«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


ԴԺՎԱՐ ԲԱՆ Է ԲԱՐԵՐԱՐ ԼԻՆԵԼԸ

Ամերիկահայ մի ընկեր ունեմ, որ տարին առնվազն երկու անգամ Հայաստան է այցելում, շրջում հեռավոր գյուղեր, արցախյան բնակավայրեր եւ բարերարություն անում դպրոցներինՙ կաթսայատուն է սարքում կամ վերանորոգում, լաբորատորիա ու գրադարան ստեղծում, դպրոցաշենքերի տանիք նորոգում եւ նման բաներ: Հարուստ չէ ընկերս: Լավ վարձատրվող ինժեներ է պարզապես, որ գոհունակություն է ապրում հայրենի մատաղ սերնդին օգտակար լինելուց:

Վերջին այցին կրկին հանդիպեցինք: Առաջարկեցի մեր թերթում հարցազրույցով ներկայացնել իրեն: Կտրուկ մերժեց: Ոչ միայն համեստ է ընկերս, այլ նաեւ զգուշանում է գովազդից: «Գյուղական դպրոցները շատ կարիքներ ունին,- ասաց,- երբ անունդ գիտնանՙ տնօրենները կթափին վրադ»: Մինչդեռ ինքը սիրում է անձամբ ընտրել-որոշել բարերարության արժանիՙ այսպես կոչված «օբյեկտը»: Բացի դրանից...

«Գիտե՞ս,- ասում է,- շատ դժվար բան է Հայաստանի մեջ նվիրատվություն ընելը: Սկիզբը շատ երախտապարտ կըլլան, չեն գիտերՙ ինչպես հայտնեն իրենց երախտագիտությունը»: «Է, բնական չէ՞», հարց եմ տալիս ես: «Անշուշտ, բնական է, նույնիսկՙ հուզիչ: Սակայն անմիջապես հետո կունենան երկրորդ մտածում (second thought) մըՙ այս մարդը արդյոք որքա՞ն հարուստ է, որ ինծի կօգնե»: «Դա էլ անբնական չէ», փորձում եմ արդարացնել հայրենակիցներիս: «Թերեւս,- ասում է ընկերս,- բայց ամենավտանգավորը երրորդ մտածումն էՙ այս մարդը արդյոք ի՞նչ շահ ունի ինծի օգնելու մեջ, հարկավ անձնական շահ մը ունենալու է, կխորհին»...

Մեկ անգամ չէ, որ Vivacell (Ղ-Տելեկոմ) ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, թե ինքը քաղաքական նկրտումներ ու հավակնություններ չունի Հայաստանում, թե իր գլխավորած ընկերությունը բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում այն գիտակցությամբ, որ իր շահն ու շահույթը այս երկրից եւ այս ժողովրդից է գոյանում, հետեւաբար բարոյապես պարտավոր է իր շահածի ինչ-որ մասը վերադարձնել այս երկրին եւ այս ժողովրդին: Ավելինՙ նա կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնելու կոչ է անում մեր երկրում գործող մյուս ընկերություններին, իր օրինակով:

Որոշակի չգիտեմՙ մյուս ընկերությունների պարագայում Յիրիկյանի կոչը տեղ հասնո՞ւմ է: Բայց գիտեմՙ մեր մամուլի եւ հատկապես նրա որոշ ներկայացուցիչների վրա հակառակ ազդեցությունն են գործում նման կոչերն ու հայտարարությունները: Վերջիններս ունեն իրենց որոշակի օրակարգը (agenda), որին հավատարիմ են միշտՙ հետին մտքեր, խարդավանք ու դավադրություն փնտրել նաեւ այնտեղ, որտեղ դրանք չկան... Անցյալ շաբաթ այդ լրատվամիջոցները «ցնցիչ» վերնագրի ներքո կրկին անդրադարձան Ռ. Յիրիկյանի քաղաքական-նախագահական «նկրտումներին», օգտագործելով ռուսական ինչ-որ կայքէջի պնդումները MTC-ի մոսկովյան կենտրոնից իբր 90 մլն դոլարի Երեւան փոխանցման «բուն» նպատակների մասին: Եվ այնպիսի ոգեւորությամբ ու համոզվածությամբ զարգացրին իրենց խարդավանքային տեսությունները, որ Vivacell-ը ստիպված եղավ կրկին հանդես գալ հերքման հաղորդագրությամբ, որին, ի դեպ, նշյալ լրատվամիջոցները ընթացք չտվեցին: Եվ վստահ եմ, մոտ ապագայում նրանք նորից կկրկնեն իրենց սիրած կրկներգը, քանի որ երրորդ մտածումը նրանց հուշում էՙ «եթե շահ չունի, ինչո՞ւ է օգնում»...

Ի դեպ, ամերիկահայ ընկերս, հակառակ երկրորդ ու երրորդ մտածումների առկայությանը, անտրտունջ եւ անվհատ շարունակում է օգնել սահմանամերձ շրջանների մեր դպրոցներին:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4