ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Ամիսներ առաջ Երեւանում պետական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, դիմելով մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմահազար երեւանցիների, ասաց. «Ֆրանսիան Հայաստանի կողքին է...», երեկ մեր երկրի կողքին լինելու մասին հայտարարեց նաեւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը. «Լիբանանը Հայաստանի կողքին է»:
Հայաստանի նախագահ Սարգսյանը իր նստավայրում պատասխանելով լիբանանցի լրագրողի հարցին, ասաց. «Մենք փոքր երկրներ ենք ու շատ խնդիրներ կան, որոնց շուրջը կարող ենք համագործակցել: Մասնավորապես միջազգային կազմակերպություններում հայ-լիբանանյան համագործակցության առումով նկատենք, որ երկու երկրներն էլ ունեն անվտանգության խնդիրներ, իսկ արդի աշխարհում շատ ավելի դյուրին է անվտանգության ապահովմանը մասնակից դարձնել նաեւ միջազգային հանրությանը: Բացի դրանիցՙ ե՛ւ Լիբանանը, ե՛ւ Հայաստանը ունեն ազատական տնտեսություններ, այս եւ բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության եզրեր մենք տեսնում ենք»:
«Պայքարի եւ զոհողության փառավոր պատմություն»
Նախքան Հայաստանի նախագահին այցելելը երեկ առավոտյան նախագահ Սլեյմանը տիկնոջՙ Վաֆաա Սլեյմանի ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ: Լիբանանի նախագահի այցելությունը Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր համընկավ ՄԱԿ-ում Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման 63-րդ տարելիցի հետ. 1948-ի դեկտեմբերի 9-ին Փարիզում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի հեղինակած բանաձեւը, որտեղ սահմանվեց «ցեղասպանություն» իրավական եզրույթը` որպես մարդկության դեմ գործած հանցագործություն: Ուղիղ 63 տարի այդ օրից անց Ցեղասպանության կոնվենցիայի նախադեպ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալիրում արծաթափայլ եղեւնի տնկեց Մերձավոր Արեւելքում Ցեղասպանությունը ճանաչած առաջին ու դեռեւս միակ երկրի` Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը: Իսկ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում նախագահ Սլեյմանը գրեց. «Նա, ով կանգնած է այս կոթողի առջեւ, տեսնում է պայքարի եւ զոհողության փառահեղ պատմություն: Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում»:
Իր նստավայրում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Լիբանանի նախագահին` ամեն տարի ապրիլի 24-ին Բեյրութում հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին ընդառաջելու կապակցությամբ: Ինչպես նաեւ` Ցեղասպանությունը խորհրդարանական մակարդակով ընդունելու համար: Լիբանանը 2000-ին ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:
«Ինքնորոշման իրավունքի հիման վրա»
Բարեկամ երկրի հերթական դրսեւորում կարելի է համարել նաեւ Լիբանանի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, ինչը, նախագահ Սլեյմանի խոսքերով, «չի փոխվել»:
Նախ իր խոսքում նախագահ Սարգսյանը նշեց. «Ադրբեջանը իսլամական երկրների շրջանակում համառորեն փորձում է հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո: Կարծում եմ, հայ ժողովրդի պատմության եւ հակամարտության պատճառներին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությունների, այդուհանդերձ նման մոտեցումը համարում ենք խիստ վտանգավոր, քանի որ կան այդ մանրամասներին անծանոթ շրջաններ եւ նման հակահայկական քարոզչությունը կարող է անհետեւանք չանցնել: Այս հարցում եւս կարեւոր է բարեկամ երկրների անկողմանալ եւ անաչառ կեցվածքը...»: Վստահաբար` բարեկամ Լիբանանի նախագահը «ծանոթ է հայ ժողովրդի պատմությանն ու հակամարտության պատճառներին», քանի որ նշեց. «Ադրբեջանը իրոք փորձել է հարցը տեղափոխել Իսլամական երկրների կոնֆերանս, սակայն Լիբանանը մշտապես դեմ է եղել, որ այդ կոնֆերանսի շրջանակներում ընդունվի որեւէ որոշում, ինչը կհակասի Լիբանանի կամ Հայաստանի շահերին: Լիբանանի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում չի փոխվել. այս հակամարտությունը պետք է լուծվի միջազգային ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Նախագահ Սլեյմանը հատկապես ընդգծեց տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման կարեւորությունը` շեշտելով. «Այս տարածաշրջանը պետք է դառնա քաղաքակրթությունները միացնող կամուրջ, ինչպես դա ցանկանում է նախագահ Սարգսյանը, եւ ոչ թե բաժանարար գիծ դրանց մեջ»:
Երեք տասնյակ երկկողմ համաձայնագրերին գումարվեցին եւս 7-ը:
Հանդիպման վերջում Հայաստանի նախագահը իր լիբանանցի գործընկերոջը պարգեւատրեց Պատվո շքանշանով, իր հերթին Միշել Սլեյմանը ՀՀ նախագահին արժանացրեց «Լիբանանի արժանյաց բարձրագույն աստիճանի շքանշանի»: Հանդիպման, ինչպես նաեւ դրան հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում Լիբանանի նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում բարձր գնահատեց լիբանանահայության դերը. «Մենք հպարտ ենք ծագումով հայ լիբանանցիների այն մեծ ավանդի համար, որը ներդրվել է Լիբանանի քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքում` շնորհիվ իրենց ձիրքի, արժեքների»: Հենց այդ «ծագումով հայերից» մեկն էլՙ Լիբանանի էկոնոմիկայի նախարար Վրեժ Սաբունջյանը իր հայաստանցի գործընկեր Տիգրան Դավթյանի հետ սկսեց հայ-լիբանանյան միջկառավարական 7 փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Դրանք վերաբերում են տնտեսական, մարզական, կրթական, մշակութային, շրջակա միջավայրի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը: Ինչպես նշեց նախագահ Սարգսյանը` «Լիբանանը Հայաստանում 5-րդ ներդնողն է, ու այսօր միջպետական երեք տասնյակ համաձայնագրերին կգումարվեն եւս` 7-ը»: Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ «երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը պարտավորեցնում է ավելի զարգացնել երկկողմ հարաբերություններ», Միշել Սլեյմանը պատասխանեց. «Լիբանանյան կողմի ցանկությունն է` երկու երկրների հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի»:
Հանդիպման վերջում Լիբանանի նախագահը Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրեց Բեյրութ «ամենամոտ ժամանակներում»:
Երեկ Միշել Սլեյմանին հյուրընկալել են նաեւ ԱԺ նախագահն ու վարչապետը: Լիբանանի նախագահին ընդունել է նաեւ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը: