«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2011-12-09 | #224, 2011-12-10 | #225, 2011-12-13


ԽՈՐԵՆ ԳԵՎՈՐԸ ՆՈՐԻՑ Է ԱՉՔԻ ԸՆԿԵԼ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՊԱՀՎԱԾՔՈՎ

Ուղեկցողների մեծ բանակով, սուլոցներով է հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գեւորը շաբաթ ուշ երեկոյան սրահից դուրս բերվելՙ հերթական հիասթափությունը պատճառելով հանդիսատեսին ու կազմակերպիչներին, դեկտեմբերի 12-ին իրազեկում է «Քյոլներ շտադտ անցայգերը»ՙ մանրամասնելով Քյոլնին մերձակա Այֆելի շրջանում գտնվող Մեխերնիհ քաղաքի Դրայֆախհալլեում անցկացված Գեւոր-Բարակատ մրցամարտի մասին:

Ամեն ինչ կատարվեց կայծակնային արագությամբ: Նոր էր հաղորդվել, թե հաղթող է ճանաչվել Բարակատը, երբ Գեւորը մի հարված հասցրեց մրցավար Պեչիին: Այնուհետ մեծաթիվ օգնող ձեռքեր հայտնվեցին, որ փորձում էին վերահսկել Եվրոպայի նախկին չեմպիոն Խորեն Գեւորի վարքը: Աղմուկն ահագնանում էր, ձեռնամարտը չէր դադարում, բարձրախոսին մոտեցած հաղթող բռնցքամարտիկի ներողությունն է ի վերջո հանդարտեցնում բռնցքամարտի երկրպագուներին: Թերթը հիշեցնում է, թե առաջին անգամ չէ, որ հայ բռնցքամարտիկը աչքի է ընկնում իր անհավասարակշիռ վարքագծով: 2011-ի ապրիլին արդեն գերմիջինքաշային կարգում չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ մրցամարտում ունեցած պարտությունից հետո նմանատիպ միջադեպը առիթ էր դարձել, որ Գեւորի պրոֆեսիոնալ կարիերան սահմանափակումներով շարունակվեր: Գերմանական պրոֆեսիոնալ բռնցքամարտի միությունը 6 ամսով սահմանափակել էր նրա մրցամարտ անցկացնելու իրավունքը, նաեւՙ 5000 եվրո տուգանք սահմանել, բայց նույն այդ միությունը Էջմիածնում ծնված, այժմ Գերմանիայում բնակվող 31-ամյա բռնցքամարտիկին արտոնել էր իր դրոշի տակ մրցամարտի դուրս գալ Մեխերնիհում, քանի որ Գեւորը խոստացել էր «պատշաճ վարքագիծ» ցուցաբերել: Հենվելով կազմակերպիչների պատմածներին, թերթը գրում է, թե աշխարհի վարկանիշային աղյուսակում 34-րդ տեղը զբաղեցնող Գեւորը մեկ օր առաջ էլ կշռվելիս աչքի է ընկել «գործընկերային նվազ հանդուրժող» պահվածքով:

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4