«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2011-12-08 | #223, 2011-12-09 | #224, 2011-12-10


ՉԽԱՄՐՈՂ ԱՆՈՒՆ. ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆ-85

Հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանն առանձնահատուկ տեղ ունի ոչ միայն փայլուն կատարողական արվեստով. նա հայ երաժշտական միտքը հարստացնողներից ու զարգացնողներից մեկն է եղելՙ նորահայտնություններով: Բարձր կուլտուրայի տեր մտավորական, ազնվակիրթ, զարգացած անհատականություն, ինչը եւ դրսեւորվեց մասնագիտական տարբեր ուղղություններում: Դրան, անշուշտ, նպաստել են նախ եւ առաջ ընտանիքըՙ ազնվական ծագումով, միջավայրըՙ պետերբուրգյան, որտեղ ծնվել եւ նախնական ուսումն է առել, կրթությունըՙ նախ Երեւանի պետական կոնսերվատորիայում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում:

1961-ից նա Հայֆիլհարմոնիայի մենակատարն էր: Տասնամյակներ շարունակ Անահիտ Ցիցիկյանի երաժշտական կատարումները հնչել են հանրապետական, միութենական եւ արտերկրի տարբեր բեմահարթակներում, աշխարհի նշանավոր դահլիճներում, շուրջ 100 քաղաքներում Անահիտ Ցիցիկյանը հյուրախաղերով շրջագայել եւ իր երկացանկում անպայմանորեն ունեցել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համագործակցությունը հայ եւ օտար հռչակավոր երաժիշտների հետ (Օհան Դուրյան, Դավիթ Օյստրախ, Ավետ Գաբրիելյան, Դավիթ Խանջյան) հարստացրել է ջութակահարուհու ստեղծագործական կենսագրությունը, նրա կյանքի էջերը: Սակայն երաժշտական գործունեությունը չի սահմանափակվել կատարողական արվեստի շրջանակներում, նա մանկավարժ էր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ: Առավել կարեւոր են նրա երաժշտագիտական ուսումնասիրություններն ու հոդվածները: Նա կամավոր ստանձնել էր անցյալի մոռացված անուններ վեր հանելու եւ երիտասարդ շնորհալիներին առաջինը նկատելու, խրախուսելու եւ ներկայացնելու դժվարին, բայց շնորհակալ գործը: Մասնագիտության հիրավի նվիրյալ էր Անահիտ Ցիցիկյանը: Երաժշտի եւ հետազոտողի որակները նա հավասարապես էր կրումՙ որպես արտիստ եւ որպես գիտության մարդ, ինչը դրսեւորվում էր ինչպես բեմի զգացական-հուզական հարթություններում, այնպես էլ գիտական մակարդակներում: Հայ երաժշտագիտության մեջ նա նոր ուղղության հիմնադիրը եղավՙ երաժշտական հնագիտության: Ուսումնասիրող-հետազոտողի տարիների աշխատանքը տվեց իր պտուղները, արդյունքըՙ «Հայկական աղեղնային արվեստը» գիրքն էր, որ տպագրվեց 1977-ին, հայերենով, իսկ 2004-ինՙ ռուսերենով:

12 տարի է անցել, երբ Անահիտ Ցիցիկյանը հրաժեշտ տվեց կյանքին: Այս տարիների ընթացքում նրա անվան հիշողությունները մշտապես վառ են, բնավ չեն խամրում: Անշուշտ, երաժիշտը վաստակել է այդ իրավունքը: Սակայն այն գործունեությունը, որ ծավալում է «Անահիտ» մշակութային հիմնադրամը արդեն շուրջ տասը տարի, նույնպես նպաստում է դրան: Հիմնադրամը կազմակերպվել եւ ստեղծվել է ջութակահարուհու դստերՙ Նունե Շամախյանի ջանքերով եւ շնորհակալ աշխատանք է կատարումՙ երաժշտի արխիվային նյութերը համակարգելու եւ հանրությանը ներկայացնելու, ըստ որում դրանք ոչ միայն Անահիտ Ցիցիկյանին անձնապես վերաբերող նյութեր են, այլեւ նրա հետ համագործակցած ժամանակի նշանավոր երաժիշտների: Արխիվային հարուստ այդ նյութի հիման վրա կազմվել եւ հրատարակվել են ժողովածուներ, հոդվածներ, ձայնասկավառակներ:

Հիմնադրամը մի քանի տարի առաջ ստեղծեց եւ հանրությանը ներկայացրեց իր կայքը, որն արտիստուհու կյանքի եւ ստեղծագործական էջերի հարուստ տարեգրություն էՙ լուսանկարներով, տեսանյութերով համալրված:

Վերջին մեծ միջոցառումը, որ նախաձեռնեց «Անահիտ» մշակութային հիմնադրամը, արտիստուհու ծննդյան 85-ամյակի առիթով էր: Ծավալուն եւ բազմաբովանդակ երեկո էր սպասվում հանդիսականին աշնանային այդ օրըՙ նոյեմբերի 26-ին, «Մոսկվայի տուն» կենտրոնում: Ինչպես նրան նվիրված յուրաքանչյուր երեկո, այդ օրն էլ ստեղծվեց այդ նույն մթնոլորտըՙ մի տեսակ թավշյա, մեղմ տաք, հարազատ մթնոլորտ: Բացման խոսքով հանդես եկավ Նունե Շամախյանը: Երաշտագետ Արթուր Ավանեսովը ներկայացրեց նրա արվեստը, ստեղծագործական անցած ճանապարհը: Մարտին Վարդազարյանը, Ալիս Հեքիմբաշյանը, Արմինե Գրիգորյանը պատմեցին հուշեր, ջութակահարուհու կյանքից դրվագներ, լսվեցին հատվածներ նրա ձայնագրություններից, ցուցադրվեցին արխիվային ժապավեն եւ տեսանյութեր` ստեղծելով ջութակահարուհու ներկայության տպավորություն: Երեկոյի անակնկալը Կարինե Խոդիկյանի «Ինչպես են ծնվում լեգենդները» դրամատիկական էսսեն էրՙ գրված արտիստուհու կյանքի դրվագներից մեկի հիման վրա: Հիմնադրամի տնօրենը ներկայացրեց վերջին շրջանի իրենց գործունեությունը. արդյունքումՙ ջութակահարուհու խտասալիկների նոր թողարկում եւ 2 գիրք. «Անահիտ Ցիցիկյան. Կենսամատենագիտական ժողովածու» եւ «Հայկական աղեղնային արվեստը» գրքի հայերեն երկրորդ հրատարակությունըՙ նոր թարգմանությամբ եւ լրամշակված, կից CD-ով:

Գիրքը տպագրվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի հովանավորությամբ, «Մուղնի» հրատարակչատանը: Շնորհանդեսային ներկայացումը տեղի կունենա երկուշաբթիՙ դեկտեմբերի 12-ին, «Գրքերի աշխարհ» գրախանութում:

Ներկայացվեցին նաեւ «Անահիտ» մշակութային հիմնադրամի եւ Մշակույթի աջակցության կենտրոնի համատեղ հայտարարված «Ինչ գիտեմ լարային գործիքների հայ կատարողների մասին» թեմայով շարադրությունների հանրապետական մրցույթի արդյունքները, լավագույններին շնորհվեցին մրցանակներ: Երեկոն եզրափակվեց «Փոքրիկ վիրտուոզների» համերգային ծրագով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4