«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2011-12-07 | #222, 2011-12-08 | #223, 2011-12-09


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ «ՀԱՍԿԱՆԱԼ»

ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների վիլնյուսյան գագաթաժողովի վերաբերյալ հարեւան երկրից հնչող մեկնաբանություններում թերեւս կարելի է առանձնացնել «Զերկալո»-ի անդրադարձը: Ավելի ճիշտ` դրա եզրափակիչ մասը, որտեղ հեղինակն այն միտքն է զարգացնում, թե «Ադրբեջանը դեռ կարող էր մի քիչ համբերել, եթե չլիներ առկա ստատուս քվոն արտաքին միջամտությամբ եւ ներազդեցությամբ փոփոխելու վտանգը` ի շահ արտաքին խաղացողների»:

Դիտարժան է, որ այս մտահոգության համատեքստում ադրբեջանցի վերլուծաբանը` Ռաուֆ Միրկադիրովը, որին շատ բաներում կարելի է մերժել, բացի տրամաբանելու ունակությունից, խորհրդանշական զուգահեռ է անցկացրել` հիշելով, թե ինչպես էր միջազգային հանրությունը «մեծ ոգեւորությամբ ողջունել Վրաստանի կենտրոնական իշխանությունների եւ Հարավային Օսիայի միջեւ վստահության միջոցների ամրապնդումը»: Նա նկատել է, որ «բանը նույնիսկ հասել էր նրան, որ հնարավոր էր մեքենայով Ցխինվալից անցնել Թբիլիսի եւ ընդհակառակը... բայց երբ հարկ եղավ, սկսեցին կրակել հրանոթները»:

ԼՂ դեպքում ստատուս քվոյի «արտաքին միջամտությամբ եւ ներազդեցությամբ» փոփոխելու հարավօսական տարբերակը գրեթե լիովին բացառված է: Թեկուզ այն իմաստով, որ Ադրբեջանի եւ «արտաքին խաղացողներից» նրա, ում մասին ակնարկում է Միրկադիրովը, հարաբերությունները բոլորովին այլ են, քան վերջինս ուներ եւ ունի Վրաստանի հետ: Իսկ մյուսները տարածաշրջանից նկատելիորեն «զուսպ հեռավորության» վրա են, որպեսզի նույնիսկ ցանկության դեպքում «սադրեն հրանոթային կրակ»:

Ավելի հավանական է, որ «Զերկալո»-ի հեղինակին լրջորեն անհանգստացրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի վերջին արտասահմանյան շրջայցը: Այն ավելին էր, քան սոսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնին ներկա գտնվելը: Չծավալվենք: Ակնհայտ է, սակայն, որ նախագահ Սահակյանի հանդիպումների մասին անգամ բաց տեղեկատվությունն ադրբեջանական կողմին, մեղմ ասած, մտորումների տեղ տվել է: Պատահական չէ, որ ազերպրոպն այդ ուղեւորության ոչ մի մանրուք իսկ ուշադրությունից բաց չի թողել: Իսկ դա վկայում է, որ Ադրբեջանի համապատասխան կառույցներն ուշիուշով հետեւել են Արցախի նախագահի հանդիպումներին եւ համապատասխան եզրակացություններ արել:

«Արտաքին միջամտությամբ եւ ներազդեցությամբ» ստատուս քվոն ի վնաս Ադրբեջանի փոփոխելու «վտանգի» զգացողությունը, որ բացահայտել է Ռաուֆ Միրկադիրովը, «թարգմանաբար» նշանակում է մի բան` որ պաշտոնական Բաքուն եւ ադրբեջանական վերլուծաբանական հանրության դիտողունակությունից ոչ զուրկ հատվածը չեն բացառում ԼՂՀ փաստացի եւ միանգամայն օրինական անկախության որեւէ «արտաքին խաղացողի» կամ «խաղացողների մի խմբի» կողմից ճանաչելու հեռանկարը:

Իսկ սա իր հերթին նշանակում է`Բաքվում սկսել են «հասկանալ», որ «բիր-իքի` Գարաբաղ բիզիմքի» ոճով արտաքին քաղաքականությունը ենթարկվել է կատարյալ ֆիասկոյի: Վիլնյուսում, մասնավորապես, ԱԳ նախարար Մամեդյարովը, թերեւս առաջին անգամ, խոստովանել է, որ ԼՂ խնդիրը «չափազանց բարդ է եւ բազմաշերտ»: Այսինքն, այն միանգամից հնարավոր չէ լուծել:

Մինչեւ վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը «վտանգ» էր համարում ստատուս քվոյի պահպանումը: Այսօր, թեկուզ վերլուծաբանական մակարդակում, Ադրբեջանում գիտակցում են, որ այն կարող է անգամ փոփոխվել ի վնաս իրենց: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Բաքուն այսօր ինքն է դառնում իրավիճակի կոնսերվացմամբ շահագրգռված կողմ:

Այդ մասին, իհարկե, հարեւան երկրից ուղղակիորեն չի ասվում: Բայց Վիլնյուսում արտգործնախարար Մամեդյարովը կրկին առաջարկ է հնչեցրել «խաղաղության համապարփակ պայմանագրի քննարկումներ սկսելու» մասին: Մամեդյարովը «հիմար» չէ: Նա հասկանում է, որ եթե կարգավորման սկզբունքների համաձայնեցման բանակցությունները, տեւելով գրեթե 10 տարի, որեւէ արդյունքի չեն հանգել, ապա «համապարփակ պայմանագրի» վրա հարկ կլինի ծախսել ավելի մեծ ջանքեր եւ ժամանակ:

Լիովին ազատ գտնվելու պարագայում, կարծում ենք, «Զերկալո»-ի մեկնաբանը պետք է ասեր, որ Ադրբեջանի ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը մղվել է մի փակուղի, որից միակ տրամաբանական եւ արդարացի ելքը ստատուս քվոյի «արտաքին միջամտությամբ եւ ներազդեցությամբ փոփոխությունն է»: Պարզ ասած` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:

Ըստ երեւույթին, նման հեռանկարի առարկայական զգացողությունն է պատճառը, որ մինչեւ վերջերս միջնորդների հետ «վերջնագրի լեզվով» հաղորդակցվող Իլհամ Ալիեւն ԱԳ նախարար Մամեդյարովին լիազորել է Վիլնյուսում հաստատել «մոտ ժամանակներս» եւս մի բարձր մակարդակի հանդիպմանն իր համաձայնությունը:

Ենթադրելի է, որ միջնորդներն ու հայկական կողմն Ադրբեջանին եւս մեկ հնարավորություն են տալիս` քաղաքական պատասխանատվություն եւ կամք դրսեւորելու, ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշվածության եւ անկախ պետություն ստեղծած լինելու փաստը եւ ճանապարհ բացելու, որպեսզի կողմերին հետաքրքրող մնացած հարցերը քննարկվեն փոխվստահության մթնոլորտում: Հակառակ դեպքում դա կանեն «արտաքին խաղացողները», ինչպես միջնորդներին անվանում է ադրբեջանցի վերլուծաբանը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4