«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Երեկ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության անունից հարցապնդմամբ հանդես եկավ պատգամավոր Արմեն Ռուստամյանը : Հարցապնդումը, ինչպես եւ 2008-ին ՀՅԴ նույնատիպ նախաձեռնությունը, վերաբերում է կառավարությանը անվստահություն հայտնելուն: ՀՅԴ ներկայացուցիչը մասնավորապես ընդգծեց, որ «հենց կառավարության ոչ ադեկվատ քայլերի հետեւանքով» երկրում ահագնանում է աղքատությունը, արտագաղթը, եւ որ «կառավարության ամեն տարի միջինը 1 մլրդ դոլարով մեծացնում է ՀՀ արտաքին պարտքը, ինչը այսօր դարձել է շուրջ 4 մլրդ դոլար»: Ու այս ամենից ելնելով` Ռուստամյանը առաջարկեց ԱԺ քաղաքական մեծամասնությանը օժանդակել իրենց, որպեսզի հավաքվի 27 պատգամավորական ստորագրություն` դիմելու նախագահ Սարգսյանին` քննելու կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Հատկանշական է, որ այս առումով ԱԺ-ում 16 հոգով ներկայացված ՀՅԴ-ին, եթե միանա նաեւ խորհրդարանական մյուս ընդդիմադիր «Ժառանգությունը»` իր 7 պատգամավորներով, անհրաժեշտ է ընդամենը 4 ստորագրություն, որոնք կարող են լինել նաեւ անկախ պատգամավորական: Ինչեւէ, տեսնելով, որ այդ պահին ԱԺ դահլիճում քվորում չկա (մեր հաշվարկներով ներկա էր ընդամենը 21 պատգամավոր), Ռուստամյանը առաջարկեց ԱԺ նախագահությանը` հարցը քվեարկության դնել վաղը: ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը խոստացավ` «մենք անհրաժեշտ քվորումը կապահովենք»:

Արդեն երեկոյանՙ Ազգային ժողովում վարչապետի ավանդական ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը , անդրադառնալով իր կաբինետին անվստահություն հայտնելու ՀՅԴ նախաձեռնությանը, ասաց. «Դա քաղաքական ընդդիմության իրավունքն է», այդուհանդերձ` վարչապետի խոսքերով` «Հայաստանում այսօր իրավիճակն այնպիսին չէ, որ կառավարությունը հրաժարական տա», մանավանդ որ, կրկին վարչապետի խոսքերով, «կառավարությունը ԱԺ-ում ունի քաղաքական մեծամասնություն», իսկ առհասարակ` «կառավարության հենասյունը ԱԺ-ում բոլոր երեք կոալիցիոն կուսակցություններն են, ու այս առումով, ես կարծում եմ, ոչինչ չի փոխվել», ընդգծեց վարչապետը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4