«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2011-12-10 | #225, 2011-12-13 | #226, 2011-12-14


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՂԵԼ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամների հետ Ստեփանակերտում ամփոփել է համատեղ աշխատանքի արդյունքները: Համագործակցության մասին հուշագիր կնքվել էր անցյալ տարի, եւ ՀՀ ՏՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի գնահատմամբ` 2011թ. հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը եղել է արդյունավետ: Մասնավորապես, ըստ Ա. Շաբոյանի, կատարվել է ապրանքային շուկաների համատեղ ուսումնասիրություն, ստուգայցեր են կազմակերպվել Ստեփանակերտի մի շարք առ-տրային օբյեկտներ, ինչպես նաեւ Արցախում տնտեսական մրցակցության պաշտպանության կառույցի օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ ներկայացվել են ուշագրավ առաջարկներ: Բացի դրանիցՙ ՀՀ ՏՄՊՀ-ն գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային գործողությունների բացահայտման, փորձի փոխանակման ուղղությամբ Երեւանում դասընթացներ է կազմակերպել արցախցի գործընկերների համար: Շեշտելով համագործակցությունն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը, Ա. Շաբոյանը միաժամանակ հավաստել է, որ իրենց հանձնաժողովը պատրաստակամ է ունեցած փորձը լիարժեքորեն փոխանցելու արցախցի գործընկերներին, աջակցել այստեղ ծագած խնդիրների լուծմանը: Նա համառոտ ներկայացրել է 2011թ. ընթացքում ՀՀ ՏՄՊՀ կատարած աշխատանքը, համաձայն որի` պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից կայացվել է 197 որոշում, տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ նշանակվել 300 միլիոն դրամի տուգանք: Ընդ որում, ներկա դրությամբ գանձվել ու պետական բյուջե է մտցվել 170 միլիոն դրամ, երբ 2010-ին եղել է ընդամենը 20 միլիոն դրամ:

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, հավելելով գործընկերոջը, նշել է, որ հայաստանյան հանձնաժողովի կողմից հրատարակվող տեղեկագրում կան տվյալներ երկու հանձնաժողովների համատեղ կատարած աշխատանքների մասին, եւ որ այդ տվյալներն անպայման կտեղադրվեն ինտերնետում: Ընթացիկ տարում, միջազգային ծրագրերի շրջանակներում կազմակերպված սեմինարներին ու խորհրդակցություններին մասնակցել են նաեւ արցախյան համասեռ կառույցի ներկայացուցիչները, որի կապակցությամբ երախտագիտություն հայտնելով, Հ. Ղահրամանյանը վստահություն է հայտնել, որ դրանք կլինեն շարունակական:

Երկու կառույցների ղեկավարները ստորագրել են գալիք տարվա համատեղ աշխատանքի ծրագիրը, որը դարձյալ արդյունավետ փոխգործակցություն է խոստանում:

Նույն օրը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4