2012 թվականի հունվարին կտոնվեն խմբավար-երաժշտագետ Արսեն Սայեանի ծննդյան 80 եւ գործունեության 60-ամյակները: Արսեն Սայեան մշակույթի գործիչը իր նպաստը բերել է նաեւ հայ ազգային-կրթական կյանքին:
Կոմիտասիՙ «Ժողովուրդը երգով կկապվի իր արմատներին, իր ոգուն եւ իր պատմությանը» խոսքին ունկնդիր, նա իր գործունեությամբ մեծապես նպաստել է սփյուռքյան պայմաններում ազգային նկարագրի, մտածողության, կերպի պահպանմանը: Երգ-երաժշտությունն է հատկապես ի զորու այս առումովՙ ազգային երաժշտության մեջ թաքնված հոգեղեն-զգայական անբացատրելի-խորհրդավոր լիցքերով առավել ներազդեցություն գործելու մարդու ենթագիտակցական աշխարհի վրա:
Արսեն Սայեանը ծնվել է Հալեպում, նախնական ուսումն առել տեղի Մխիթարյան վարժարանում, ապա շարունակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի ճեմարանում: Ավելի ուշ հնարավորություն է ունեցել սովորելու Երեւանի պետական կոնսերվատորիայում, աշակերտել նշանավոր երաժիշտ-մանկավարժների: Հալեպի ազգային վարժարաններում հայոց լեզու եւ պատմություն է դասավանդել, ղեկավարել արական երգչախումբը: Յոթ տարի ղեկավարել է իր հիմնադրած «Շողական» 90-հոգանոց երգչախումբը: Երբ Միացյալ Նահանգներ է մեկնել, շատ չանցած հիմնել է «Քնար» համագաղութային երգչախումբըՙ ստանձնելով ազգային կյանքի զարկերակը արթուն պահելու ոչ դյուրին պարտականությունը: Նույն ոգով գործել է նաեւ ավելի ուշ նրա ստեղծած երկրորդՙ «Անի» երգչախումբը: 40 տարիների ինքնապահպանման-ազգապահպանման մաքառումներՙ ամերիկյան բազմազանության խելահեղ ռիթմի մեջ կարողանալ լսել, պահպանել ազգային մշակույթի տրոփները, շարունակել ու զարգացնել դրանք:
Երգչախմբային արվեստի միավորող, ամբողջացնող ուժը նա հիանալի է ըմբռնել եւ օգտագործելՙ հայրենիքում եւ սփյուռքում կատարվող բոլոր հիշարժան իրողություններին արձագանքել համերգային ծրագրերով, տարբեր բեմերից հնչեցնելով հայ երաժշտության երեւելիներիՙ Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Թաթուլ Ալթունյանի գործերը:
Մշակութային գործունեություն Սայեանը տարել է նաեւ Հայաստանում. տարբեր տարիների, երբ Երեւանի կոնսերվատորիայից հրավեր ստացավ, նա եկավ եւ գլխավորեց տեղի խմբավարական, հայ երգի ու նվագարանների բաժինների աշխատանքը, նաեւ նախագահեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի պետական քննությունների հանձնաժողովը: Ուշագրավ է նրա հասարակական գործունեությունը. բարեգործական համերգների հասույթներից նա մաս է հանել կոնսերվատորիայի շենքի բարեկարգման, «Հայ երաժշտության պատմություն» դասագրքի տպագրությանը, կարիքավոր ուսանողներին կրթաթոշակ տրամադրելուն: Այսպիսի գործունեությունն աննկատ չի անցել անշուշտ: «Դուք հայ երգարվեստի լուսեղեն խորանի սպասավորը եւ իշխանը եղաք», Ա. Սայեանի գործունեության 50-ամյակի շնորհավորանքում գրել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Հայաստանի կառավարությունը նրան պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ստացել է Կոմիտասի անվան հուշամեդալ, նրան շնորհվել է Երեւանի կոնսերվատորիայի Պատվավոր պրոֆեսորի կոչում:
Եվ ահա 80-ամյա հոբելյանի եւ 60-ամյա մշակութային գործունեության վաստակած կյանքի հանդիսավոր արձագանքըՙ իր հիմնադրած երկուՙ «Քնար» եւ «Անի» երգչախմբերի նախաձեռնությունը Վաշինգտոնի Սբ Մարիամ հայկական եկեղեցում, հունվարի 14-ին կայանալիք ձեռնարկովՙ ի պատիվ սիրելի Մաեստրոյի, ուսուցչի եւ մարդու:
Մ. Բ.