Քանի որ դա կլինի երկիրը «կլանային ցնցումից» զերծ պահելու միակ ուղին
Ադրբեջանի նախագահի հրամանագրով երկրի արտակարգ իրավիճակների նախարարության 4 աշխատակիցների շնորհվել է «վաստակավոր ինժեների» կոչում: Եվս երկու «արտակարգ» աշխատակիցների Իլհամ Ալիեւը շնորհել է գեներալ-մայորի կոչում եւ ամենակարեւորը` արտակարգ իրավիճակների նախարարությանը «տրանսպորտային նոր միջոցներ ձեռք բերելու նպատակով» նախագահի «պահուստային ֆոնդից» տրամադրել է 6 մլն մանաթ, եւս 4 մլն մանաթ նույն ֆոնդից` «անհատական պաշտպանության համար անհրաժեշտ պիտույք ձեռք բերելու համար»:
Այս տեղեկատվությանը մենք թերեւս չանդրադառնայիք, եթե Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարը չլիներ Քյամալադդին Հեյդարովը, որի նախագահական հավակնությունների մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք:
Փաստորեն, Իլհամ Ալիեւը «ինչ-որ» մի բան համաձայնեցրել է Հեյդարովի հետ` կապված գալիք տարվա նախագահական ընտրությունների հետ, հակառակ պարագայում ուղղակի այսպես չէր բացի իր պահուստային ֆոնդը, որքան էլ ԱԻ նախարարությունում իրոք լինեն «վաստակավոր ինժեներներ»: Բացի սրանից` չմոռանանք, որ հարեւան երկրում լուրջ խոսակցություններ են գնում, որ մինչեւ տարեվերջ «ազդեցիկ նախարարներից մեկը, որն այժմ խնդիրներ ունի, կզրկվի պաշտոնից», այս տեղեկություններին մենք նույնպես անդրադարձել ենք, որպես «ազդեցիկ ու խնդիրներ ունեցող նախարար» տալով նաեւ հենց Հեյդարովի անունը: Սակայն նախագահականի այս շռայլությունները Հեյդարովին թերեւս հանում են այս ցուցակից: Մյուս հավանական թեկնածուն մնում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, որին իր իսկ ոլորտին վերաբերող միջոցառումների են դադարել կանչելուց անգամ, եւ որի պաշտոնանկությամբ Իլհամ Ալիեւը «գերազանց» պատասխան կտա այն դժգոհություններին, որոնք կան Ադրբեջանում` կապված բանակում տիրող բարքերի հետ:
Սակայն վերջին իրադարձություններից ելնելով` նկատենք, որ հարեւան երկրում հայտնվել է եւս մեկ նախարար, որը ե՛ւ ազդեցիկ է, ե՛ւ խնդիրներ ունեցող: Խոսքը ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասին է: Որ վերջինիս նախագահականում չեն «սիրում», ապացուցվում է մի շարք հանգամանքներով: Օրինակ` Մամեդյարովը կարող է հայտարարել, որ «ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման լծակները դեռ չեն սպառվել», որից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն, օրինակ, կարող է ասել. «Մեր համբերության բաժակը սպառվել է»: Սա դեռ հերիք չէ, Իլհամ Ալիեւն անձամբ կարող է կոչ անել. «Մեր զինվորները պետք է պատրաստ լինեն ամեն վայրկյան հետ բերելու մեր պատմական հողերը»: Այսինքն` երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի եւ նախագահականի պաշտոնյաների, հաճախ էլ անգամ նախագահի հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրար, այլեւ սովորաբար հակասում են միմյանց, ինչը Մամեդյարովին հանելու հիանալի առիթ է: Բացի սրանից` այս քայլով Իլհամ Ալիեւը կստանա հրաշալի «ալիբի». «Մենք ԱԳ նախարար ենք փոխել, հետեւաբար մեզ ժամանակ է պետք, որպեսզի նոր նախարարը խորապես ուսումնասիրի այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին ԼՂ հարցով»: Թե ո՞ր ոլորտի պատասխանատուի հեռացումն է ձեռնտու Իլհամ Ալիեւին, ցույց կտա միայն ժամանակը, եթե, իհարկե, այդ «խանգարող» նախարարը Հեյդարովը չէր, որի հետ արդեն «լեզու գտնվեց»:
Դառնալով կրկին Քյամալադդին Հեյդարովի խնդրին, նկատենք, այդուհանդերձ այս «ենթադրյալ հաշտեցումը» խիստ տարօրինակ է, մասնավորապես չմոռանանք, որ Հեյդարովի խնդիրը ոչ այնքան Ալիեւի հետ է, քանի որ Քյամալադդին Հեյդարովի հայրը Հեյդար Ալիեւի մերձավորներից էր, որդիներ Ալիեւն ու Հեյդարովը համագործակցության ընդգհանուր հարթակ ունեն` ի դեմս «նախիջեւանյան կլանի», այլ` Փաշաեւների հետ է, որի ներկայացուցիչ Մեհրիբան Ալիեւա կըզը Փաշաեւան, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Հեյդարովից պակաս հավակնություններ հաստատ չունի: Հետեւաբար` հարեւան երկրի ԱԻՆ-ում միանգամից 4 «վաստակավոր ինժեների» ու 2 գեներալ-մայորի հայտնվելը նշանակում է, որ կամ Հեյդարովը հաշտվել է նաեւ առաջին տիկնոջ հետ, կամ Իլհամ Ալիեւը ուղղակի «վիճել է կնոջ հետ», ինչը Ադրբեջանի պարագայում ամենեւին էլ կենցաղային, անձնական հարցի շրջանակներում չի կարող մնալ:
Ամեն դեպքում անհնարին է թվում, որ Իլհամ Ալիեւը նախագահական երրորդ ժամկետին չգնա` այդ պաշտոնը զիջելով Հեյդարովին, քանի որ եթե Ալիեւը զիջի այդ պաշտոնը, ապա միայն կնոջը, որը ոչ մի դեպքում չի կարող աշխատել վարչապետ Հեյդարովի հետ, եթե անգամ կառավարության ղեկավարի պաշտոնը Հեյդարովին առաջարկած լինի Իլհամ Ալիեւը` թեկնածությունը հօգուտ Մեհրիբան խանումի չներկայացնելու կամ հանելու համար: Հետեւաբար` այստեղ կարելի է անել մեկ եզրակացություն. Իլհամ Ալիեւը գնալու է նախագահական երրորդ ժամկետի, քանի որ միայն այդ պարագայում հարեւան երկիրը զերծ կմնա միջկլանային «պատերազմից». Իլհամ Ալիեւ նախագահը միանշանակ ձեռնտու է նախիջեւանյան կլանին, անշուշտ` Փաշաեւներին, քանի որ վերջիններիս համար սկզբունքը հետեւյալն է` «եթե ոչ Իլհամը, ապա` Մեհրիբանը, կամ հակառակը», նաեւ Հեյդարովին, քանի որ ԱԻ նախարարը մենակ` առանց նախիջեւանյան կլանի, երկրում իշխանափոխություն անելու լծակներ չունի, իսկ նախիջեւանյան կլանը Իլհամ Ալիեւից պահանջում է միայն Փաշաեւներին նախագահի պաշտոնը չտրամադրել, ուրիշ ոչինչ: Հետեւաբար` Իլհամ Ալիեւը միայն երրորդ ժամկետին գնալով կբավարարի բոլոր կողմերին:
Մնում է միայն տեսնել Արեւմուտքի վերաբերմունքը այս ամենին, քանի որ գաղտնիք չէ, թե ինչ է կատարվում այն երկրների հետ, որոնց նախագահները մոռանում են իրենց ժամկետները: Բացառված չէ, որ անգամ Իլհամ Ալիեւը այս առումով որոշ երաշխավորություններ տվել է Արեւմուտքին, մասնավորապես, որ ինքը չի առաջադրվի երրորդ անգամ: Սակայն ինչպես մեկ այլ առիթով, ավելի կոնկրետ` վերհիշելով կազանյան եռակողմ հանդիպումը, արտահայտվել է հայտնի ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` «Գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիեւը հայտնի «քցող» է»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ