«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ «ԱՆԵԿԴՈՏ». «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼՂ-Ն ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի»

Արդի եւ առհասարակ զարգացող աշխարհում ապրող ու ապրել ցանկացող ամեն ոք լավ է, որ իմանա`«ով Ադրբեջանի դեմ է, դեմ է ամբողջ աշխարհին», եւ որքան շուտ, այնքան ավելի լավ` հասկացողի համար: Այս տեսությունը ամենեւին էլ զուտ տեսություն չէ, այլ հատուկ մշակված քաղաքականություն է, որոշ ադրբեջանցի պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների համարՙ անգամ ապրելակերպ:

Օրինակ, դեկտեմբերի 8-ին ամերիկյան Chicopee Register օրաթերթում հոդված է լույս տեսնում Յադիգյար Մելիքով ստորագրությամբ: Վերջինս «ԱՄՆ-ի ադրբեջանցիների ցանց» հասարակական կազմակերպության անդամ է: Մելիքովը առաջարկում է ԱՄՆ ղեկավարությանը` «ֆինանսապես եւ առհասարակ չօժանդակել այն երկրներին, որոնք գործում են ԱՄՆ-ի դեմ»: Այ քեզ բան... «փաստորեն» ԱՄՆ-ի պես երկիրը մնացել է Բաքվից եկած «մելիքովների» հույսին, նախ որոշելու, թե ո՞ր երկրներն են իր դեմ գործում, հետո էլ` որոշելու, թե արժե՞ արդյոք «ֆինասնապես կամ առհասարակ օժանդակել նրանց»: Այնուհետեւ` հավանաբար արդեն իսկ ԱՄՆ քաղաքացի դարձած, սակայն հայրենասեր ադրբեջանցի մնացած Մելիքովը կոնկրետացնում է. «Ինձ անհանգստացնում է ԱՄՆ-ի անսահման ֆինանսավորումը այնպիսի երկրներին, որոնք աշխատում են մեր դեմ եւ սպանում են մեր զինվորներին»: Այդ «մենք»-ը ովքե՞ր են. դիմելով ԱՄՆ ղեկավարությանը եւ ասելով` «...սպանում են մեր զինվորներին», Մելիքովը նկատի ունի ամերիկացի՞, թե՞ ադրբեջանցի զինվորներին: Իսկ միգուցե ադրբեջանցի հասարակական գործչի համար ամերիկացի զինվորն ու ադրբեջանցի զինվորը նո՞ւյն են... Ավելի ուշ, Մելիքովը վերջապես բացում է «մենք»-ի գաղտնիքը. «Ես գիտեմ, որ արտասահմանյան երկրներին ֆինանսական օժանդակությունը կազմում է ԱՄՆ պետբյուջեի ընդամենը 1 տոկոսը, սակայն վստահ եմ, որ անգամ 1 դոլար չպետք է տալ այն երկրներին, որոնք աշխատում են ԱՄՆ-ի դեմ: Որպես ամերիկացի հարկատու ես հորդորում եմ դադարեցնել անհարկի ֆինանսավորումը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»: Այստեղ պարզվում է միանգամից երկու բան. նախ, որ Մելիքովը ԱՄՆ քաղաքացի է, քանի որ «ամերիկացի հարկատու է», ապա եւ ամենաուշագրավը` Մելիքովը, խոսելով որոշ երկրների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, տալիս է Հայաստանի եւ ԼՂ-ի անունը, անշուշտ, վերջինս նույնպես արդարացիորեն համարելով երկիր:

Հետո արդեն, խոսելով Հայաստանին ամենամյա ամերիկյան ֆինանսավորման մասին, Մելիքովը «բացում է պաշտոնական Վաշինգտոնի աչքերը». «Ամեն տարի Հայաստանը միլիոնավոր դոլարներ է ստանում ԱՄՆ-ից, սակայն այդ երկրում կենսապայմանները չեն բարելավվում, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն ամրապնդվում: Հետեւաբար ես առաջարկում եմ օժանդակել Ադրբեջանին ու Վրաստանին»: Այստեղ հարգարժան Մելիքովը ապացուցում է,որ «երկար ժամանակ» հայրենիքում չի եղել, որտեղ միայն «ազատություն» բղավելը բավական է, որ քեզ բանտ նստեցնեն, անգամ եթե դու հնգամյա աղջիկ ես: Բացի սրանից, նույն ԱՄՆ-ում գոյություն ունի 907-րդ` «Ազատությունը խրախուսող ակտը», որով ամերիկյան կառավարությանը արգելվում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին, ինչպես տեսնում ենք ակտի վերնագրից` «ազատությունը խրախուսելու համար»: Ի դեպ, Մելիքովը նաեւ սրա մասին գիտի եւ առաջարկում է անվավեր ճանաչել այն...Մնում է միայն, որ Սպիտակ տանը կամ «գոնե» պետքարտուղարությունում գնահատեն Մելիքովի խորհրդատվական կարողությունները եւ հրավիրեն աշխատանքի, մարդը «հաստատ» գիտի, թե որ երկրներն են «աշխատում ԱՄՆ-ի դեմ»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4