ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Երբ միեւնույն սենյակում ապրող մարդկանցից մեկը հիվանդ է, խնդիրը լուծելու համար բավական չէ միայն տվյալ հիվանդությունը անվանել, պետք է նաեւ հստակ անվանել հիվանդի անունը: Սա հատկապես կարեւոր է, քանի որ հիվանդը կարող է եւ չիմանալ իր հիվանդության մասին, կամ` մյուսները այդպես էլ չիմանան, թե ո՞վ է հիվանդը, իսկ որն ավելի վտանգավոր է` հիվանդ համարեն բոլորովին առողջ մարդկանց:
Այս պատկերում ուշագրավ տեղավորվում են ԼՂ հակամարտությունը եւ այդ հակամարտությունը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը:
Մասնավորապես` եթե մենք մինչեւ օրս պնդում եւ ապացուցում ենք, որ Կազանի Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը, որտեղ կողմերը պետք է համաձայնեցնեին միջնորդների առաջարկած հիմնարար մադրիդյան սկզբունքները, տապալել է Բաքուն, ապա հարեւան երկրում նույն բանի մեջ մեղադրում են Երեւանին, «որը մշտապես միտված է եղել բանակցությունները ձգձգելուն»:
Այսպես` երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել: Օրինակ`«Այս տարվա հունիսին (նկատի ունի կազանյան հանդիպումը-Հ.Ա.) մեծ հույսեր կային, որ լուրջ առաջընթաց կգրանցվի կարգավորման գործընթացում: Սակայն բանակցությունների ընթացքում միջազգային հանրությունը, համանախագահներն իրենք եւ անգամ բանակցություններին մասնակից Ռուսաստանի նախագահը հերթական անգամ ականատես եղան, թե ինչպես հայկական կողմը, տարբեր շարժառիթներ առաջ քաշելով, փորձում է ձգձգել բանակցային գործընթացը: Իսկ Հայաստանի առաջ բերած բոլոր առաջարկները անընդունելի են միջազգային հանրության համար»:
Ահա թե ինչ...նախ` հիշեցման կարգով հարգարժան Մամեդովին ասենք, որ Ռուսաստանի նախագահը հենց Մինսկի խմբի համանախագահներից է, հետեւաբար ամենեւին կարիք չկա զանազանելու նրան համանախագահներից, եթե Մամեդովը չի ցանկացել էլ ավելի տպավորիչ դարձնել իր խոսքը: Հետո, քանի որ «Ադրբեջանի տնտեսությունը զարգանում է անասելի չափերով», ու այդ երկիրը դառնում է «աշխարհի ամենադինամիկ տնտեսություն ունեցողներից մեկը», ապա սա նշանակում է, որ «խղճուկ տնտեսությամբ» Հայաստանը ուղղակի չի կարող ձգձգել հակամարտության լուծումը` հենց իր շահերից ելնելով, սա էլ «ռեալպոլիտիկի» տեսանկյունից:
Հետեւաբար` եթե «միջազգային հանրությունը» եւ «համանախագահները» «ականատես են եղել, թե ինչպես է հայկական կողմը հերթական անգամ ձգձգում բանակցությունները», ապա ինչո՞ւ է այդ պարագայում Բաքուն իր «բոլոր պատուհաններից» բողոքում նույն այդ Մինսկի խմբից, մի՞թե միայն այն բանի համար, որ Մինսկի խումբը չի ճնշում Հայաստանին: Եթե այո, ապա հիշեցնենք դիվանագետ Մամեդովին` Մինսկի խումբը որեւէ մեկին չի կարող ու չպետք է ճնշի, նա այդ իրավասությունը չունի, քանի որ հիմնահարցի լուծմանը պետք է գան հակամարտ կողմերն իրենք: Ի դեպ սա միջազգային հանրության բազմիցս բարձրաձայնած այն տեսակետներից է, որոնց հայկական կողմերը կողմ են: Եթե սրան գումարենք նաեւ հանգամանքը, որ «պատերազմը հարցի լուծում չի կարող լինել», «դիպուկահարները պետք է հեռացվեն շփման առաջին գծից», «շփման գծում միջադեպերը պետք է դադարեցվեն», «պետք է կրճատվի, թափանցիկ ու վերահսկելի դառնա երկրների սպառազինությունը», միջազգային-հայկական նույնատիպ դիրքորոշումների ադրբեջանական մերժումները, ապա պարզ երեւում է, թե ում բերած առաջարկներն են ընդունելի միջազգային հանրության համար»: Եթե, ինչպես Մամեդովն է պնդում, «Միջազգային հանրության համար անընդունելի են հայկական կողմի բերած առաջարկները», ապա ինչո՞ւ է նույն Մամեդովը հայտարարում. «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է փոխի իր դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում», ավելինՙ Ալիեւի աշխատակազմի բաժնի վարիչի համար «ծիծաղելի» է այն միջազգային-հայկական պնդումը,որ հիմնահարցի լուծումը պետք է գտնեն հակամարտ կողմերը. «Դա միջազգային հարաբերությունների հարթակում ծիծաղելի է թվում: Միջնորդները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն... Այսպես չի կարող շարունակվել»: Այս վերջին մտքին համաձայնենք` իրոք «այպես չի կարող շարունակվել», երբ հարեւան երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը չգիտի միջազգային կառույցի մանդատը, համապատասխան կամք չի տեսնում իր իսկ երկրում հիմնահարցի լուծմանը հասնելու համար, այլ համաձայնում է, որ «իրեն պարտադրեն», ապաՙ իրավամբ, ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն անվանի «հիվանդությունը», այլեւ «հիվանդին», սա կարեւոր է հատկապես «սենյակի» ընդհանուր մթնոլորտի համար: