ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյանՙ վերջին գագաթաժողովի շրջանակներում, ինչպես արդեն գիտենք, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրություններով ընդունվեց համատեղ հայտարարություն: Այդ հայտարարությանն արդեն անդրադարձել ենք, մասնավորապես որ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու համար պետք է հակամարտ կողմերը «մթնոլորտը բարելավեն»: Այս հայտարարության տեքստի եւ ոչ մի մասում խոսք չկա մադրիդյան սկզբունքների մասին, որոնք առաջարկվել էին կողմերին` որպես հիմնահարցի լուծման համար «արադարացի լուծում» գտնելու մեխանիզմ: Սակայն Կազանի հանդիպումից հետո, որտեղ կողմերը պետք է համաձայնեցնեին այդ սկզբունքները, ինչը չարեցին, մադրիդյան սկզբունքների մասին սկսեցին քիչ խոսել, այժմ էլ, ահա, ընդհանրապես չխոսել: Բացի վիլնյուսյան հայտարարությունից, նկատենք, որ նոյեմբերի վերջին տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին որեւէ հիշատակում չարեցին մադրիդյան սկզբունքներից: Փոխարենը, ինչպես համանախագահները տարածաշրջանում, այնպես էլ համանախագահող երկրների պաշտոնյաները Վիլնյուսում, վերահաստատեցին հակամարտ կողմերի պատրաստակամությունը` շարունակելու բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձեւափաչով: Սրան էլ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելեց, թե «Բաքվի համար հիմնահարցի լուծման խաղաղ միջոցները դեռ չեն սպառվել»: Այլ հարց է, թե քանի՞ ադրբեջանցի պաշտոնյայի հետ է հակասության մեջ մտնում Մամեդյարովը այս վերջին հայտարարությամբ, այստեղ մենք փորձենք մեկ այլ բան հասկանալ. եթե մադրիդյան սկզբունքների մասին անգամ համանախագահներն արդեն չեն խոսում, նշանակում էՙ դրանք կամ հերթական անգամ նորացվում են, կամ էլ չկան: Երկու պարագան էլ կնշանակի, որ հակամարտ կողմերի քննարկմանն է առաջարկվելու ոչ այն, ինչ կար, սա էլ նշանակում է, որ բանակցությունները սկսվում են «նորից»: Այստեղ, սակայն, մի ուշագրավ տարր կա. եթե բանակցությունները սկսվում են «նորից», ապա չի՞ կարող արդյոք վերանայվել այդ բանակցություններին մասնակցողների կազմը: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, հիմնահարցը չի կարող լուծվել առանց Ստեփանակերտի, ընդ որում սա բավական նշանակալից կերպով սկսել են հասկանալ նաեւ Ադրբեջանում:
Մինչ հարեւանների մոտեցման փոփոխությանը անդրադառնալը մեկ այլ բան արձանագրենք. երբ նայում ենք ԼՂ հակամարտության բանակցությունների ողջ պատմությանը, տպավորություն է ստեղծվում, որ միջնորդները կողմերին առաջարկել են այն ամենը, ինչը հնարավոր էր, ինչ կարելի է: 1997-ի հուլիսին, այնուհետեւ` 1997-ի դեկտեմբերի 2-ին Մինսկի խումբը հակամարտ կողմերին է ներկայացնում ղարաբաղյան կարգավորման առաջին եւ երկրորդ գրավոր առաջարկությունները, որոնք, որոշ տեղեկությունների համաձայն, հանգեցնում են ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին` 1998-ի փետրվարի 3-ին: Հետեւաբար սրանից կարելի է ենթադրել, թե ի՞նչ կոնկրետ առաջարկներ էին ներկայացրել միջնորդները: Սրանից հետո ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովը կազմում եւ 1998-ի նոյեմբերի 10-ին կողմերին է ներկայացնում` «Ընդհանուր պետություն» առաջարկները, ինչը, ըստ էության, ենթադրում էր ԼՂ-ի` Ադրբեջանի կազմում ներառում, սակայն «աննախադեպ ինքնավարության սահմանումներով»: Այս առաջարկը մերժում է հարեւան երկրի նախագահ Հեյդար Ալիեւը` խիստ ուշագրավ պատճառաբանությամբ. «Սա հակասում է ադրբեջանցի ժողովրդի շահերին»: Մի փոքր դուրս գալով այս ժամանակագրությունից, նկատենք, որ, փաստորեն, այսօր, երբ Իլհամ Ալիեւը առաջարկում է «ԼՂ-ին տալ աննախադեպ ինքնավարություն, բայց Ադրբեջանի կազմում», նա դրանով իսկ «հակասում է ադրբեջանցի ժողովրդի շահերին»:
Ինչեւէ, «Ընդհանուր պետության» մերժումից հետո ստացվում է, որ ճիշտ է, Ստեփանակերտը դե յուրե դուրս է գալիս բանակցային գործընթացից, քանի որ նախագահ Քոչարյանը ներկայացնում էր նաեւ Ստեփանակերտի դիրքորոշումը, սակայն չի դադարում հակամարտության կողմ լինելուց: Հենց միայն այն, որ միջնորդները կամ միջազգային հանրությունը ոչ մի անգամ չեն կիրառել ԼՂ հակամարտության «երկու կողմ» եզրույթը, բավական խոսուն է: Բացի սրանից` Մինսկի խմբի համանախագահները հաճախակի հանդիպումներ ունեցել եւ ունենում են նաեւ Ստեփանակերտում: Սակայն հենց «Ընդհանուր պետության» «անհետացումից» հետո միջնորդների բոլոր առաջարկներում տեղ գտավ ու ամրագրվեց` «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը», այժմ էլ հանդիսանում է հիմնահարցը լուծելու երեք` միմյանցից բաժանման ոչ ենթակա սկզբունքներից մեկը: Այսօր արդեն, երբ Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես արդեն նշեցինք, միջնորդները կարծես թե առաջարկել են այն, ինչ կարելի էր, մնում է միայն մեկ տարբերակ` ուղիղ բանակցությունների սահմանում Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ, հակամարտության իրական ու բուն կողմերի: Բաքվում գիտեն, որ ամեն բան սրան է տանում, ու հենց այստեղ էլ նկատենք հարեւանների մոտեցումների ուշագրավ փոփոխությունը: Նախ` Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը 1news.az-ին ասել է. «Երկրի խորհրդարանում պետական բյուջեի քննարկման ժամանակ ես բարձրացրել եմ Ղարաբաղին ֆինանսավորելու հարցը: Այս գաղափարը վեր հանելով` մենք ունենք մի շարք թիրախներ: Նախ` Ղարաբաղի հայերը հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ, բացի դրանից` դա է պահանջում Ադրբեջանի սահմանադրությունը: Ինչպես նաեւ մենք այս քայլով աշխարհին ցույց կտանք, որ Ադրբեջանը իր բոլոր տարածքները դիտարկում է որպես մեկ ընդհանուր եւ կարող է ճանաչել Ղարաբաղի հայերի քաղաքացիական իրավունքները: Եվ նաեւ` սա ազդակ կլինի Ղարաբաղի հայերին, որոնք անհանդուրժողական գործողություններ կարող են սկսել Հայաստանի դեմ»:
Փաստորեն, այսքան տարի Ղարաբաղին ու «Ղարաբաղի հայերին» չֆիանսավորելով կառավարությունը խախտել է ադրբեջանական սահմանադրությունը... սակայն սա քիչ էական է: Կարեւորն ու անգամ զավեշտալին պատգամավորի տրամաբանությունն է. այսինքն ինչպե՞ս պետք է իրականանա այդ ֆինանսավորումը, ո՞ւմ պետք է «միլինոնավոր մանաթները» փոխանցի Ադրբեջանի կառավարությունը: Հո վարչապետ Արթուր Ռասլիզադեն անձամբ չի՞ բերելու ճամպրուկով մանաթները ղարաբաղա-ադրբեջանական սահման` փոխանցելու ղարաբաղյան կողմին: Պարոն Օրուջի մնացյալ խոսքը թերեւս մեկնաբանությունների կարիք չի զգում, միայն գրանցենք Միլլի մեջլիսի պատգամավորի մոտեցումը` «...ֆինանսավորել Ղարաբաղի հայերին», այլ կերպ` «աշխատել Ղարաբաղի հայերի հետ»: Հաջորդ տարի մասին վերջին օրերին շատ է խոսվում` «Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքների հանդիպում»: Հիշեցնենք` նման հանդիպում պետք է լիներ Բեռլինում, բայց չեղավ, Փարիզում կրկին չեղավ, հիմա էլ «Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» հ/կ-ի անդամ, Բաքվի կոնսերվատորիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբայլին, որին «Ազգը» անդրադարձել է արդեն, ասում է. «ԼՂ-ի ադրբեջանական համայնքը կպնդի հանդիպում` ԼՂ-ի հայկական համայնքի հետ` միասին ու խաղաղ համագոյակցության հարցերը քննարկելու համար»: Այս հանդիպումը, ինչպես իր հերթին «վստահեցրել է» նույն հ/կ-ի նախագահ Բայրամ Սաֆարովը, «տեղի կունենա Մոսկվայում».«Դեռ ստույգ ժամկետները հայտնի չեն, սակայն հայերի հետ մենք կհանդիպենք: Մենք պետք է հանդիպենք շարքային հայերի հետ...», ասել է Սաֆարովը: Դե իսկ պաշտոնական Բաքուն, իհարկե, գովաբանում է ադրբեջանական կողմի` այս «նախաձեռնությունը», օրինակ Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան ասել է. «Մենք դրական ենք գնահատում ԼՂ-ի հայկական ու ադրբեջանական համայնքների` Մոսկվայում հանդիպելու մտադրությունը: Մենք կարծում ենք, որ ԼՂ-ում ապրած բոլոր մարդիկ պետք է վերադառնան, հանդիպեն միմյանց, ոպեսզի չեզոքացնեն անվստահության մթնոլորտը»: Այս կապակցությամբ հիշեցնենք Արցախի ԱԳ պաշտոնական հայտարարությունը. «Նախ պետք է որոշվի Ստեփանակերտի իրավական կարգավիճակը, նոր քննարկվի նման հանդիպումներ անցկացնելու հավանականությունը»: Գումարենք նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը. «Անջատողական ռեժիմի այս վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ հայկական կողմը առկա իրավիճակում հետապնդում է մեկ նպատակ` տապալել բանակցային գործընթացը»: Մամեդովը թերեւս դեռ այսքան անկեղծ ու այսքան ուշագրավ հայտարարություն չէր արել: Տեսեք` ինչպես վերը նշեցինք, ամեն բան այսօր տանում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությանը, ու այս մասին արդեն հասկանում են նաեւ Բաքվում: Ապացույցը հենց Մամեդովի հայտարարությունն է: Նախ շեշտում է` «առկա իրավիճակում...», այսինքն` բանակցային ներկա փուլում, հետո, թե «հայկական կողմն ապացուցում է, որ ...հետապնդում է մեկ նպատակ` տապալել բանակցային գործընթացը»: Իսկ ո՞վ ասաց, որ բանակցությունների այսօրվա սեղանին դրված է «ԼՂ-ի հայկական ու ադրբեջանական համայնքների երկխոսության խնդիր»` սա մեկ, երկրորդը` թեկուզ եւ Արցախն անվանելով «անջատողական ռեժիմ»` Մամեդովը Ստեփանակերտի ԱԳ հայտարարությունը դիտարկում է որպես «հայկական կողմի» նպատակի վկայություն, ավելին` ժամանակ է գտնում պատասխանելու «անջատողական ռեժիմի» հայտարարությանը: Երրորդ` արդյոք սա չի՞ նշանակում, որ Բաքուն, կանխատեսելով հետագան, արդեն իսկ` «մեկ ֆինանսավորում է «Ղարաբաղին, մեկ` փորձում խոսել «հայկական համայնքի հետ», որպեսզի երբ փաստի առջեւ կանգնի, ցույց տա, թե «չէ՞ որ մենք արդեն խոսում ենք»: Ամենայն հավանականությամբ սա հենց այսպես է, քանի որ հակառակ պարագայում Մամեդովը չէր մեղադրի հայկական կողմին` ի դեմս, շեշտենք, Արցախի ԱԳՆ-ի, «բանակցությունները տապալելու մեջ», այլ կերպ ասած` Բաքվի պլանները տեսնելու ու դրանք տապալելու մեջ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ