Գործարար Սիլվա Համբարձումյանը, որին վերջերս ապտակել էր Սյունիքի մարզպետը, միջադեպի առնչությամբ հատուկ քննչական ծառայության կայացրած որոշումից չի դժգոհում:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրենից 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում է գողացել: Սրանից հետո մարզպետը տիկին Համբարձումյանին «հոգեկան հիվանդ» է անվանել, ապտակել է: Ապա Սիլվա Համբարձումյանը դիմել է դատարան, ու հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) դեկտեմբերի 12-ի որոշումով գործը կարճվել է: Տիկին Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը բացատրում է, որ գործը կարճվել է 2 հիմքով` նախ մի անգամ ապտակելը ծեծ չի համարվում. «Երկրորդն էլ` սույն արարքը հանրային քիչ վտանգավորություն է ներկայացնում»:
Երեկ «Պոստ սկրիպտ» ակումբում` ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանը քրեական գործը կարճելու վերաբերյալ ասաց` գոհ է, որ մարզպետը զղջացել ու ներողություն է խնդրել:
Տիկին Համբարձումյանը դատաբժշկական փորձաքննության չի գնացել, ասում է, որ դրա համար ժամանակ չունի: Ու քանի որ մարզպետը զղջացել է, նրանց միջեւ առերեսում չի եղել: Այսօր Սիլվա Համբարձումյանի միակ պահանջը մարզպետից մնացել է իր սարքը կամ դրա փոխարեն 102 միլիոն դրամը վերադարձնելու պահանջը:
Մամուլում, սակայն, հաստատվեց, որ մարզպետը հայտարարել է, թե ինքը չի զղջացել: Սիլվա Համբարձումյանը զղջալ-չզղջալու հարցին հանգիստ է վերաբերվում . «Զղջումը հերքելու մասին թող մտածի դատախազությունը»: Ս. Համբարձումյանը կարծում է. «ՀՔԾ-ն գործը կարճեց ու խնայեց մարզպետին առաջիկա ընտրությունների համար»:
Թեեւ տիկին Համբարձումյանը քաղաքականության մեջ մտնել չի ուզում եւ համարում է, որ այն «կկեղտոտի իր հեղինակությունը», բայց եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչ-որ տեղ Սուրիկ Խաչատրյանը դնի իր թեկնածությունը, նույն տեղում դնելու է նաեւ տիկին Համբարձումյանը: «Սուրեն Խաչատրյանի դեմ իմ պայքարը շարունակվում է», ավելացրեց գործարարը:
Կատարվածի վերաբերյալ «Ազգը» երեկ փորձեց պարզաբանում ստանալ եւ մարզպետից, սակայն մարզպետարանից օրվա տարբեր ժամերին պատասխանեցին, թե նա տեղում չէ:
Ի. Պ.