կունենանք ավելի որակյալ ֆուտբոլիստներ»:
Անդրադառնալով մյուս տարվա պլաններին, Արման Սահակյանը նշեց, թե շատ լավ գյումրեցի երիտասարդներ կան, որոնց պետք է անպայման հնարավորություն տան խաղալու: Մինչեւ մարտ թիմը հավաքներ է անցկացնելու, եւ չեն բացառում էլի ատասահմանցի մի քանի ֆուտբոլիստներ ունենալը: Եղանակային լավ պայմանների առկայության դեպքում հույս ունեն մարտի 15-ին տարվա առաջին հանդիպումը անցկացնել արդեն նորոգված սեփական մարզադաշտում, հակառակ դեպքում երեւի այստեղ խաղան ապրիլից: Մյուս տարի նաեւ նախատեսվում է Գյումրու մարզադաշտից ֆուտբոլային հանդիպումների ուղիղ հեռարձակում կազմակերպել:
«Հաջորդ մրցաշրջանի համար մեր խնդիրները նույնն են, ինչ որ այս մրցաշրջանի համար,- ասաց «Շիրակ» ակումբի նախագահը:- Իհարկե` նախ նվաճել գավաթը, որպես ամենաարագ ճանապարհը Եվրոպա խաղալու: Փաստորեն հիմա, իմ գնահատմամբ, ամենադժվար մրցակցին` «Բանանցին» անցանք, խաղալու ենք կիսաեզրափակիչ «Միկայի» հետ, համոզված եղեք, որ մեր ֆուտբոլիստներն էլ են դրա համար ուրախ, որովհետեւ ռեւանշի խնդիր ունենք: Բավական ռեալ ենք համարում գավաթում հաջողության հասնելը, իսկ առաջնությունում` երրորդ տեղ: Ես համոզված եմ, որ լրիվ հնարավորություն կունենանք պայքարելու, որովհետեւ թիմը վերադառնում է Գյումրի խաղալու, իսկ մեր թիմի համար սեփական դաշտը խիստ ավելի մեծ նշանակություն ունի, կարծում եմ, քան մյուս թիմերի համար»: «Շիրակի» երկրպագուների բանակը, ակումբի նախագահի հավաստմամբ, Հայաստանում ամենամեծն է ու ամենանվիրվածը: Դա եւս ֆուտբոլիստներին մեծ ուժ է տալիս, ինչը մյուս տարի, մարզադաշտը բացվելուց հետո, ավելի առարկայական կերեւա:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի