Ի թիվս այլ փոփոխություններիՙ 2012-ի հունվարի 1-ից անշարժ գույքի կադաստրի համակարգում անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը կմասնավորեցվի: Այսինքնՙ չափագրման աշխատանքները կիրականացվեն մասնավոր հատվածի համապատասխան որակավորում ստացած մասնագետները: Երեկ նրանցից 35-ին կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հանձնեց ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառներում առաջին որակավորման վկայականները: Նշված մասնագիտություններով որակավորում ստանալու համար կոմիտե էին դիմել 107 հայտատու, բայց եռօրյա քննությունները հաղթահարեցին վերոնշյալ 35-ը: Սակայն Աշոտ Մուսայանը հայտնեց, որ կոմիտեի կողմից պարբերաբար կտրվեն նոր հայտարարություններ, եւ ցանկացողները կարող են դիմել: Տեղեկացվեց նաեւ, որ արդեն իսկ կազմված է հայտատուների 2-րդ խումբը` 65 հոգի, որոնք շուտով քննություններ կհանձնեն:
Ա. Մ.