Առավել հարմարավետ պայմաններ եւ նոր ծառայություններ. այսուհետեւ այսպիսի առավելություններով հանդես կգա «Ամերիաբանկի»` Կոմիտաս 12 հասցեում գտնվող մասնաշենքը: Նախկինում այս մասնաճյուղը գտնվել է Կոմիտաս 58-ում, ապա փոքր եւ ոչ հարմարավետ տարածքի պատճառով տեղափոխվել է Կոմիտաս 12, որտեղ երեկ տեղի ունեցավ շենքի պաշտոնական բացումը:
«Ամերիաբանկի» տնօրենության նախագահ եւ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ նախկին շենքը նույնիսկ սահմանափակում էր բանկի ծառայությունները. «Օրինակ` տարածքը հնարավորություն չէր տալիս մատուցելու վարկավորման ծառայություններ, իսկ սպասարկումն էլ կատարվում էր քիչ քանակությամբ աշխատակիցների միջոցով: Սակայն այս շենքում արդեն կմատուցվեն բոլոր այն ծառայությունները, որոնք ունի կոնկրետ մեր բանկային համակարգը»:
Մասնաշենքում կա վարկային առանձին բաժին, որտեղ աշխատելու են առնվազն 4 վարկային մասնագետներ, տեղակայված են նաեւ դրամարկղային հանգույցը, դեպոզիտային արկղերը եւ այլն:
Գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` սա «Ամերիաբանկի» 8-րդ մասնաճյուղն է, եւս 2 մասնաճյուղ կբացվեն եկող տարի. մեկը Երեւանում, մյուսը` Գյումրիում:
«Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանն էլ նշեց. «Մեր ռազմավարությունն ուղղված է զարգացնելու մանրածախ բիզնեսը, հետեւաբար մեր մասնաճյուղերի, այդ թվում եւ այս մասնաճյուղի շեշտադրումը լինելու է մանրածախ բիզեսի զարգացումը»:
Ի. Պ.