«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2011-12-10 | #225, 2011-12-13 | #226, 2011-12-14


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ «ԱԶԳԻ» ՀՈՒՅՍԻ՞Ն Է

Անահիտ Մակիչյանը տարբեր մեքենայություններից կորցրել է իր տունը Բյուրեղավանում եւ հայտնվել է փողոցում: «Ազգը» մի քանի անգամ անդրադարձել է այս դեպքին, նշելով, որ 55-ամյա կինը գիշերում է փողոցում: Վերջին անգամ դիմել էինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին: «Ազգը», նրա բնակարանի հարցը խճճված ու կարճ ժամանակում չլուծվող համարելով, անձամբ նախարարին խնդրել էր, որ «Վերնիսաժի» կանգառում այս ցուրտ ձմռանը գիշերող կնոջը գոնե ժամանակավոր կացարանով մինչեւ գարուն ապահովելու խնդիրը հանձնարարի լուծել: Նախարարության մամուլի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանի պատասխանը, սակայն, մեզ հույս չի տալիս, որ այս կնոջը հնարավոր է օգնել: Պատասխանում նշվում է, որ կինը հրաժարվում է ժամանակավոր կացարան տեղափոխվել (կնոջ պատճառաբանությունը չի նշված, իսկ այդ հրաժարումը եղել է երեւի ամիսներ առաջ, մեր առաջին հրապարակումից հետո): Իսկ նոյեմբերի 25-ին էլ նախարարության երկու աշխատակից այցելել են «Ազգի» նշած վայրը, Ա. Մակիչյաննն այնտեղ չի եղել. «Նախարարությունը պատրաստ է «Ազգ» օրաթերթի հետ համատեղ լուծել Անահիտ Մակիչյանի հարցը, ուստի ակնկալում ենք լրագրող Մարիետա Խաչատրյանի աջակցությունը կնոջը գտնելու հարցում», նշված է նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանում:

Նկատենք, որ «Ազգ» օրաթերթը սոցիալական խնդիրներ լուծող հիմնարկ չէ, ինչին կոչված է սոցիալական հարցերի նախարարությունը, մեր գործը խնդիր բարձրացնելն է, իսկ յուրաքանչյուր մարդ, որ փոխադրականից իջնում է «Վերնիսաժի» կանգառում, հաջողությամբ դեմ է առնում Անահիտ Մակիչյանին, ինչը չի հաջողվել նախարարության խեղճ աշխատակիցներին: Արդար լինելու համար ասենք, որ նախարարության պատասխանից հետո կրկին զրուցեցինք անտուն կնոջ հետ, եւ նա հաստատեց, որ, այո, ինքը չի ուզում գնալ ժամանակավոր կացարան, քանի որ իր միակ նպատակը իր բնակարանը վերադարձնելն է: Եթե իրեն որեւէ ատյան ուզում է օգնել` ապա թող օգնի հետ ստանալ խաբեությամբ իր ձեռքից խլված բնակարանը Բյուրեղավանում: Իսկ գիշերելու է դրսում այնքան, մինչեւ իրավասու կառույցները, որոնցից շատերը տեղյակ են խնդրին, լուծեն իր խնդիրը: Նա դրսում գիշերելու է որպես բողոքի նշան` իր խնդիրը չլուծելու դեմ է բողոքում... ցրտահարվելով: Նա նշում է, որ միայն խորհուրդներ է լսում, իսկ որ ուտելու հաց չունի` ոչ ոք իրեն չի ուզում նպաստ նշանակել:

Մենք էլ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հույսներս կտրելով, դիմում ենք Հայաստանի գլխավոր դատախազությանը` Անահիտ Մակիչյանի բնակարանը խաբեությամբ խլելու խնդրի հետ կապված, ինչպես նաեւ Կոտայքի մարզի ղեկավարությանը` խնդիրը համակողմանի ուսումնասիրելու խնդրանքով:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4