«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2011-12-10 | #225, 2011-12-13 | #226, 2011-12-14


ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆ

Մինչ եվրոպական շուկայում ու Միացյալ Նահանգներում խոսում են տպագիր մամուլին սպառնացող ճգնաժամից, Հնդկաստանում տպագիր արտադրանքը շարունակում է զարգանալ:

Հնդկաստանում տպագրվող «Hindustan Times» օրաթերթի գլխավոր խմբագիր Սանջոյ Նարայանն առանձնացնում է մի քանի գործոններ, որոնցով պայմանավորված է հնդկական տպագիր մամուլի զարգացումը: Հնդկաստանում բնակչության զգալի մասը դեռեւս գրագետ չէ, բնակչության 52 տոկոսը փոքր է 25 տարեկանից: «Այսինքն մի զգալի հատվածը դեռ նոր է գրել-կարդալ սովորում», ասում է Սանջոյ Նարայանը: Հետեւաբար բնակչության կեսից ավելին չի կարդում ո՛չ ինտերնետային, ո՛չ էլ տպագիր մամուլ:

Հնդկաստանում դեռեւս ցածր մակարդակի վրա է նաեւ ինտերնետ հասանելիությունը: «Եթե համեմատենք ազգաբնակչության թվի հետ, ինտերնետից օգտվողները փոքր տոկոս են կազմում», ավելացնում է պարոն Նարայանը:

Սանջոյ Նարայանը, սակայն, Հյուսիսային Ամերիկայի անգլիախոս շուկայում աշխատող լրագրողներից առաջարկներ է ստացել, ովքեր ցանկություն են հայտնել աշխատելու Հնդկաստանում. «Քանի որ իրենց երկրներում` տպագիր մամուլում աշխատանք գտնել չեն կարողանում»: Շարունակելով խոսել տպագիր մամուլին սպառնացող ճգնաժամից` պարոն Նարայանը նշում է, որ պարբերաբար հետեւում է www. newspaperdeadpool.com կայքին, որը ներկայացնում է, թե աշխարհի նույնիսկ հեղինակավոր թերթերին փակվելու ինչ վտանգներ են սպառնում: Օրեցօր թերթերի համար դժվար է դառնում ոչ միայն տպագիր արտադրանքը վաճառելը, այլեւ գովազդներ ձեռք բերելը: Ապա անդրադառնալով կոնկրետ Հնդկաստանի փորձին` Սանջոյ Նարայանը նշում է` ինտերնետային գովազդի գները, համեմատությամբ տպագիր մամուլի գների, դեռեւս ցածր են:

«Hindustan Times»-ը Հնդկաստանի հեղինակավոր թերթերից է, տպագրվում է անգլերեն լեզվով: Հիմնադրվել է 1924-ին, 87 տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, սակայն այսօրվա դրությամբ «Hindustan Times Media» ՍՊԸ-ն պատրաստ է դառնալու Հնդկաստանի խոշորագույն մեդիա ընկերություններից մեկը: Այսօր ընկերությունը ողջ Հնդկաստանի տարածքում ավելի քան 700 լրագրողներ ունի, եւ լրագրողների գենդերային հավասարությունն ապահովված է: «Մեր աշխատակիցների գրեթե կեսը կանայք են, մյուս կեսը` տղամարդիկ», ասում է խմբագիրը: Իսկ նվազագույն աշխատավարձն ազգային թերթերում աշխատող լրագրողների, ըստ պարոն Նարայանի, կազմում է ամսական 15 հազար ռուփի` շուրջ 300 դոլար: «Hindustan Times»-ը թղթակիցներ ունի նաեւ Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Շրի -Լանկայում, իսկ թերթի օրական տպաքանակը կազմում է 3,5 միլիոն: Թերթը տպագրում է ակնարկներ, լուրեր ու վերլուծականներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտներին:

Ինչպես տեսնում ենք, Հնդկաստանում այսօր տպագիր մամուլն ազդեցիկ է ու շարունակում է զարգանալ, սակայն «Hindustan Times»-ի խմբագիրը կարծում է` ինտերնետային մամուլի հեղափոխությունը վաղ թե ուշ կհասնի եւ Հնդկաստան, ինչին պետք է պատրաստ լինել. «Կոնկրետ «Hindustan Times»-ն ունի նաեւ ինտերնետային ռազմավարություն, ինտերնետային առանձին բաժին, եւ խրախուսում ենք մեր լրագրողներին գրելու եւ առցանց տարբերակի համար` www. hindustantimes.com»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Նյու Դելի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4