«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2011-12-08 | #223, 2011-12-09 | #224, 2011-12-10


ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՙ ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԼՂՀ սահմանադրությունը դարձավ հինգ տարեկան: Հինգ տարին անկախ պետականություն կերտող երկրի համար, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, էական արդյունքներ գրանցելու առումով բավարար ժամանակահատված է:

Երիտասարդ պետության հիմնական օրենքի ընդունումն, անշուշտ, պայմանավորված էր ժամանակի մարտահրավերներով: Մինչ այդ, անկախության հռչակումից հետո, Ղարաբաղն անցել էր բազում փորձությունների միջով` պատերազմ, անցումային դժվարին շրջան, ավերված տնտեսության վերականգնում եւ այլն: Դա յուրօրինակ քննություն է եղել, որն Արցախի ժողովուրդն անցել է պատվով ու արժանապատվությամբ: Այդ ընթացքում ԼՂՀ խորհրդարանն ընդունել է ավելի քան 500 օրենք, որոնց մի մասը եղել է սահմանադրական բնույթի:

Բնավ պատահական չէր ընտրված դեկտեմբերի 10. նույն այդ օրը, բայց տասնհինգ տարի առաջ, Արցախի ժողովուրդը միահամուռ «այո» էր ասել անկախության հռչակագրին: Եվ ահա 2006-ի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, վերահաստատելով իր վճռականությունը, քվեարկեց սահմանադրությունն ընդունելու օգտին: Կողմ էր քվեարկել 77.279 մարդ կամ քվեարկության մասնակիցների 98.58%-ը, դեմ` 554 մարդ: Թվերն անվերապահորեն վկայում են քվեարկության ժամանակ դրսեւորված համաժողովրդական խանդավառության մասին:

Նկատենք, սահմանադրականությունն արցախցիների համար կենսակերպ է եղել նաեւ 5-րդ դարում, երբ Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք, Աղվենի վանքում, ընդունվեց «Կանոնական սահմանադրությունը»: Դա ոչ միայն հայ, այլ նաեւ աշխարհի մյուս ժողովուրդների պատմության մեջ ընդունված առաջին իրավական փաստաթղթերից մեկն էր: Նախ մշակվել են օրենքները (կանոնները), որից հետո նախագիծը դրվել է քննարկման եւ այդուհետեւ` ընդունման: Ուշագրավ է, որ դեռեւս 1500 տարի առաջ Արցախում գործում էր պետական նշանակության փաստաթղթերի լայն քննարկման մշակույթը, որը նույնիսկ հիմա էլ որոշ ժողովուրդներ, ինչպիսին հարեւան Ադրբեջանն է, լիարժեք չունեն: Վաչագանն օժտված լինելով արքային շնորհված շատ լիազորություններով, այդուհանդերձ, սահմանադրությունն ինքնակամ չի ընդունել, այլ դրել է հասարակական-կրոնական տարբեր խավերի ներկայացուցիչների քննարկմանը: Նա կարեւոր է համարել, որ ժողովրդի ներկայացուցիչներն իրենք ընդունեն փաստաթուղթը, որպեսզի հետագայում հավատարիմ մնան դրա հիմնադրույթներին: Ու չի սխալվել:

Մեկուկես հազարամյակ անց, Արցախի օրինապաշտ ժողովուրդն իր ընտրյալ զավակների միջոցով մշակելով երկրի հիմնական օրենքը, համաժողովրդական քվեարկությամբ ընդունեց այն, որով սահմանադրական մակարդակում ամրագրվեցին պետական ինքնիշխանության հիմնարար սկզբունքները: Եվս մի կարեւոր քայլ կատարվեց ժողովրդավարության հաստատման ճանապարհին:

ԼՂՀ սահմանադրության 12 գլուխները բովանդակում են պետական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ բնագավառների իրավանորմերը, որոնք ամբողջությամբ բխում են միջազգային իրավունքի տրամաբանությունից:

Արցախցիների այսօրվա ու վաղվա խնդիրն է հավատարիմ մնալ սահմանադրության դրույթներին, ապրել օրենքի գերակայության համընդունումով, քանզի միայն այդ կերպ է հնարավոր հասնել պետության միջազգային ճանաչմանը եւ, անկասկած, ապահովել ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագան:

Երեկ, ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ սահմանադրության օրվա առթիվ Արցախի խորհրդարանում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս: Զեկուցումներով հանդես եկան ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Արարատ Դանիելյանը, բնագավառի առաջատար մասնագետներ:

Ինչպես նշեցին բանախոսները, սահմանադրությունն ընդունված լինելով ժողովրդի կողմից` փաստում է պետական իշխանության պատկանելությունը ժողովրդին: Ապահովելով իշխանությունների տարանջատումը` ընդգծում Արցախի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական բնույթը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4